Ըստ Ժ. Սեֆիլյանի՝ քաղաքականությամբ զբաղվողների մեծ մասը առեւտրական հոգեբանություն ունեցող մարդիկ են
Նախագահական ընտրություններին մնացել է ընդամենը երեք-չորս ամիս, սակայն ողջ քաղաքական դաշտում անորոշ մթնոլորտ է տիրում: Երեկ «Առավոտ»-ը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին հարց ուղղեց, թե քաղաքական վերադասավորումներ կարո՞ղ են լինել նախագահական ընտրություններից առաջ, թե՞ այս իրավիճակում ամեն ինչ պարզ է՝ Սերժ Սարգսյանը նշանակալի խոչընդոտների չի հանդիպի գալիք ընտրություններում:
Պարոն Սեֆիլյանը նախ նշեց, թե Հայաստանում դասական իմաստով գոյություն չունի քաղաքական դաշտ, եւ որ իրար փոխարինած կառավարող վարչախմբերը հանրապետության հիմնադրման պահից սկսած՝ մշտապես զարգացրել ու կատարելագործել են քաղաքական դաշտը կառավարելի, ապա նաեւ՝ «գրպանային» դարձնելու իրենց հնարավորությունները եւ այդ գործում արդեն հասել են լիակատար հաջողության: «Պարբերական ընտրությունները աչքակապության են վերածվել առնվազն 1995-ից: Ներկայումս հրապարակում եղած պաշտոնական քաղաքական ուժերի ազնիվ եւ դիմադրող հատուկենտ օջախներն ու անհատները որեւէ կերպ չեն կարող ազդել իրավիճակի վրա: Ավելին՝ նրանց առկայությունը շփոթություն եւ կեղծ հույսեր է առաջացնում տիրապետող քրեաօլիգարխիկ համակարգի առողջացման եւ վերափոխման վերաբերյալ: Մինչդեռ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող անձանց մեծ մասը առեւտրական հոգեբանություն ունեցող մարդիկ են, եւ քաղաքականությունը նրանց համար անձնական բարեկեցության խնդիրները լուծելու բիզնես-ծրագիր է: Իսկ դա շատ ձեռնտու է վարչախմբին, ինչի հետեւանքով քաղաքական հարաբերությունները եւ գաղափարները վերածվում են դրամա-իրային հարաբերությունների»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Ըստ Ժ. Սեֆիլյանի՝ կուսակցությունները չեն ծառայում իրենց բուն նպատակին. «Նրանք վերածվել են հանցավոր վարչախմբին սատարող քաղաքական կցորդների: Պաշտոնական քաղաքական դաշտը վերածվել է քաղաքական ճահճի: Այս գործընթացն այնքան է առաջացել, որ այլեւս հնարավոր չէ այն շրջել հակառակ ուղղությամբ: Ուստի ի սկզբանե որպես վարչախմբի կցորդ եւ կառավարելի գործիք կայացած քաղաքական կուսակցություններն ի զորու չեն վերածվելու տիրապետող վարչախմբի թուլացման, իսկ այնուհետեւ՝ դրա վերացման եւ նորի ստեղծման գործիքի»: Նման պայմաններում Ժ. Սեֆիլյանը կարծում է, որ «վարչախմբի պարագլխի՝ Սերժ Սարգսյանի «ընտրությունը» կանխորոշված է»:
«Առավոտ»-ի հարցին՝ այն փաստը, որ ողջ քաղաքական դաշտը սպասողական վիճակում է, բոլորին մեկ հարց է հետաքրքրում՝ ի՞նչ կվճռի ի վերջո ԲՀԿ-ն, սա ո՞ւմ է ձեռնտու, Ժ. Սեֆիլյանը նշեց, որ «քաղաքական ճահճում» առկա թույլ ալեկոծումներն ու արհեստական ակտիվությունը երկու աղբյուրից են բխում եւ ըստ այդմ՝ երկու նպատակ են հետապնդում: «Առաջին աղբյուրը աշխարհաքաղաքական կենտրոններն են, որոնք ձգտում են իրենց միջամտություններով ազդել Հայաստանի ներքին կյանքի վրա, այդ թվում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի ակտիվացնել համապատասխան ուժերին, մասնավորապես՝ ԲՀԿ-ին, որպեսզի Սերժ Սարգսյանի ու նրա գլխավորած վարչախմբի հերթական վերարտադրությունը ավելի թույլ ու խախուտ հիմքերի վրա լինեն: Այդպիսի միջոցներով աշխարհաքաղաքական ուժերը փորձում են Հայաստանում ձեւավորել ամեն զիջման պատրաստ խամաճիկային կառավարություն: Այս համատեքստում մյուս աղբյուրը՝ Սերժ Սարգսյանը եւ նրա գլխավորած վարչախումբը, աչքի առաջ ունենալով Մարտի 1-ի դառը փորձը, ձգտում են ստեղծել բարեփոխման եւ քաղաքական դաշտի դասականացման պատրանք, որպեսզի նախ՝ խաղի մեջ որպես վերահսկող մտնելով, հնարավորինս մեղմացնեն արտաքին ազդեցությունը, ապա նաեւ՝ ապահովեն իրենց լիակատար եւ երաշխավորված «հաղթանակը»:
Ժ. Սեֆիլյանի համոզմամբ՝ «Սերժ Սարգսյանը եւ նրա գլխավորած վարչախումբը այս անգամ եւս Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը օտարներին ու իրենց անձնական նպատակներին ծառայեցնելու գնով վերարտադրվելու են»: Նրա կարծիքով՝ այս գործում նրան մեծապես օգնելու են «ընդդիմադիր» քաղաքական ուժերը, հատկապես՝ ԲՀԿ-ն, որը ըստ նրա՝ «քրեաօլիգարխիկ կլանի օրգանական մասը լինելով՝ իշխանական ԶԼՄ-ների աջակցությամբ փորձում է ժողովրդի աչքերին «թոզ փչել» ու երկկուսակցական համակարգով խորհրդարանական հանրապետության ձեւավորման հեռանկարի պատրանք ստեղծել»: Այնուհետեւ Ժ. Սեֆիլյանը կարծիք հայտնեց. «Այսպես կոչված՝ քաղաքական դաշտը առավելագույնս փոշիացնելու եւ տրոհելու միջոցով մի տասնյակից ավելի թեկնածուների նկատմամբ ընտրությունների առաջին իսկ փուլում Սերժ Սարգսյանի երաշխավորված «հաղթանակի» չարագույժ տեսլականը չպետք է հուսահատեցնի մեր ժողովրդին: Նրան չի հաջողվելու եւս հինգ տարի իշխել Հայաստանում»:
Ժ. Սեֆիլյանը համոզված է, որ պայքարը լինելու է նոր դաշտում, որն էլ ձեւավորվում է քաղաքացիական նախաձեռնությունների ուժերի համախմբման եւ քաղաքական ստեղծագործության շնորհիվ, եւ հաջողության գլխավոր գրավականը լինելու է գաղափարակիր մարդկանց միավորումն ու համակարգված պայքարը: «Արդյունքի հասնելու համար յուրաքանչյուր անձ կամ նախաձեռնություն պետք է գործի սեփականաշնորհված «քաղաքական» դաշտից դուրս՝ նպատակ հետապնդելով ձեւավորելու այլընտրանքային իշխանության սաղմեր, որպեսզի ժողովրդի լիակատար աջակցությունն ստանալուց հետո հնարավոր լինի նրա անհաղթահարելի ուժի ազդեցությամբ վարչախմբին հարկադրել հեռանալու կառավարման լծակներից, իսկ դրանից հետո՝ ձեռնամուխ լինել Հայկական նոր պետության ստեղծման գործին»,- նշեց նա:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ