1992թ. ծնված Ռ. Զ-ն այս տարվա հոկտեմբերի սկզբին Տավուշի մարզի Բերդ քաղաքում սեռական հարաբերություն է ունեցել 1998 թվականին ծնված, 14 տարին չլրացած աղջկա հետ: Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով (ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալը): Այս հոդվածով նախատեսվում է տուգանք` 200-400 հազար դրամի չափով կամ մինչեւ 2 տարի ազատազրկում: Իրավապահ աղբյուրներից տեղեկացանք, որ անչափահասի հետ սեռական հարաբերության փաստը հաստատվել է նաեւ գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ: Երիտասարդը փորձել է հեռանալ Հայաստանից, սակայն ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում: Դրանից հետո Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը մերժել է երիտասարդի նկատմամբ խափանման միջոցը կալանքն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: Անչափահասի հետ սեռական հարաբերություն ունեցած երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ