Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ մարզաձեւի երկու ֆեդերացիա. իմաստը ո՞րն է

Հոկտեմբեր 31,2012 13:42

«Սպիտակ» մարզաառողջարարական համալիրի լողավազանում կիրակի օրն ավարտված ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնությունից հետո, որտեղ մրցանակային եռյակը կազմեցին «Վիկտորիան», «Սպիտակը» եւ «Տիտան 1»-ը, «Առավոտի» եւ Ջրագնդակի հայկական դաշնության նախագահ Կարեն Գյունաշյանի զրույցում խոսվեց մարզաձեւում արդեն մեկ տարի տիրող խառնաշփոթի մասին, որից տուժում է ջրագնդակ մարզաձեւը:

– Դժվար է հիշել, թե վերջին անգամ ջրագնդակի հանրապետության առաջնություն երբ էր անցկացվել: Իսկ այսօր մասնակցում են միայն Երեւանի թիմերը: Ի՞նչն է խնդիրը:

– Վերջին անգամ մեծահասակների առաջնություն կազմակերպվել էր 2006 թվականին, իսկ պատանեկան ընդհանրապես չի եղել անկախացումից հետո: Ջրագնդակի հայկական դաշնության ջանքերով անցած շաբաթ պայքարն ավարտեցին մեծահասակները, իսկ այսօր պատանեկան առաջնության վերջին օրն է: Իսկ ինչ վերաբերում է միայն Երեւանի թիմերի մասնակցությանը, ցավալի փաստ է եւ ունենք այն, ինչ ունենք: Սակայն մեր դաշնությունը, որ ընդամենը 3-4 ամիս առաջ է ստեղծվել, նպատակ է դրել վերականգնել հայկական ջրագնդակի հարուստ ավանդույթները:

– Ի դեպ, այսօր հանրապետությունում, փաստորեն, ջրագնդակով զբաղվող երկու կազմակերպություն կա. Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիան եւ Ջրագնդակի հայկական դաշնությունը: Ո՞րն է իմաստը:

– Մենք՝ մարզաձեւի ճակատագրով մտահոգված մասնագետներս,  անցած տարվա նոյեմբերին ֆեդերացիայի նախագահ ընտրեցինք Գագիկ Հովհաննիսյանին, որը խոստանում էր ներդրումներ կատարել, հովանավորներ գտնել՝ մարզաձեւը զարգացնելու համար: Մեր մասնագետներից ընտրեցինք նաեւ տեղակալներ, նախագահության կազմ: Սակայն մեկ ամիս հետո հասկացանք, որ նախագահն իր խոստումները չի կատարում: Ավելին, պարոն Հովհաննիսյանը ջրագնդակը տեղում զարգացնելու ուղղությամբ աշխատելու փոխարեն՝ ինքնակամ ֆեդերացիայի «հայացքն ուղղեց» դեպի ԱՄՆ: Այսպես ասում եմ, որովհետեւ  այդ մեկ ամսում ինտերնետից տեղեկացանք, որ մեր ընտրած փոխնախագահներն ընդհանրապես գոյություն չունեն, որ Գագիկ Հովհաննիսյանի տեղակալն ինչ-որ մեկն է Ամերիկայից, որին այստեղ ոչ մեկս չենք ճանաչում: Ավելին, նա խեղաթյուրել էր նաեւ հայկական ջրագնդակի հարուստ պատմությունը՝ սխալ տեղեկություններ հրապարակելով կայքերում: Պարզաբանումներ ստանալու նպատակով մի քանի անգամ ժողով ենք հրավիրել՝ խնդրելով, որպեսզի նա ներկա լինի եւ ասի, թե ինչ է կատարվում: Բայց հրաժարվել է մասնակցելուց եւ պարզաբանումներ տալուց: Միայն վերջին անգամ հայտարարեց, թե լավ է անում ու գնաց: Ստիպված էինք արտահերթ ժողով հրավիրել, որում Գագիկ Հովհաննիսյանը հեռացվեց եւ նրա փոխարեն միաձայն ֆեդերացիայի նախագահ ընտրվեցի ես:

– Այդ դեպքում երկրորդ կազմակերպությունը ստեղծելու ի՞նչ անհրաժեշտություն կար:

– Դրանով պատմությունը չէր ավարտվել: Ես նրանից բազում անգամներ խնդրել եմ վերադարձնել ֆեդերացիայի կնիքը եւ գույքը, ու նա կրկին մերժել է ու մինչեւ հիմա էլ կնիքն իր մոտ է: Բայց մենք հստակ ծրագրեր ունեինք՝ հանրապետության մրցումներ, ընկերական հանդիպումներ կազմակերպել, հրավերներ ունեինք տարբեր տեղերից: Հասկանալի է, որ ոչինչ անել չէինք կարող առանց կնիքի: Եվ արդեն ստիպված էինք երկրորդ արտահերթ ժողովը հրավիրել եւ ստեղծել Ջրագնդակի հայկական դաշնությունը: Ի դեպ, դաշնություն անունն ընտրեցինք՝ ֆեդերացիա բառը հայերեն թարգմանելով: Հիմա մեզ ճանաչում են ՀԱՕԿ-ը, ջրագնդակի միջազգային ու եվրոպական կառույցները:

– Այս ընթացքում ի՞նչ եք հասցրել անել եւ ի՞նչ դեռ ունեք անելու:

– Մեծահասակների առաջնությունն ավարտել ենք անցած շաբաթ, պատանեկանն այսօր է ավարտվում: Սեպտեմբերին Հայաստանի ջրագնդորդները Թբիլիսիում մասնակցեցին միջազգային մրցման եւ գրավեցին 3-րդ տեղը: Ի դեպ, Վրաստանում Ադրբեջանի ջրագնդորդները հրաժարվեցին մեր տղաների հետ խաղալ: Մոտ ժամանակներս կազմակերպելու ենք արցախյան ազատամարտում զոհված ջրագնդորդ Արա Մանուկյանի ավանդական հուշամրցաշարը:

– Իսկ հանրապետության առաջնությունը միայն երեւանյան թիմերի մասնակցությամբ ընթանալու հետ կապված ի՞նչ կասեք:

– Մեր առաջնային ծրագրերից մեկը հանրապետությունում մարզաձեւի աշխարհագրությունը մեծացնելն է: Մոտ ժամանակներս, ըստ պայմանավորվածության, Վանաձորում պետք է ջրագնդակի թիմ աշխատի: Նույնը անելու ենք նաեւ Գյումրիում ու այդպես շարունակ:

– Մասնագետ-մարզիչների խնդիր չկա՞:

– Փառք Աստծո, լավ մասնագետներ ունենք, որոնք մարզաձեւի նվիրյալներ են: Բայց կան նաեւ լողորդներ, որոնք կամ աշխատում են որպես ջրագնդակի մարզիչ, կամ ուզում են աշխատել: Նրանց համար նախատեսել ենք սեմինարներ կազմակերպել, որպեսզի գործող բոլոր լողավազաններում ջրագնդակի թիմեր լինեն:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. «Առավոտը» պատրաստ է լսել նաեւ Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի տեսակետը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031