Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժեց պետական դավաճանության հատկանիշներով հարուցված գործով վերաքննիչ բոլոր բողոքները:
Այսպիսով՝ դատարանն անփոփոխ թողեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ապրիլի 6-ին կայացված դատավճիռը, որով ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պետական դավաճանություն, ներկայացված մեղադրանքում և դատապարտվել 14 տարվա ազատազրկման` գույքի կեսի բռնագրավմամբ: Ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը նույնպես մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 10 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Ամբաստանյալ Աշոտ Չտրկյանը մեղավոր է ճանաչվել պետական դավաճանությանը օժանդակելու մեջ և դատապարտվել 10 տարվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման: Ամբաստանյալներ Կարեն Պետրոսյանն ու Արթուր Ավետիքյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հանցագործության մասին չհայտնելը, և դատապարտվել մեկուկես տարվա ազատազրկման։ Ամբաստանյալ Դավիթ Ավետիքյանը նույնպես մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։
Հիշեցնենք, որ ամբաստանյալներ Կարեն Մեհրաբյանը, Ռոմիկ Մաթևոսյանը, Կարեն Պետրոսյանը, Աշոտ Չտրկյանը, Արթուր Ավետիքյանը, Դավիթ Ավետիքյանը պահանջում էին բեկանել ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը, կարճել գործի վարույթը կամ ամբողջությամբ բեկանել դատական ակտը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: