Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը լույս է ընծայել «Վավերագիր հայ ճարտարապետության: 1: Թբիլիսիի Սբ. Նշան Սբ. Նիկողայոսի եկեղեցի» գրքույկը: Այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Գրքույկը ներառում է բոլոր փաստերն ու արձանագրություններն այն մասին, որ Սբ. Նշանը հայկական եկեղեցի է:
Կարապետյանը տեղեկացրեց, որ ըստ վրացական կողմի՝ Սբ. Նշանը կառուցվել է վրաց ուղղափառ եկեղեցու տեղում. «Դա մերկապարանոց հայտարարություն է եւ հիմքեր չունի: Մատենագրական նյութերը փաստում են, որ գրավոր տեղեկություններ կան 17-րդ դարում Սբ. Նշան եկեղեցու գոյության մասին: 1673թ.-ին ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը իր գրություններում հիշատակում է չորս հայկական եկեղեցի, այդ թվում՝ Սբ. Նշանը: Վերջին հրդեհներից հետո, երբ փլուզվեց եկեղեցու հարավային ավանդատունը, ի հայտ եկան արձանագրություններ, որոնք մնացել էին Սբ. Նշանի տեղում կառուցված հին եկեղեցուց: Մինչ այդ դրանք հայտնի չէին, բայց գտնվելուց հետո պարզ դարձավ, որ եկեղեցին հայկական է. արձանագրությունները փաստում էին անգամ ճարտարապետ Նավասարդի մասին, ով այդ թվականներին կառուցել է նաեւ այլ եկեղեցիներ»:
Վրացական կողմի այն նկատառումը, թե հայերը չեն ունեցել Նիկողայոս անունով սուրբ, Սամվել Կարապետյանը նույնպես անհիմն համարեց. «Դադիվանքում կա որմնանկար՝ «Նիկողայոս Հայրապետն» գրությամբ»:
Կարդացեք նաև
Կարապետյանը նաեւ ասաց, որ գրքույկի որոշակի քանակություն ուղարկվելու է Վրաստան. «Վրաստանի թեմի առաջնորդին ասել են, որ եթե ապացուցվի Սբ. Նշանի հայկական պատկանելությունը, եկեղեցին «կփոխանցվի» հայերին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ