«Մտահղացումը իմն է, սակայն միայնակ չէի կարող իրականացնել: Ունենք մեծ ցանկություն, իսկ մտքերն ու հոգիները բաց են: Բացառիկ հնարավորություն է սիմֆոնիկ եւ ջազ երաժշտության համագործակցության համար, այն մեծ ցանկության շնորհիվ է ստեղծվել»,-նոյեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք Սիմֆո-Ջազ բացառիկ համերգի վերաբերյալ ասուլիսի ժամանակ այսօր նշեց «Կատուներ» քառյակի անդամ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը:
Նրա խոսքով ջազային մշակմամբ կմատուցվեն հայկական ջազ կատարումներ, հայկական ժողովրդական երգեր, նաեւ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Նյու Յորք-Երեւան ջազ քառյակի համատեղ ջազային կատարմամբ կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները:
Դիրիժոր Կարեն Դուրգարյանը կարծում է, որ առանց իր անվան նվագախումբը առավել լավ է հնչում, սակայն աշխատելու եւ համագործակցելու ցանկությունը շատ մեծ է.
«Ես պրոֆեսիոնալ ջազմեն չեմ, սակայն սիրում եմ ջազը, նրա երաժշտությունը, կուզենամ ավելին իմանալ: Մեծ ներուժ կա, որը պետք է օգտագործել: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մեկն է այն եզակի սիմֆոնիկ նվագախմբերից, որը շատ լավ յուրացնում և կարողանում է մատուցել ջազային երաժշտություն, նրանց հետ համագործակցելը իսկապես մեծ հաճույք է պատճառում»:
Կարդացեք նաև
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան/ և Նյու Յորք-Երևան ջազ քառյակի համատեղ սիմֆո-ջազ նախագծի Նյու Յորքից ժամանած քառյակի անդամներն են` Արի Ռոլանդը /կոնտրաբաս/, Զեյդ Նեսերը /ալտ սաքսոֆոն/ և Քեյթ Բալան /հարվածային գործիքներ/:
Զեյդ Նեսերը Հայաստանը համարեց իր 2-րդ տունը, նա եկավ 3 ամսով, սակայն մնաց 3 տարի եւ սկսեց ուսումնասիրել հայոց լեզուն:
Քեյթ Բալան նշեց, որ Հայաստանում երաժշտության շատ յուրահատուկ մշակույթ կա, և համերգն այդ մշակույթը բացահայտելու եզակի առիթ է.
«Տեսնում եմ ոչ միայ երաժշտություն, այլեւ աշխատանք, որը կյանքի մի մասնիկ է: Ջազային երաժիշտի համար հատուկ նվագելը մեծ իրադարձություն է»:
Ջազ քառյակի անդամ Արի Ռոլանդի համոզմամբ համագործակցությունը հիանալի է: Նվագախումբը հրաշալի զգում և նվագում է ջազ:
«Ցանկանում եմ այս թիմով մեկնել հյուրախաղերի ԱՄՆ և այնտեղ ներկայացնել յուրահատուկ մշակումները, ունենք խենթ մտքեր, որոնք կօգտագործենք: Այստեղ սովորել ենք հայկական ժողովրդական երաժշտություն եւ մատուցելու ենք հանդիսատեսին: Զգացողությունս մի տեսակ ջազային է»:
Համերգի ժամանակ կհնչեն Ջազի համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություններից Չարլի Փարքերի «Summer time»-ը, «Just Friends»-ը և այլ ստեղծագործություններ:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ