Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. անկախ փորձագիտական զեկույցում գրվածը վերին ատյանի ճշմարտություն չէ

Հոկտեմբեր 31,2012 14:06

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցավ «Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների առկա վիճակը և հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում» զեկույցի շնորհանդեսը։

Կրթության անկախ փորձագետ Յուրի Սարգսյանը հայտնեց, որ զեկույցը ստեղծվել է «Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոն» հ/կ-ի կողմից՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տրամադրած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի ներկա իրավիճակի եւ Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ վերլուծություն» անվանակարգով դրամաշնորհային նախագծի շրջանակում, իսկ զեկույցի հրատարակության խնդիրներին աջակցել է Հայաստանում «Տեմպուս» գրասենյակը:

«Մեր առջեւ դրված խնդիրներից էր՝ համաեվրոպական կտրվածքով կատարել Բոլոնիայի տասնամյա գործընթացի ամփոփում, վերլուծել հայաստանյան բուհական համակարգում Բոլոնիայի գործընթացի բարեփոխումները: Ուսումնասիրության առարկաներից էր եռաստիճան բարձրագույն կրթական համակարգը եւ դրան առնչվող ծրագրային բարեփոխումները եւ որակի ներքին ապահովումը»,-ասաց փորձագետը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն արձանագրեց, որ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտերգրման ճանապարհին Հայաստանն ունի ինչպես նվաճումներ, այնպես էլ՝ չլուծված խնդիրներ. «Կան նոր անելիքներ եւ մարտահրավերներ, ինչպես նաեւ՝ խիտ, ծավալուն եւ դժվար իրականացվող օրակարգ, որպեսզի Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը դառնա Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անբաժանելի եւ լավագույն մասերից մեկը, ինչպես նաեւ՝ բարեփոխումների ծավալով համապատասխանի եվրոպական կրթական տարածքի որդեգրած ուղենիշներին»:

Խոսելով զեկույցից՝ նախարարն ասաց, որ վերջին տարիներին առաջին անգամ նախարարությունը Հայաստանի լավագույն անկախ փորձագետներին խնդրել է անաչառ կարծիք հայտնել Բոլոնիայի գործընթացում Հայաստանի զբաղեցրած տեղի մասին. «Այս զեկույցով անկախ փորձագիտական հանրույթը պետության համար դառնում է կարեւոր աշխատանքի արդյունք դարձած նյութի հեղինակ: Ակնհայտ է, որ զեկույցը մերկացնում է առկա խնդիրները եւ նոր հարցադրումներ առաջադրում: Չեմ ասում, թե դրանում գրվածը վերջին ատյանի ճշմարտություն է: Բնականաբար, փորձագետներն իրենց կարծիքները զետեղել են խորհրդատվական շրջանակի մեջ, բայց ակնհայտ է, որ զեկույցը լուրջ հիմք է հանդիսանում՝ ՀՀ-ում բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների ընթացքը ճշգրտելու, բարեփոխումներն ավելի նպատակային դարձնելու եւ թույլ ուղղությունների վրա հավելյալ շեշտադրումներ կատարելու համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031