Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանին «բարոյական պարսավանքի» կենթարկեն

Հոկտեմբեր 31,2012 19:07

«Սամվել Ալեքսանյանը  խախտել է ԱԺ պատգամավորի էթիկայի կանոնները»`  Աժ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի այդ որոշումը քիչ առաջ, նիստի ավարտից հետո, հրապարակեց հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ խնդիրը ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ կապված միջադեպին է վերաբերվում: Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը  «Հարսնաքարի» միջադեպի առիթով բողոքի ակցիայի ժամանակ Գասպարիի ձեռքից խլել էր պաստառը, ինչից հետո Գասպարիին  հրել էին եւ նա հայտնվել էր գետնին:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, հանձնաժողովի որոշումն ամբողջությամբ կընթերցվի ԱԺ հերթական քառօրյային: Aravot.am-ի հարցին` որեւէ այլ պատասխանատվություն ենթադրվո՞ւմ է, որը կարող է կիրառվել Ալեքսանյանի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ վարչական բնույթի պատասխանատվություն ԱԺ կանոնակարգ -օրենքով սահմանված չէ : Այս դեպքում խոսքը միայն բարոյական պատասխանատվության մասին է, որը կարտահայտվի Էթիկայի հանձնաժողովի որոշումը ԱԺ նիստին հրապարակելու միջոցով. «Դա բարոյական նշանակություն ունի, որը տվյալ իրավիճակում այն է, ինչ նախատեսում է ՀՀ օրենսդրությունը»:

Լրագրողներից մեկի հարցին` արդյոք  բարոյական պարսավանքի ենթարկվելը զգաստացնող նշանակություն կունենա՞ Սամվել Ալեքսանյանի եւ մյուս պատգամավորների վրա, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կազդի՞ որոշումը, թե՞ ոչ, ես կարող եմ որպես Էթիկայի հանձնաժողովի նախագահ ասել, որ տվյալ իրավիճակում հանձանժողովն իրականացրել է այն լիազորությունը, որ իրեն վերապահված է ԱԺ կանոնակարգ օրենքով»:

Ինչ վերաբերվում է հարցին, թե ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանը չի ներկայացել հանձնաժողովի նիստին, Նիկոլ Փաշինյանն ասաց.«Բնականաբար, պարոն Ալեքսանյանը պատշաճ կարգով ծանուցվել է հանձնաժողովի նիստի օրվա, տեղի եւ ժամանակի մասին եւ ԱԺ կանոնակարգով իր ներկա լինելը իրավունք է եւ ինքն է որոշում` օգտվե՞լ այդ իրավունքից»: Նիկոլ Փաշինյանը նշեց նաեւ, որ Սամվել Ալեքսանյանը երկու անգամ հրավիրվել է  հանձնաժողով եւ եւս մեկ անգամ իրազեկվել, որ իր դիրքորոշումները կարող է ներկայացնել գրավոր կարգով: Սամվել Ալեքսանյանը, սակայն, չի արձագանքել:

«Կանոնակարգ- օրենքի համաձայն, որոշումը պետք է լինի գրավոր պատճառաբանված, եւ դա միայն արձանագրում չէ, թե պատգամավորը խախտել է էթիկայի կանոնները, թե ոչ: Հանձնաժողովը իրավիճակի վերլուծությամբ է հանդես եկել, եւ դա բավականին ծավալուն աշխատանք է» ,-այսպես պարզաբանեց  Նիկոլ Փաշինյանն այն, որ նիստը մոտ երեք ժամ տեւեց: Քննարկվել եւ մերժվել են նաեւ երկու այլ դիմումներ, որոնք, որեւէ պատգամավորի գործողություն չեն վիճարկել: Փաշինյանը նկատեց, որ մեր քաղաքացիներն այդքան էլ լավ չեն պատկերացնում հանձնաժողովի գործառույթները եւ իրենց են դիմում մարզպետների կամ այլ պաշտոնյաների հետ կապված հարցերով:

Տեղեկացնենք, որ հանձնաժողովը Սամվել Ալեքսանյանի կողմից պատգամավորական էթիկայի նորմերը խախտելու վերաբերյալ որոշումը կայացրել է չորս կողմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հանձնաժողովի վեց անդամներից մեկը` ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը, նիստի կեսից  դուրս եկավ եւ այլեւս չվերադարձավ: Ձեռնպահ քվեարկած պատգամավորի անունը Փաշինյանը չհրապարակեց` էթիկայի կանոններից ելնելով:

Լրագրողներից մեկի հարցին էլ, որ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Գասպարիին հրել եւ գետին է գցել մեկ այլ պատգամավորի` Առաքել Մովսիսյանի թիկնապահը, Մովսիսյանին ոչինչ չի՞ «սպառնում», Փաշինյանն ասաց, որ այլ պատգամավորի վերաբերյալ հանձնաժողովը որեւէ դիմում չի ստացել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031