«Արգելվում է դեղի այն գովազդը, որի պարունակած տեղեկատվությունը սպառողին համոզում է, որ դեղի օգտագործումը չի պահանջում բժշկի խորհրդատվություն, դեղը զուրկ է կողմնակի ազդեցությունից, այլ դեղերից ավելի արդյունավետ է, դրա օգտագործումը զգալիորեն կբարելավի առողջական վիճակը, իսկ չընդունելու դեպքում կվատացնի այն, կարող է օգտագործվել սննդի մեջ, գեղարարական եւ այլ նպատակներով»,-սա դեղերի գովազդի ներկայացվող պահանջներից մեկն է: Այսօր առողջապահության ազգային ինստիտուտում առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանը ներկայացրեց դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջների գրքույկը, որը հրատարակվել է քաղաքացիների եւ կազմակերպությունների իրազեկությունը բարձրացնելու նպատակով: Ըստ պարոն Սողոյանի, տեղեկացված լինելը նաեւ կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը. «Նախարարությունը քաղաքացիներին եւ կազմակերպություններին որոշակի ծառայություններ է մատուցում, դրանք են` լիցենզավորում, գովազդի թույլտվության տրամադրում, դեղորայքի ներմուծման եւ արտահանման թույլտվություն, լիցենզավորված կազմակերպությունների գրանցամատյանից տեղեկատվությունների տրամադրում: Քաղաքացին, եթե ցանկանում է որեւէ տեղեկատվություն ստանալ այս կամ այն կազմակերպության մասին, մուծում է սահմանված 3000 դրամ պետտուրքը եւ ստանում այդ տեղեկատվությունը: Այդ տեղեկատվությունը բաց է քաղաքացիների, կազմակերպությունների եւ պետական մարմինների համար»:
Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ այդ տեղեկատվությունը բաց չէ եւ չի տեղադրվում որեւէ կայքում, որպեսզի քաղաքացիները քաշքշուկների մեջ չընկնեն եւ ավելորդ մուծումներ չանեն, պարոն Սողոյանն ասաց, որ դա լիցենզավորման մասին օրենքի պահանջն է:
Գրքույկը հրատարակվել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում ծրագրի աջակցությամբ: Այն անվճար կբաժանվի քաղաքացիներին:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ