«Առավոտ երիտասարդականն» այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում էր: Շրջեցինք Կառավարման ֆակուլտետով եւ ուսանողներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է իրենց անհանգստացնում համալսարանի ներսում: Նրանց մի մասը հրաժարվեց մեր հարցերին պատասխանելուց, իսկ մի քանիսն էլ պատասխանեցին, սակայն չներկայացան:
Առաջին կուրսեցիներից մեկը դժգոհեց ծրագրային առարկայից` Տեխնոլոգիայից: Ըստ նրա, դա ընդհանրապես կապ չունի իրենց մասնագիտության հետ: Համալսարան ընդունվելիս մտքով չի անցել, որ պետք է սովորի, թե քաղաքի հիմքը ի՞նչ շինարարական գործիքներով, նյութերով պետք է կառուցվի, ի՞նչ գրունտային միջոցներ պետք է կիրառվեն, թուջն ու պողպատը քանի՞ աստիճանի տակ պետք է ձուլեն…
«Առավոտ երիտասարդական»-ը զրուցեց նաեւ ՀՊՏՀ Կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնակատար Վարդան Վլասյանի հետ: Նա նշեց, որ Տեխնոլոգիա առարկան մտցված է պարտադիր ուսումնական ծրագրի մեջ, եւ դրա պետք լինել, չլինելու հարցը որոշում են ավելի գիտակից մարդիկ. «Կառավարման բաժնի ուսանողները հաստատ չեն կարող ասել, որ հետագայում կաշխատեն բանկում: Հնարավոր է, որ նրանք աշխատանքի անցնեն այնպիսի մի արտադրական ձեռնարկությունում, որ հետագայում այդ տեխնոլոգիաները իրենց պետք գա»,- ասաց նա:
Ուսանողներից մեկն էլ բողոքեց մի դասախոսից, ով բարձր է գնահատում կիրովականցիներին (վանաձորցիներին-հեղ.). «Կիրովականցի՞ ես, ուրեմն քեզ բարձր եմ դնում»,- ասել է դասախոսը:
Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ տվյալ դասախոսը նույնպես Կիրովականից է (Վանաձորից):
Վարդան Վլասյանը նույնպես դասախոս է ու ասում է, որ նման խտրականություն չի դնում, եւ վստահ է` մյուսներն էլ չեն դնում: Իրենք առաջին հերթին գնահատում են գիտելիքը: Նա առաջին անգամ է լսում նման խնդրի մասին եւ եթե կա այդպիսի բան, ապա իրենք անպայման կզբաղվեն դրանով:
«Ի՞նչ կապ ունի, թե ով որտեղից է: Մենք բոլորս իրար հայրենակից ենք ու եթե մի դժբախտություն պատահում է մի երկրի հետ, կապ չունի կիրովականցի ենք, թե գյումրեցի, բոլորս միամուռ լուծում ենք դա»,- ասում է Վ. Վլասյանը:
Արամ Արարատյան