Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի «ատկատները» Գիզիրյանի պաշտոնյա ընկերոջը դեռ չեն զարմացնում

Հոկտեմբեր 31,2012 21:24

Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի`  մեկ շաբաթ առաջ հրավիրած ու Վարդան Ղուկասյանին նվիրած ավագանու  հանրահայտ նիստից հետո, այս քաղաքում  խոսակցության միակ թեման նախկին քաղաքապետի  ու նրա շրջապատի կողմից թույլ տված «ատկատներն» են: Գյումրեցիներին մասնավորապես զարմացրել է այն, թե    Մինաս Ավետիսյանի որմնանկարները կիսաքանդ գործարաններից մեկի  պատերից ապամոնտաժող իտալացի վարպետն ու նրա աշակերտները ինչքան թանկ են նստել Գյումրու աղքատիկ բյուջեի վրա:

Ինչպես բարձրաձայնեց նորընտիր քաղաքապետ  Սամվել Բալասանյանը, Վարդան Ղուկասյանը  իրեն  պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցում  մի քանի (մեր տեղեկություններով  4-5 իտալացիների)  երկու օր հյուընկալելու համար իբրև թե ծախսել է 3 միլիոն 700 հազար դրամ:Այսինքն ստացվում է, որ օրական նրանցից  յուրաքանչյուրի վրա   ծախսվել է  925 հազար դրամ կամ 2283 դոլար: Ես սա այն դեպքում, երբ Վարդան Ղուկասյանի հյուրանոցում մեկ սենյակի մեկ օրվա  արժեքը սկսվում է 40 հազար դրամից, այսպես կոչված նախագահական սենյակներն էլ, որտեղ գումար են գանձում մարդաքանակով, մեկ անձի մնալու արժեքը 60 հազար դրամ է:

Այսօր Aravot.am -ը Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի մոտ ընկերոջից` Շիրակի մարզպետարանի  տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ են հիմա նոր բարձրաձայնում Վարդան Ղուկասյանի յուրացումների մասին, երբ նա արդեն պաշտոնաթող է,  մի՞թե իր ղեկավարած վարչությունը  Գյումրու քաղաքապետարանում  ժամանակին ստուգումներ չի անցկացրել կամ դժգոհություններ չի ստացել քաղաքապետ  Ղուկասյանի` այս կամ այն քանդակագործին, կազմակերպությանը ունեցած  պարտքերի մասին: Նշենք, որ  Շիրակի մարզպետարանի տարածքային  վարչությունը բավական ուշադիր է  այս հարցերի շուրջ, աշխատակիցները  անընդմեջ  շրջում են գյուղերը, ֆիքսում են`  որ գյուղապետարանում քանի աթոռ կա, քանի սեղան, անգամ գյուղապետերի անձնական պարտքերի չափը անգիր գիտեն: «Իհարկե,  մենք ստուգումներ անցկացրել ենք այնտեղ` 2-3 տարի առաջ, բայց դրանք իրավական ստուգումներ են եղել , այսինքն ուսումնասիրել ենք,  ստուգել ենք օրենքների կատարումները,  պահպանո՞ւմ են օրենքի պահանջները, իսկ նման ստուգումներով չես կարող հայտնաբերել յուրացումներ: Այնտեղ մասնագիտական ստուգումներ իրականացրեց Վերահսկիչ պալատը, որը և հրապարակել է  արդյուքները: Իսկ ահազանգեր, բողոքներ  այն մասին, թե  Վարդան  Ղուկասյանը պարտք է իրենց, մեր վարչությունը որևէ մեկից   չի ստացել»,-ասաց մարզպետարանի պաշտոնյան :

Մեր այն հարցին էլ` այդ ինչպե՞ս է, որ Տուֆաշենի գյուղապետի  անձնական պարտքերը   Աշոտ Գիզիրյանից էին ուզում, իսկ Վարդան Ղուկասյանի մասին որևէ  մեկը մարզպետարան բողոք չի ներկայացրել,   ռիսկ չեն արե՞լ նրա դեմ բողոքել , պարոն Աբրահամյանն  ասաց. « Տուֆաշենի դեպքը տարբեր է, գյուղապետը առանց ավագանու որոշման հողեր էր հատկացրել, իսկ Վարդան  Ղուկասյանի պարագայում բողոքավորները ասֆալտ անողներն են, քանդակագործները, այսինքն մարդիկ, որոնք պայմանագիր են կնքել քաղաքապետարանի հետ, իսկ եթե պայմանագիր են կնքել, այդքան գրագիտություն ունեն, որ հասկանան, թե ում բողոքեն: Նրանք մեզ չեն ահազանգել, որովհետև գիտակցել են, որ մարզպետարանն այս հարցում վերադաս չէ»:

Իսկ ինչպիսի՞ գնահատական  կտա մարզպետարանի տարածքային վարչության պետը Վարդան Ղուկասյանի  ղեկավարած կառույցում  ի հայտ  եկած «ատկատներին», դրանք, իր կարծիքով,  իրակա՞ն են և արդյո՞ք իրեն չեն զարմացնում: «Մինչև հաստատ համոզված չլինեմ, որ յուրացումներ եղել են, մինչև աուդիտ չանցկացվի ու փաստերը ի հայտ չգան, չխորանամ պատճառների մեջ, հասկանամ, թե ինչո՞ւ է այդպես, ես գնահատական չեմ տա , չէ՞  որ ընդամենը մի կողմին ենք լսել»,- այսպիսի դիվանագիտական պատասխան հնչեցրեց Աշոտ Գիզիրյանը մոտ ընկերը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031