Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Վահե Ավետյանի սպանության գործով մեղադրվող Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Բաղդասարյանի, Դավիթ Ադամյանի, Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ամբաստանյալները տեղավորվեցին իրենց պաշտպանների կողքին, սեղանների շուրջ, իսկ տուժող Արտակ Բայադյանը ցուցմունք տվեց: Ռազմական բժիշկ, վիրաբույժ Արտակ Բայադյանին բացատրվեց նրա իրավունքներն ու պարտականությունները: Նա ճանաչում էր ամբաստանյալներից բոլորին: Արտակ Բայադյանն ասաց, որ այս տարվա հունիսի 17-ին իր ընկերոջ՝ Արկադի Աղաջանյանի ծննդյան օրն էր, Վահե Ավետյանն առավոտյան զանգել է իրեն եւ որոշել են գնումներ կատարել Զեյթունում գտնվող «Երեւան Սիթիից»: Ինքն ուշացումով մոտեցել է նրան եւ ուղեւորվել Արզնու ձորի ուղղությամբ եւ քանի որ ժամը 14.30-ին մոտենալով Արզնու ձորին, ճշտել է, որ այդ օրը զբաղված է: Կարողացել են տեղավորվել ինչ-որ տաղավարում, 16.30-ի սահմաններում եւ բարձր տրամադրությամբ պատրաստել են խորոված, նշել ընկերոջ ծնունդը: Ըստ Արտակի, ժամը 20.30-ի սահմաններում, քանի որ լուսավորություն չկար, մթնշաղ էր եւ տրամադրվել էին երաժշտություն լսել, տաղավարից դուրս են գալիս եւ հիշում «Հարսնաքարի» երգիչ Դավիթին, որին ինքն ու Վահեն վիրահատել էին երկու ամիս առաջ: 21.30-ի սահմաններում «Հարսնաքարի» մուտքի մոտ նրանց դիմավորել է երգիչ Դավիթը, իրենք պատվիրել էին բացօթյա սրահում սեղան, իսկ երգիչը գնալով ասում է. «Փակ զալում եմ երգելու»: 6 հոգով նստում են սեղան, Վահեն գնում է ձեռքերը լվանալու, 5 րոպե անց վերադառնում է անտրամադիր եւ ասում, որ տաբատի շուրջ խոսակցություն կա: Վահեն հաշիվը վճարում է, մատուցողին հարցնում է, թե մինչեւ քանիսն են աշխատում՝ 12-ը: Արկադիի հետ Վահեն գնում է տաբատը փոխելու, իսկ իրենք մնում են «Հարսնաքարում»: Արտակ Բայադյանը հայտնեց, որ Էդգարը զրուցում էր մենեջեր Գարիկի հետ: Ինքը լսել էր հարց՝ «ձեզանից ո՞վ է հայհոյել»: Բայց որեւէ բան մտքով չի անցել, բարձր տրամադրությամբ փորձում են իրենց օրը շարունակել: Նշենք, որ ըստ տուժողի, Վահեն ջինսե տաբատ էր հագել: «Վահեի գալուց 10 րոպե հետո սեղանին մոտեցավ մատուցող Դավիթը… ֆիքսեցի՝ «կարող ա՞ գլխարկով էլ չի կարելի», Դավիթն ասաց՝ «կարող ա՞ կայֆավատ եք լինում», Վահեն՝ «Չէ, եկել ենք ժամանակ անցկացնելու»,- շարունակեց Արտակ Բայադյանը:
Նա նկարագրեց, թե ինչպես է Վահեն ժպիտով գնացել մատուցողի ետեւից եւ որոշ ժամանակ անց իրենք էլ դուրս գալով, տեսնում են, որ Վահեն կքանիստ վիճակում էր, ձեռքը դեմքին, քիթն էր պահում, որից արյուն էր հոսում: Ըստ տուժողի, թիկնապահ Նորայրը դիմում է իրենց, ասելով. «Տղերք ջան, ժողովուրդը ուրախանում է, ամոթ է, դուրս գանք»: Ոչինչ չմտածելով՝ տղաները դուրս են գալիս «Հարսնաքարի» ավտոկայանատեղի: Արտակ Բայադյանն ասաց, որ 15-20 հոգի իրենց շուրջը խմբավորվել էին, ամրակազմ, թիկնեղ, բարձրահասակ, ինչ-որ մեկը թիկնեղներից փորձել է իր ձեռքը բռնել.«Լրիվ ուրիշ ուղղությամբ էր գնում խոսակցությունը»: 15-20 հոգին, ըստ տուժողի, ուշագնացության աստիճան հարվածում էին իրենց: Ըստ Բայադյանի, հիմնականում խփում էին գլխին ու դեմքին, մինչեւ բոլորն ուշագնաց են եղել: Միակ արտահայտությունը, որ նա լսել է՝ «լավ, մեռավ, էլ մի խփեք»: Ա. Բայադյանն ասում է, որ իրեն գիտակցության է բերել Էդգարը: «Առատորեն արյուն էր հոսում դեմքիցս, տեսա հագիս մայկա չկա, կոշիկները հագիս չէր… մեր շուրջը ասես անապատ լիներ… ոտաբոբիկ վազեցի Վահեի մոտ, գիտակցություն չկար, ռեակցիա չկար, պուլսը շոշափեցի՝ քիչ հաճախականությամբ էր: Արկադին վազեց սրահ՝ մեքենայի բանալիները վերցնելու… Արագ հասցրինք Մուրացանի հոսպիտալ… Ճանապարհին զանգել եմ մեր բժիշկներին, պատգարակով բարձրացրել 3-րդ հարկ, միացրել արհեստական շնչառություն Վահեին… Անհնարինն արվեց, բայց հրաշք տեղի չունեցավ»,- ասաց Արտակ Բայադյանը: Ցուցմունքն ավարտվեց, սկսվել է տուժողի հարցաքննությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև