Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Ալավերդյանի նախագահությամբ, ընթանում է «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հայցադիմումի քննությունն ընդդեմ Լոռու մարզի Սարահարթ համայնքի գյուղապետարանի եւ վերոնշյալ համայնքի ղեկավար Վասիլ Փիլոյանի:
Կազմակերպությունը այս քայլով ցականում է վերացնել գյուղապետարանի կողմից դրսեւորած անգործությունը, պարտավորեցնել վերջինիս տրամադրել տեղեկատվություն, իսկ Սարահարթի գյուղապետ Վասիլ Փիլոյանին էլ ենթարկել վարչական պատասխանատվության:
Դատարանում կազմակերպության ներկայացուցիչ, իրավաբան Արտուր Հարությունյանը մեզ հետ զրույցում ասում է, որ ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ այս տարվա մայիսին, կազմակերպություն դիմած քաղաքացու շահերի պաշտպանությունից ելնելով, հարցում ուղարկվեց Սարահարթի գյուղապետարան:
«Սարահարթի գյուղապետարանը՝ ի դեմս գյուղապետ Վասիլ Փիլոյանի, մինչ օրս չի պատասխանել կազմակերպության հարցմանը՝ այդկերպ խախտելով նաեւ օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում եւ օրենքով սահմանված կարգով հարցումներին պատասխանելու վերաբերյալ դրույթները; Ուստի պատասխանողների կողմից ցուցաբերված անգործությունը (կամ գործողությունները) իրավաչափ չեն եւ ենթակա են այդպիսին ճանաչման: Գտնում եմ, որ ՀՀ վարչական դատարանը պետք է պարտավորեցնի պատասխանողներին հարցումով հայցվող տեղեկատվությունը տրամադրելուն, ինչպես նաեւ Սարահարթ համայնքի ղեկավարը պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության»,-ասում է իրավաբան Արտուր Հարությունյանը:
Կարդացեք նաև
Նա նշում է, որ թեեւ ՀՀ-ում տեղեկատվության ազատությունը ընդունված է օրենքով, սակայն փորձը ցույց է տվել, որ գյուղական համայնքներում պետական մարմինները սովորելու շատ բան ունեն. շատ հաճախ մարդկանց դիմումները կամ հարցումներն անգամ անտարբերության են մատնվում՝ արդյունքում խախտելով քաղաքացու՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը.
«Գտնում եմ, որ եթե դատարանը հաստատված համարի պատասխանող Սարահարթ համայնքի գյուղապետ Վ. Փիլոյանի կողմից պահանջվող տեղեկատվությունն օրենքով սահմանված ժամկետում ապօրինաբար չտրամադրելու փաստը՝ ոչ իրավաչափ անգործության դրսեւորումը, ապա վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածների դիսպոզիցիաների իմաստով սույն գործով առկա կլինի նաեւ գյուղապետի կողմից վարչական իրավախախտում (զանցանք) կատարելը, որի համար վերջինս ենթակա կլինի վարչական պատասխանատվության՝ 50.000 դրամի չափով տուգանքի նշանակման»:
Իրավաբանը վստահ է, որ կազմակերպությունը գյուղապետարանից չի պահանջել այնպիսի տեղեկություններ, որոնք պարունակում են անձնական կամ պետական գաղտնիք:
«Սարահարթի գյուղապետարանը տիրապետում է հարցման մեջ տեղ գտած տեղեկություններին, ուղղակի անգործություն է ցուցաբերել եւ չի տրամադրել այն: Իսկ դա արդեն օրենքի խախտում է»,-նշում է կազմակերպության ներկայացուցիչը:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ