Լրահոս
Օրվա լրահոսը

Գրողի մտորումները՝ «Պարականոնում»

Հոկտեմբեր 31,2012 13:47

Վերջերս լույս տեսավ անվանի գրող, դրամատուրգ եւ հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Նորայր Ադալյանի «Պարականոն» վիպակների ու պատմվածքների ժողովածուն, որն ամփոփում է հեղինակի վերջին երեք տարիների ստեղծագործությունները: Ուշագրավն այն է, որ պատումներն ունեն գեղարվեստական ինքնատիպ մտածողություն եւ գրելաոճ: Ժողովածուում առկա են ժամանակի պատկերները, կենցաղն ու ապրելակերպը, անց ու դարձը, աննկատ, երբեմն միջանկյալ միտք թվացող տեսքով, անցնում է այսօրվա քաղաքականությունը, գործազուրկների ծանր կյանքը, արտագաղթը, որը մեր ամենացավոտ ու ծանր հարցն է, ոչ թե հարցերից մեկը:

Գրողը ժամանակի հայելին է՝ որտեղից անդրադառնում է ներկա կյանքի իրական պատկերը: Վիպակներն ու պատմվածքները կյանքից վերցրած պատումներ են, ժամանակը արտացոլող, սովորությունների, նիստուկացի ճշմարտություն: Հենց սա է ժամանակակից գրողի ու հրապարակախոսի մեծությունը, տալ ժամանակի մթնոլորտը՝ իր բոլոր դրսեւորումներով: Կա հումոր, կա փիլիսոփայություն՝ տեղին եւ դիպուկ արտահայտչամիջոցներով («Պողիկտոս»):

Հետաքրքիր կառուցվածք ունի «Ժամադրություն» վիպակը, գրեթե նորություն հայ գրականության մեջ՝ իր բովանդակության, ձեւի ու ոճի առումով: Պատումը միայնակ կնոջ, նրա երազանքների եւ չիրականացած սիրո մասին է: Յուրաքանչյուր միայնակ կին ապրում է երազով, երազ, որ կցանկանար իրականություն դառնալ, հիշողությունների, երեւակայության, անտեսանելի ու անհասանելի սիրով, մայրանալու անհույս կարոտով:

Այնքան պատկերավոր ու տիպական է ներկայացված այսօրվա կյանքը, որ գալիք սերունդները, տասնամյակներ անց, կարող են կարծիք կազմել մեր այսօրվա մասին («Լոմբարդ»): Այստեղ հեղինակը դառնում է նաեւ պատմագիր, պատմությանը հանձնելով մեր օրերի կյանքը, կենցաղն ու ապրելակերպը: Այն սոցիալական իրավիճակների այդ տարիների ճշմարիտ արտացոլումն է, մութ ու ցուրտ ժամանակների, արտագաղթի, միջին խավ չունենալու մասին է:

Յուրահատուկ ձեւով է ներկայացված ու շարադրված «Ազնիվ մարդը կավե սափորում» պատմվածքի հերոսը: Մեր օրերում, իրոք, ազնիվ մարդը եզակի է, այն դարձել է ցուցասրահի նմուշ, դարձել պատմական երեւույթ եւ մեռնելուց հետո թաղվել սափորի մեջ: Ազնիվ մարդու սափորը ճամփորդում է աշխարհով մեկ, նրան այցելում են, նույնիսկ, երկրի ղեկավարներ… Գրողի մտահոգությունն է, որ աշխարհում հազվադեպ են ազնիվ ու շիտակ մարդիկ: Սա համամարդկային ողբերգություն է: Պատմվածքը դուրս է գալիս ազգային շրջանակներից եւ դառնում համընդհանուր արժեք ժամանակակից գրականության մեջ:

Ամեն մի վիպակ կամ պատմվածք ունի իր ուրույն գրելաոճը, իր ասելիքը. որտեղ առկա է հայրենասիրությունը: Որքան էլ անվերջանալի է անցումային ժամանակաշրջանը, միեւնույն է, հայրենիքի սերը եւ կարոտը քաղցր ու մնայուն են («Չինացին»): «…աշխարհը կանցնի, մեր անցումայինը կմնա ու կծաղկի, իսկ բիզնեսը, փողը ոչ մի տեղ այնպես չի չաղանում, ինչպես անցումայինում»,- համոզված է հեղինակը:

Ժողովածուն հարուստ է նյութերի բազմազանությամբ ու ժամանակակից կյանքը պատկերող թեմաներով: Մենակ մնացած մարդու, սիրող կնոջ տառապանքները, դաժան ամուսնու նկատմամբ ատելությունը այնքան համոզիչ ու խորհրդավոր է նկարագրել գրողը, կարծես ներկա ես նրանց մենակությանը եւ զգում ես ամուսինների հոգու տանջանքները («Ժամադրություն»): Այսօրվա ցավոտ ու ամենաշատ շրջանառվող թեմաներից են միասեռությունն ու կապույտ մարդիկ («Կտակը»): Պատմվածքի հերոսները բոլորն էլ նույնն են, միանման: Ցավալի է, որ մեր փոքր երկրում այսչափ տարածված է աղետալի եւ հայերիս համար այս անընդունելի երեւույթը: Հեղինակի մտահոգությունն է, թե ինչպես բարի ու գեղեցիկ ավանդույթներ, բարոյական նկարագիր ունեցող հայ մարդը դառնում է միասեռ ու կապույտ, ժամանակները, թե եվրոպաները հային դարձրին այդպիսին: Թեեւ Ն. Ադալյանը գրում է այս տարածված արատավոր երեւույթների մասին, բայց զգում ես, որ անվանի գրողը ցավ է ապրում՝ մտահոգված նման ապրելակերպի համար: Ընդհանրապես, վիպակներն ու պատմվածքները հայի ու հայրենիքի, նրա ապրումների, տարբեր ոլորտներում ունեցած լավի ու խաթարումների մասին են:

ՅԱՇԱ ՉԱԽՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031