Այսօր ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ԱԺ-ում հարց էր բարձրացրել, որ որակյալ բաճկոն պատգամավորները չեն կարողանում գնել, ներկայանալի չեն, ԱԺ-ում անհրաժեշտ գույք՝ տպիչ, գրիչ, սեղան, աթոռ, բազկաթոռ չկա:
Aravot.am-ը Գեղարքունիքի մարզպետ, նախկին պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ դուք ունե՞ք ներկայանալի ավտոմեքենա, բաճկոններ՝ պատվիրակների ընդունելու համար: Նա պատասխանեց. «Իմ աշխատավարձն ավելի քիչ է, քան պատգամավորի աշխատավարձը, բայց բոլոր ժամանակներում ես հայտարարել եմ, որ ես աշխատավարձով չեմ ապրում: Հանրապետությունում չունեմ որեւէ բիզնես: Ես ունեմ երկու եղբայր, որոնք արտերկրում են: Ժամանակին ես եմ ապրել եւ աշխատել Ուկրաինայի հանրապետությունում, այսօր մեր բիզնեսը ապրում է եւ շարունակվում է: Եթե երկու եղբայրս այնտեղ են, արդեն ձեզ համար հասկանալի է, որ ես ֆինանսական աջակցություն եմ ստանում նրանցից»: Մեր հարցին՝ հիմա ի՞նչ մեքենա եք վարում՝ մարզպետը պատասխանեց. «Ո՞րն ասեմ: Տարբեր: Եղբայրներս, որոնք Ուկրաինայում են, իրենք էլ ունեն մեքենա այստեղ, ես էլ ունեմ: Առայժմ իմ մեքենան եմ շահագործում, եթե անհրաժեշտություն լինի, նրանցն էլ կշահագործեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ