Հոկտեմբերի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Համահայկական հոգևոր և աշխարհիկ կազմակերպությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության նպատակը Հայաստանում գտնվող սիրիահայերի հիմնախնդիրների քննարկումն էր, այդ ուղղությամբ կատարված աշխատանքի գնահատումը և հիշյալ կառույցների կողմից առաջիկա անելիքների ճշգրտումը:
Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը ևս մեկ անգամ նշեց, որ սիրիահայերի հիմնախնդիրները ՀՀ նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում են, և արդեն ընդունվել են ՀՀ կառավարության, ինչպես նաև համապատասխան գերատեսչությունների՝ մեկ տասնյակից ավելի որոշումներ, կատարվել են օրենսդրական մի շարք փոփոխություններ:
Զեկույցով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նշվեց, որ սիրիահայերը հնարավորություն ունեն անվճար բուժօգնություն ստանալ առաջնային բուժսպասարկման ոլորտում, դյուրացվել է անձնագրերի և երկիր մուտք գործելու արտոնագրերի տրամադրման գործընթացը: Զրոյացված են փաստաթղթերի ժամկետանց լինելու պարագայում սահմանված տույժերը: Չեն գանձվում մեքենաների ժամանակավոր ներմուծման դեպքում սահմանված մաքսային վճարները: Երևանում գործում է սիրիական կրթական ծրագրով դպրոց, որտեղ սովորում է 270 աշակերտ, դասավանդում են սիրիահայ ուսուցիչներ: Սիրիահայերի կողմից ստեղծվել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է Հայաստանում գտնվող սիրիահայերի խնդիրների համակարգմամբ, նյութական աջակցության կազմակերպմամբ:
Կարդացեք նաև
Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման նպատակով գումարվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ձևակերպվել է առաջ քաշված հիմնախնդիրների ցանկը և ներկայացվել է ՀՀ վարչապետին:
Ըստ զեկույցների՝ նշանակալի աշխատանք է կատարել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, որը պատրաստակամություն էր հայտնել աջակցություն ցուցաբերել սիրիահայ ուսանողների ուսման վարձի, մարզերում բնակություն հաստատել ցանկացողների բնակարանի
վարձի վճարման հարցում: ՀԲԸՄ-ի տրամադրած գրասենյակային տարածքում գործում է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Համազգային հայ կրթական և մշակութային միության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը ներկայացրեց ՀՅԴ կողմից ստեղծված «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը՝ սիրիահայերին պարենամթերքով աջակցելու, շուրջ 60 տոննա սննդամթերք հավաքագրելու գործընթացի մասին:
Ըստ Հայ օգնության միության ներկայացուցիչ Նարինե Գալստյանի՝ յուրաքանչյուր ուրբաթ օր հանդիպումներ են կազմակերպվում «Արամ Մանուկյան» կենտրոնում, ճշգրտվում են սիրիահայերի պահանջներն ու ցանկությունները: Ըստ այդմ՝ շուրջ 220 սիրիահայի հագուստ և կոշիկ, 160 ընտանիքի պարենամթերք է տրամադրվել, առաջիկայում կբաժանվեն նաև ծածկոցներ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը տեղեկացրեց, որ վերանայումներ են կատարվել հիմնադրամի ծրագրերում, ըստ որոնց՝ նոյեմբերին հավաքվելիք գումարի 10 տոկոսը տրամադրվելու է Հայաստանում ապրող սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը:
ՀՄԸՄ «Հասկ» ՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ ծրագրեր են իրականացվում՝ սիրիահայ երիտասարդների հայաստանյան առօրյան կազմակերպելու ուղղությամբ:
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ ներկայացուցիչ Աիդա Խաչատրյանի տեղեկացմամբ՝ իրենց կողմից ծրագրեր են մշակվել և ներկայացվել Գերմանական կողմին՝ առավել կարիքավոր ընտանիքներին շուրջ 150 եվրո ամենամսյա օգնություն ցուցաբերելու նպատակով:
Ըստ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական ՀԿ ղեկավար Կամո Տեր-Պետրոսյանի՝ վերաձևակերպվել է իրենց գործունեությունը. շուրջ 50.000 դոլար հավելյալ ֆինանսավորում է հատկացվել սիրիահայերի առողջապահական խնդիրների համար: Հատուկ հրահանգով սիրիահայերի 1-14 տարեկան երեխաները սպասարկվում են արտահերթ և անվճար:
«Վերադարձ Հայաստան» ՀԿ նախագահ Վարդան Մարաշլյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը անհատական աշխատանք է տանում սիրիահայերի հետ, փորձում աջակցել նրանց աշխատանքի տեղավորման ուղղությամբ:
«Հայաստանյան կլոր սեղան» հիմնադրամի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենք համագործակցում են միջազգային կառույցների հետ՝ փորձելով նյութական աջակցություն ստանալ:
Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ նշանակալի գործունեություն են ծավալել նաև «Տաշիր» հիմնադրամը, Ռուսաստանի հայերի միությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը:
ՀՀ սփյուռքի նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց առանցքային մի քանի հիմնահարցերի վրա, ինչպիսիք են Հայաստանում գտնվող սիրիահայերի աշխատանքի տեղավորման, բնակարանով ապահովման հարցերը: Նախարարը նշեց, որ սիրիահայերի կողմից բարձրացված բոլոր ընդհանրական խնդիրները ստացել են համապատասխան լուծումներ,
մինչդեռ ժամանակի ընթացքում առաջանում են նոր խնդիրներ, որոնք անհապաղ ուշադրություն են պահանջում: Նախարար Հ. Հակոբյանը կարևորեց սիրիահայերի համար Հայաստանում սեփական գործ հիմնելու հնարավորության ստեղծումը, ինչը կնպաստի նաև աշխատատեղերի ավելացմանը:
Խորհրդակցության ավարտին ներկաները պատրաստակամություն հայտնեցին առավել համակարգված համագործակցել միմյանց հետ, նախանշվեցին հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ