Արձագանք «Առավոտի» «Լավ կլինի կառավարությունը կանոնակարգի ոլորտը» հոդվածին՝ Մարկ Բրեյի «Դիմակայում կրթության ստվերային համակարգին» գրքի վերաբերյալ:
Ինչպես նշում է Մարկ Բրեյը, գրքում չի ասվում՝ կրկնուսուցումը վատ է, թե՝ լավ, հետեւությունները թողնված են մասնագետներին: Ամենագլխավորը, որ հրապարակավ դրական վերաբերմունք է մշակվում կրկնուսույցի դպրոցի նկատմամբ, որը ուղղակի կստվերարկի մեր երկրում օրեցօր կայացող ավագ դպրոցի գաղափարը: Գրքի հեղինակը ստվերային դպրոցի նկատմամբ չնայած իր կարծիքը չի հայտնում, բայց Հայաստանի առումով կարծում է, որ քանի դեռ ստվերային կրթության համակարգը զարգացած չէ, չկան խանգարող հետաքրքրություններ եւ կազմակերպություններ, լավ կլինի կառավարությունը կանոնակարգի ոլորտը եւ ուղղորդի նախընտրելի ճանապարհով: Սա նշանակում է երեւույթին վերաբերվել դրականորեն եւ առաջարկել դրա համար կանոնակարգման համակարգ: Ո՛չ, պարո՛ն Մարկ Բրեյ, ՀՀ-ում դա կարող է կործանարար հետեւանքներ առաջացնել, վտանգել դարերից եկող մեր դպրոցական համակարգը, խոչընդոտել ավագ դպրոցի կայացման՝ կառավարության վերջին տարիներին կատարած համակարգված աշխատանքները: Այս շատ կարճ ժամանակահատվածում՝ մեկնարկային շրջափուլում, մենք արդեն ունենք մի շարք կայացած պետական եւ ոչ պետական ավագ դպրոցներ, որոնք, գործելով նույնիսկ դեռեւս չձեւավորված մրցակցային դաշտում, արդեն աստիճանաբար սկսել են արժեզրկել կրկնուսույցի դպրոցի գաղափարը: Հետզհետե կրկնուսույցներին դիմելու ձգտումը թուլանում է: Կրկնուսուցմամբ զբաղվում են դասախոս-գիտնականներ եւ ուսուցիչներ: Ինչպես ցույց տվեցին այս տարվա ընդունելության միասնական քննությունների արդյունքները (նաեւ ծնող-կրկնուսույց բակային վեճերը), շատ դասախոս-կրկնուսույցների պարապած աշակերտները տապալվեցին: Մեր կարծիքով՝ պատճառն այն էր, որ մի դեպքում ավանդական շաբլոն մեթոդով գիտելիքի մատուցում ու վարժեցում է տեղի ունենում, մեկ այլ դեպքում՝ կրկնուսույցը (օրինակ՝ դասախոսը) հաճախ անտեղյակ է դպրոցին ներկայացվող նոր մեթոդական պահանջներին, որոնցով կազմվում են միասնական քննության հարցաթերթերը: Խնդիրը շատ ավելի խորն է ու բովանդակային, որովհետեւ շարունակաբար ու համակարգված ուսուցման պարագայում ավագ դպրոցի երեք տարվա փոխկապակցված ծրագրերը յուրացրած աշակերտները շատ ավելի պատրաստված են լինում նրանց ներկայացվող նոր պահանջներով, քան վեց-ութամսյա կրկնուսուցման ավանդական մեթոդով պարապմունքները: Վերջիններս, ժամանակի սղության, ծրագրային նյութի մեծ ծավալի ընդգրկման անհնարինության եւ գերծանրաբեռնվածության պատճառով, երաշխավորված գիտելիքի պաշար չեն ապահովում: Ավելին, այսօրվա կրկնուսույցը պետք է հասկանա, որ դպրոցում փոխվել են ուսուցման եւ՛ ձեւը, եւ՛ բովանդակությունը, եւ՛ պահանջները: Աշակերտակենտրոն ուսուցման պարագայում աշակերտից պահանջվում է ոչ այնքան փաստական գիտելիքի պաշար, որը թերեւս կարող է տալ կրկնուսույցը, որքան այդ գիտելիքը ձեռք բերելու հմտություններ, չնախատեսված հարցադրումների դեպքում ինքնուրույնաբար տրամաբանելու կարողություններ, մասնակցություն գիտելիքի՝ որպես յուրահատուկ «նյութի» պատրաստմանը, այսինքն՝ նոր պահանջներով այնպիսի կրթական փորձառություն, որը աշակերտից պահանջվում է միասնական քննություններին եւ ընդհանրապես նրա հետագա մասնագիտական կարիերայի ընթացքում:
Ուսուցչի պարագայում շատ ավելի անտրամաբանական է կրկնուսուցումը, զուր է նրան դիտել որպես այդ գործընթացի ակտիվ մասնակից: Եթե նա բարձրակարգ մանկավարժ է, հազիվ թե պետական չափորոշիչներով նախատեսված ծավալի աշխատանքը չկատարի դասարանում, չցուցաբերի բարեխղճություն: Այդ կարգի մանկավարժը նյութի կեսը չի անցնի դասարանում, իսկ մյուս կեսը՝ ստվերային պարապմունքներին: Իսկ թույլ ուսուցիչը եւ դպրոցում, եւ տանը հաջողության չի հասնի եւ տարիների ընթացքում կկորցնի ծնողների վստահությունը: Հետեւաբար, ավագ դպրոցների մանկավարժների վերապատրաստմանը եւ ուսուցման նոր մեթոդներով աշխատանքների ապահովմանը զուգընթաց՝ շատ ավելի տրամաբանական է ենթադրել, որ աստիճանաբար կրկնուսուցման դպրոցի շրջանակները կփոքրանան, մանավանդ՝ ծնողների ճնշող մեծամասնությունը կողմնակից է անվճար ուսուցման: Դպրոցը յուրահատուկ ազգային արժեք է, որը ապահովում է հասարակական առաջընթացը, եւ նրան այլընտրանքային ոչ ֆորմալ կառույցի հետ համեմատելն անթույլատրելի է: Դրանցից առաջինը հետապնդում է ազգային, հոգեւոր, կրթա-դաստիարակչական, մշակութային եւ այլ նպատակներ, որոնք մարդու դաստիարակության եւ որակյալ մասնագետի պատրաստման միջոցով հիմք են նախապատրաստում հասարակության զարգացման համար, մինչդեռ ոչ ֆորմալ կրթական կառույցի գոյությունը կոմերցիոն նպատակ է հետապնդում:
Կարդացեք նաև
ՍՈՒՐԵՆ ՕՀԱՆՅԱՆ
Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի տնօրեն, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ