Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը լսել է տեղական արտադրողների առաջարկները

Հոկտեմբեր 31,2012 14:39

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր «Տոսպ» ընկերությունում հայրենական արտադրողների հետ է հանդիպել: Փակ խորհրդակցությունից հետո հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը լրագրողներին ասաց, որ վարչապետին են ներկայացրել փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) խնդիրները. «Գործող կարգ կա, որ 300 միլիոն դրամից ավելի սարքավորումներ Հայաստան ներկրելու դեպքում,ձեռնարկությունները 3 տարով ազատվում են ավելացված արժեքի հարկը վերադարձնելուց, բայց ՓՄՁ-ները չեն օգտվում այդ արտոնությունից: Խնդիր դրեցինք կառավարության առջեւ, որ շեմը իջեցվի կամ ՓՄՁ-ի համար սահմանվեն կարգեր, որ նրանք կարողանան իրենց գործառույթների համար սարքավորումներ ներկրելու դեպքում ավելացված արժեքի հարկ չմուծեն»: Նրա խոսքերով, վարչապետը խոստացել է մտածել ու հնարավորության դեպքում աջակցել:

Պարոն Սաֆարյանի խոսքերով, ՓՄՁ-ների հաջորդ խնդիրը, որը վարչապետին ներկայացրին, ծախսերը հիմնավորելու համար շատ տեղեկանքների պահանջն է . «Այդ տեղեկանքները երբեմն առիթ են դառնում հարկային մարմինների կողմից լրացուցիչ ստուգումների, թե արդյոք նրանք 3-րդ կողմից ձեռք չեն բերել սարքավորումները կամ տարբեր ապրանքներ,ծառայություններ, որը որ 80 տոկոսի սահմանը անցնելու դեպքում մեխանիկորեն տեղափոխվում է ավելացված արժեքի հարկ վճարողի դաշտ: Վարչապետին խնդրեցինք քննության առնի, որ այդ ոլորտում աշխատողների համար սահմանվի պարզեցված հարկ կամ 3-3,5 տոկոսի սահմաններում հարկ վճարեն շրջանառությունից: Սա եւս ընդունվեց, որովհետեւ նման մոտեցում կառավարությունն ուներ»:

Նրա խոսքերով, փոքր ու միջին բիզնեսի դաշտում աշխատող արտահանողները ԱԱՀ վերադարձնում են 90 օրվա ընթացքում. «Առաջարկեցինք, որ տեղական արտադրությունից արտահանված ապրանքների համար ստուգումների այդ 90- օրյա ժամկետն իջեցվի 30 օր: Եկող տարվա բյուջեում 300 միլիոն դրամ է նախատեսվել արդյունաբերության խթանման համար: Առաջարկեցինք այդ գումարը ընդգրկել արդյունաբերության հիմնադրամում, որին մասնակից լինեն նաեւ տեղական ապրանք արտադրողները եւ ծառայեցնել այդ գումարը արդյունաբերական խնդիրների համար»:

Թե ինչու է վարչապետի հանդիպումը կազմակերպվել «Տոսպ»-ում, պարոն Սաֆարյանն ասաց, որ «Տոսպի» տնօրենը նախօրեին վարչապետի հետ հանդիպման ժամանակ թեթեւ արդյունաբերության վերաբերյալ հայեցակարգ ընդունելու հարց է բարձրացրել. «Մինչեւ 88 թիվը զարգացած թեթեւ արդյունաբերություն ենք ունեցել , իսկ հիմա թեթեւ արդյունաբերությունը վերջին 8 ամսվա տվյալներով, 702 միլիարդ դրամի արդյունաբերական ծավալի մեջ 0,55 տոկոսն է կազմում: Տարեկան մոտ 500 միլիոն դոլարի Չինաստանից ու Թուրքիայից թեթեւ արդյունաբերական ապրանքներ ենք ներմուծում, որը մեր նման երկրի համար պատվաբեր չէ: Վարչապետը խնդիրներին մոտիկից ծանոթանալու համար է եկել ու այսօր էկոնոմիկայի նախարարին հանձնարարեց համահավաքագրել թեթեւ արդյունաբերող 10 ձեռնարկությունների ուժերը ու նրանց եւ պետության մասնակցությամբ լրացուցիչ հիմնադրամ ստեղծելու : Մենք էլ առաջարկեցինք, արդյունաբերությանն ուղղված հայեցակարգը եւ արտահանմանն ուղղված քաղաքականությունը ամրապնդվի օրենքով»:

Տ. Սարգսյանը Էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է քննարկել եւ ԱԺ ներկայացնել արդյունաբերության զարգացման օրինագիծ :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031