Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմազավակ մայրերը բողոքում են ուշադրության պակասից, սոցիոլոգը ահազանգում՝ հարսնացուները պառավել են

Հոկտեմբեր 31,2012 13:44

Այսօր «Տեսակետ» ակումբում «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» հ/կ-ի նախագահ, իրավաբան Մարգարիտա Հովսեփյանը, նույն հ/կ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, 11 երեխաների մայր Արմենուհի Մանուկյանը եւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը խոսեցին հայկական գենոֆոնդի վտանգված լինելու մասին, քանի որ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, Հայաստանի ծնելիության ցուցանիշները նվազել են նախորդ տարիների համեմատ:

Հովսեփյանը անդրադառնալով հոկտեմբերի 23-ին նախագահականի առջեւ իրականացրած բողոքի ակցիային՝ ասաց. «Ապրիլ ամսին մի խումբ բազմազավակ մայրեր դիմում էին գրել ՀՀ նախագահին, աջակցություն ստանալու խնդրանքով, դիմումը նախագահի կողմից ուշադրության էր արժանացել, բայց ընթացք չի տրվել, այդ էր պատճառը բողոքի ակցիայի, մենք պահանջում էինք հանդիպում նախագահի հետ, եւ որ մեր կազմակերպությունը ճանաչվի կառավարությանը առընթեր կազմակերպություն, քանի որ պետական մարմինների կողմից ուշադրության չենք արժանանում, եւ որպեսզի մեզ ավելի լուրջ ընդունեն: Չնայած ասացին՝ նախագահը տեղում չէ, բայց մեզ ներս հրավիրեցին, ասելով՝ դիմեք կառավարությանը, ինչն էլ արեցինք, այժմ սպասում ենք պատասխանի»,-ասաց Հովսեփյանը, նշելով, որ Հայաստանում սարսափելի նվազել է ծնելիությունը, իսկ առանց բազմազավակության խրախուսմանը՝ պետությունը չի կարողանա ապահովել ազգի վերարտադրությունը:

Մանուկյանն էլ, որը պատերազմի մասնակից, հաշմանդամ ամուսնու հետ միասին երդում է տվել շատ երեխաներ ունենալ ու այդպես էլ արել է, ասաց. «Շատ վիրավորական է, երբ ամենուր ասում են՝ բան ու գործ չեք ունեցել՝ այդքան երեխա եք բերել: Ինչպես կարելի է այդպես ասել, մի՞թե միայն պարապ մարդն է երեխա ունենում: Հիմա անգամ 3 երեխա դաստիարակելն է դժվար, բայց ես չեմ հուսախաբել իմ ազգին, զավակներ եմ ունեցել պատերազմից հետո: Քանի որ 20 տարի առաջ մեր ազգը տեսել է պատերազմ, շատ մարդկային կորուստներ ենք ունեցել: Ադրբեջանցիներն այսօր անսահման երեխաներ են ունենում, իսկ հայ կանայք վախենում են, որովհետեւ չեն խրախուսվում: Մեզ մոտ նույնիսկ չի սահմանվում, թե որն է կոչվում բազմազավակ մայր: Ինչպես որ մեր երեխաներն են մեզանից իբրեւ ծնող պահանջում այն ամենը, ինչ իրենց անհրաժեշտ է, այնպես էլ մենք կառավարությունից, երկրի նախագահից պահանջում ենք մեզ ուշադրության կենտրոնում պահել»:

Ադիբեկյանն էլ մեջբերեց, որ ՄԱԿ-ի ստանդարտներով մենք գտնվում ենք կրճատվող ազգերի շարքում. «Դարավերջին Հայաստանում լավագույն դեպքում կապրի 1,5 մլն մարդ եւ պարտադիր չէ, որ նրանք բոլորը լինեն հայեր: Գոյություն ունեն ստանդարտներ, միջինը ամեն մի կին պետք է ունենա 2-ից ավելի երեխա, որ ազգը պահպանի թվաքանակը, իսկ ինչքան ավելի լինեն երեխաների թիվը, այնքան մեր թվաքանակը կավելանա: Իսկ արտագաղթի պայմաններում մենք ունենք մեխանիկական կրճատում»,-նշեց սոցիոլոգը՝ շարունակելով, որ մեկ երեխայի դեպքում ապահարզանի ռիսկը աճում է 90 տոկոսի, 3 երեխայի դեպքում՝ իջնում 10 տոկոսի, իսկ 4-ից ավելի երեխայի դեպքում ապահարզաններ գրեթե չեն լինում. «Կանայք, որոնք գտնվում են ապահարզանի փուլում ու գալիս մեզ մոտ խորհրդակցության, ասում ենք արագ հղիացիր: Ամուր ընտանիքի գրավականը շատ երեխաներն են: Ի դեպ, նշեմ, որ մեզ մոտ խնդիր կա. մեր հարսնացուները պառավել են 4-5 տարով, որովհետեւ եթե առաջ միջին հարսնացուի տարիքը 20-21 տարեկանն էր, այժմ 25 տարեկանն է, եւ եթե առաջ առաջնեկը ծնվում էր 21 տարեկանում, այժմ 23-ում է ծնվում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031