Լրահոս
Օրվա լրահոսը

Զեկույց՝ Բոլոնիայի գործընթացի արդյունավետությունը գնահատելու նպատակով

Հոկտեմբեր 31,2012 16:52
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների առկա վիճակը և հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում» զեկույցի շնորհանդեսը: Զեկույցն իրականացվել է անկախ փորձագիտական խմբի կողմից: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շեշտել է, որ զեկույցի նպատակն է Բոլոնիայի համակարգում  Հայաստանի ձեռքբերումների և եղած խնդիրների արձանագրումը:

Կարևորելով զեկույցի անհրաժեշտությունը՝ նախարարն ընդգծել է. «Շատ կարևոր է, որ զեկույցը կազմվել է անկախ   փորձագետների կողմից: Վերջին տարիներին առաջին անգամ նախարարությունը Հայաստանի լավագույն անկախ փորձագետներին խնդրել է անաչառ կարծիք հայտնել Բոլոնիայի գործընթացում Հայաստանի զբաղեցրած տեղի մասին: Այս զեկույցով անկախ փորձագիտական հանրույթը պետության համար դառնում է կարևոր աշխատանքի նյութի հեղինակ և կրթական քաղաքականության իրականացման կարևորագույն գործընկեր: Զեկույցը բարձրացնում է առկա խնդիրները եւ նոր հարցադրումներ առաջադրում: Զեկույցը, բնականաբար չի կարելի դիտարկել  վերջին ատյանի ճշմարտություն. փորձագետներն իրենց կարծիքները զետեղել են խորհրդատվական շրջանակի մեջ: Բայց զեկույցը լուրջ հիմք է հանդիսանում՝ ՀՀ-ում բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների ընթացքը ճշգրտելու, բարեփոխումներն ավելի նպատակային դարձնելու և ավելի արդյունավետ հիմքերի վրա դնելու ուղղությամբ»: Շեշտելով, որ Հայաստանն ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ  Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում լիարժեք ներգրավվելու ուղղությամբ իրականացվել են բազմաթիվ կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ, որոնք կարող են արձանագրվել որպես  նվաճումներ, սակայն զուգահեռ կան նաև բազմաթիվ խնդիրներ և անելիքներ. «Հայաստանն իրականացրած բարեփոխումների արդյունավետությամբ Բոլոնիայի համակարգում ընդգրկված  եվրոպական երկրների շարքում միջին դիրքեր է գրավում, իսկ ԱՊՀ երկրների սանդղկում մենք առաջատարներից ենք: Արձանագրված արդյունքները մեզ չեն բավարարում, մենք ունենք առավել հավակնոտ նպատակներ,- նշել է նախարարը և հավելել, որ ունենք  նոր անելիքներ և մարտահրավերներ, ինչպես նաև՝ խիտ, ծավալուն և դժվար իրականացվող օրակարգ, որպեսզի Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը դառնա Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անբաժանելի և լավագույն մասերից մեկը, ինչպես նաև՝ բարեփոխումների ծավալով համապատասխանի եվրոպական կրթական տարածքի որդեգրած ուղենիշներին:

Հեղինակային խմբի ներկայացուցիչ անկախ փորձագետ Յուրի Սարգսյանը հակիրճ ներկայացրել է զեկույցի հիմնական կառուցվածքը, բարձրացված հարցադրումներն ու կիրառված մեթոդաբանությունը: «Մեր առջև դրված խնդիրներից էր՝ համաեվրոպական կտրվածքով կատարել Բոլոնիայի տասնամյա գործընթացի ամփոփում, վերլուծել հայաստանյան բուհական համակարգում Բոլոնիայի գործընթացի բարեփոխումները: Ուսումնասիրության առարկաներից էր եռաստիճան բարձրագույն կրթական համակարգը և դրան առնչվող ծրագրային բարեփոխումներն ու որակի ներքին ապահովումը»,-նշել է փորձագետը:
Նախագծի ղեկավար, ԵՊՀ պրոռեկտոր Արմեն Բուդաղյանը ներկայացրել է զեկույցի շրջանակում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Նշվել է, որ զեկույցը կազմված է երեք մասից: Առաջին մասում ներկայացված են Բոլոնիայի գործընթացի հիմնական արդյունքները և նոր գործընթացի հիմնական ուղենիշները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում, երկրորդ մասում ի մի են բերված հիմնական արդյունքներն ու բացթողումները ՀՀ բուհերում, իսկ երրորդ մասում նախանշված են զարգացման հիմնական ուղենիշները:
Զեկույցը կազմվել է «Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տրամադրած «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի ներկա իրավիճակի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ վերլուծություն» անվանակարգով դրամաշնորհային նախագծի շրջանակում, իսկ զեկույցի հրատարակությանն աջակցել է Հայաստանում «Տեմպուսի» գրասենյակը:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031