Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարվեստի քոլեջի ժամանակավոր պաշտոնակատար. Ես աշխատանքի խնդիր չունեմ

Հոկտեմբեր 31,2012 15:50

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրեն Նարեկ Առուշանյանի մահից հետո սեպտեմբերի 1-ին տնօրենի ժամանակավոր  պաշտոնակատար նշանակվեց Գեւորգ Սողոմոնյանը, մեկ ամիս անց, Սողոմոնյանին փոխարինեց Առուշանյանի այրին՝ Աննա Մնացականյանը: Մամուլը   բացասական լույսի ներքո անդրադարձավ այս փոփոխությանը, նշելով, որ Աննա Մնացականյանը Թերլեմեզյանի հետ որեւէ կապ չունի, բացի  Նարեկ Առուշանյանի կինը լինելուց, գրվեց, որ նա չունի նաեւ մանկավարժական կրթություն:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Մնացականյանը նշեց, որ ճիշտ է, ինքը առաջին մասնագիտությամբ ծրագրավորող է, բայց ատենախոսություն է պաշտպանել ազգագրության թեմայով եւ 7 տարվա փորձ ունի սոցիալական ոլորտում: Նա փաստեց, որ լինելով ՀՕՄ-ի ատենապետուհի, աշխատել է մանկատան շուրջ 300 սաների հետ, ու հիշեցրեց, որ ինչպես արեւմտյան, այնպես էլ խորհրդային մանկավարժները մանկատան տնօրեններ ու վարիչներ են եղել, ինչպես Մակարենկոն, Օդոեւսկին, Պեստալոցցին:

«Մշակութային ընտանիքում եմ ծնվել՝  հայրս գրող էր, չնայած  ուներ տեխնիկական կրթություն, մայրս Լիսիցյանների գերդաստանից է, կնքահայրս՝ Վիլյամ Սարոյանն է, ամուսնանալուց հետո էլ հայտնվել եմ մշակութային ընտանիքում:  14 տարի ամուսնուս հետ միասին բնակվել եմ Քոչարի 13 հասցեում՝ նկարիչների արվեստանոցների շենքում: Այսինքն՝ իրականության մեջ իմ ամբողջ մթնոլորտը եղել է մշակութային եւ  նկարիչների հետ շատ հաճախ եմ նույն օդը շնչել»,-նշեց Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրենի պաշտոնակատարը ու  փաստեր բերեց, թե ինչպես է տարիներ շարունակ կապված եղել կրթօջախի հետ եւ հիմա ինչ է փոխվել՝ իր գալուց հետո:

«Ես շատ բարձր վարձատրվող աշխատանք ունեի, ու աշխատանքի հարց լուծելու խնդիր չունեմ: Ծրագրեր էի բերում, ինձ այդ դաշտում ճանաչում են: Ես աշխատել եմ անընդհատ փոխվող սոցապ նախարարների ու վարչապետի հետ, ընդ որում՝ դա չի եղել քաղցր-մեղցր հարաբերություն, բանավեճերի արդյունքում շատ լավ ծրագրեր են ծնվել: Ես եկել եմ, որովհետեւ քոլեջում կար խնդիր, ու քանի որ իմ ամուսինը իր վերջին 5 տարիները ուղնուծուծով տրվեց Թերլեմեզյանին, ես չեմ կարող անտեսել էդ էներգիան ու հոգին, որ ներդրվել է: Ու եթե ինչ-որ բան պիտի շարունակվի, կուզենամ, որ հենց իր նախագծած ծրագրերը շարունակվեն»,- ասաց տիկին Մնացականյանը:

Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031