Արդեն մեկ ժամ է, խորհրդարանում էթիկայի հանձնաժողովը դռնփակ քննարկում է անցկացնում: Նիստի օրակարգում է նաեւ Վարդես Գասպարի-Սամվել Ալեքսանյան հակամարտությունը եւ դրա հետագա ընթացքը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ խորհրդարանի Դեմիրճյան մուտքի մոտ ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խլել էր ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի ձեռքի պաստառը: Դեպքի առիթով Վարդգես Գասպարին դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողով:
Մեկժամյա քննարկումից հետո Վարդգես Գասպարին, ով հրավիրվել եւ մասնակցում էր նիստին, դուրս եկավ եւ հրաժարվեց նիստի վերաբերյալ մանրամասներ հրապարակել: Ասաց, որ ԱԺ կանոնակարգը արգելում է եւ ինքն էլ կոռեկտ չի համարում շրջանցել կանոնակարգը:
Aravot.am-ի հարցին՝ ընդհանուր առմամբ Ձեզ գոհացրե՞ց նիստի ընթացքը, Վարդգես Գասպարին պատասխանեց. «Սա հանձնաժողովի հետ կապված չի, բայց կարող եմ ասել, որ այդ դեպքից հետո նորից ցույց եմ արել Ազգային ժողովի առջեւ եւ ոչ մի պատգամավոր ինձ չի հրել»: Գասպարին մտահոգված է նաեւ ՀՀ այլ քաղաքացիների խոսքի ազատության պաշտպանությամբ եւ խոստանում է իր հնարավորությունների սահմաններում պայքարել նաեւ դրա համար. «Վերջերս սպանված զինվոր Վալերի Մուրադյանցի մորը ոստիկանները կոկորդից բռնեցին, սեղմած ետ շպրտեցին: Ցավոք, ոչ բոլորն են կարողանում պաշտպանել իրենց իրավունքները»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հանձնաժողովի այսօրվա նիստում Վարդգես Գասպարի-Սամվել Ալեքսանյան հակամարտության հանգուցալուծումն է տրվելու: Հարցը հանձնաժողովի նիստում ներկայացնում է ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ