Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առողջական խնդիրներով ՀՀ զինված ուժեր զորակոչված Հովիկ Կախյանի դեպքի նկարագրությունը

Հոկտեմբեր 31,2012 12:24

2012 թ-ի հոկտեմբերի 31-ին կազմակերպություն է դիմել Ա. Մագթաղյանը իր որդու՝ Հովիկ Կախյանի իրավունքների պաշտպանության հարցով: Հովիկ Կախյանը 2012 թ-ի հունիսի 30-ին զորակոչվել է Իջեւանի 51191 զորամաս, որտեղ, ըստ ծնողի հայտնած տեղեկատվության, ծառայել է ընդհանուր առմամբ 15 օր, զինվորական ծառայության մյուս օրերին նա մշտապես գտնվել է կամ զորամասի բուժկետում կամ հոսպիտալում:

Հովիկ Կախյանը ունի առողջական լուրջ խնդիրներ՝ միաժամանակ մի քանի հիվանդությունների զուգակցմամբ, մասնավորապես՝ ձախ ականջի թմբկաթաղանթը բացակայում է, ձախ ականջից մշտապես թարախահոսություն կա, ունի կակազություն, նախկինում դեղնախտով հիվանդանալու հետեւանքով բողոքում է լյարդի շրջանում ցավերից, ունի II-III աստիճանի հարթաթաթություն, արյան ճնշման տատանումներ եւ ռադիկուլոպաթիա:

Հարկ է նշել, որ Հովիկ Կախյանի հայրը եւ եղբայրը հանդիսանում են երկրորդ կարգի հաշմանդամ: Վերջինս 2004 թ-ի հոկտեմբերի 7-ին մարտական հերթապահության տարման ժամանակ պայթել է ականի վրա, որի հետեւանքով կտրվել է աջ ոտքը` ծնկից ցած:

Ըստ Հովիկ Կախյանի ծնողի պատմածի՝ զորակոչվելուց 3 օր հետո Հովիկ Կախյանի մոտ սկսել է ականջի թարախահոսություն, որի պատճառով նա պառկել է զորամասի բուժկետում մոտավորապես 20 օր տեւողությամբ: Այդ ընթացքում որեւէ բուժում չի ստացել մասնագետի բացակայության պատճառով: Փոխարենը՝ Հովիկ Կախյանի մայրը ականջի եւ քթի դեղեր է տարել զորամաս, որպեսզի դրանով բուժեն որդուն: Այնուհետեւ, Հովիկ Կախյանին տեղափոխել են Վանաձորի հոսպիտալ, որտեղ բժիշկը չի ընդունել՝ հիմնավորելով, որ դեռեւս երդմնակալությունը տեղի չի ունեցել, եւ կարող է ընդունել միայն այն տեղի ունենալուց հետո: Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել Հովիկ Կախյանի երդման արարողությունը, որից 3 օր անց՝ օգոստոսի 19-ին, Հովիկ Կախյանին տեղափոխել են Վանաձորի հոսպիտալ, իսկ հաջորդ օրը՝ Երեւանի Մուրացան հոսպիտալ: Նա 2012 թ-ի սեպտեմբերին բուժվել է Մուրացանի «ԼՕՌ» բաժանմունքում: 2012 թ-ի սեպտեմբերի 22-ին դուրս է գրվել եւ տեղափոխվել զորամաս: Սակայն, մի քանի օր անց Հովիկ Կախյանը մորը տեղեկացրել է, որ իր մոտ առկա է մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ուժեղ ցավեր ստամոքսի եւ լյարդի շրջանում եւ հայտնել է, որ իր մոտ կասկածում են դեղնախտի ախտանիշներ, քանի որ առանձնացրել են մյուս զինծառայողներից, որը հետագայում հերքվել է: Մի քանի օր շարունակ տղան գանգատվել է նաեւ վատ մարսողությունից: Արդյունքում, Հովիկին կրկին տեղափոխել են Վանաձորի զինկոմիսարիատ: Հովիկը շարունակել է գանգատվել ծանր լսողությունից: Նույնիսկ մորն ասել է, որ վիրավորվում է, երբ  մյուսները իրեն անվանում են «քյառ»:

Ըստ բժշկական փաստաթղթերի՝ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում Հովիկ Կախյանի մոտ 2011 թ-ի սեպտեմբերի 20-ից 23-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Ձախակողմյան խրոնիկ թարախային մեզոտիմպանիտ: Ձախակողմյան կոնդուկտիվ ծանրալսություն 1 /առաջին/ աստիճանի, թույլ արտահայտված կակազություն»:

2011 թ-ի սեպտեմբերի 23-ից 26-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Երկողմանի երկայնակի հարթաթաթություն III աստիճանի, 2-5 մատների մրճիկանման դեֆորմացիա, քայլքի չափավոր խանգարումով»:

2011 թ-ի նոյեմբերի 10-ից 22-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Ձախակողմյան խրոնիկ չոր մեզոտիմպոնիտ: Ձախակողմյան կոնդուկտիվ ծանրալսություն 1 /առաջին/ աստիճանի, թույլ արտահայտված կակազություն»:

2011 թ-ի դեկտեմբերի 8-ից 13-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Ձախակողմյան քրոնիկական թարախային մեզոտիմպանիտ բարդացած, միջին ականջի լորձաթաղանթի հիպերպլագրայով: Կոնդուկտիվ ծանրալսություն 2-րդ աստիճանի եւ թույլ արտահայտված կակազություն»:

2012 թ-ի հունվարի 1-ից 20-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Ձախակողմյան խրոնիկ չոր մեզոտիմպանիտ: Ձախակողմյան կոնդուկտիվ ծանրալսություն 1/առաջին/ աստիճանի եւ թույլ արտահայտված կակազություն»:

2012 թ-ի հունվարի 23-ից 25-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Թույլ արտահայտված ռադիկուլոպաթիա Լ5Տ1 անցողիկ ցավային համախտանիշով»:

Այսպիսով, հերթական անգամ ականատես ենք այնպիսի դեպքի, երբ ՀՀ ՊՆ 175-10 հրամանով առանձին հիվանդությունների դեպքում զինծառայողը ճանաչվում է պիտանի ոչ շարային ծառայությանը կամ պիտանի ծառայությանը սահմանափակումներով, սակայն հաշվի չի առնվում մի քանի հիվանդությունների համակցությունը:

Չնայած Հովիկ Կախյանի մոր բազմաթիվ նամակներին այն մասին, որ իր որդին բուժման կարիք ունի եւ տվյալ պահին նրա առողջական վիճակը անհամատեղելի է զինված ուժերում զինվորական ծառայութան հետ` Հովիկը ներկայումս գտնվում է զորամասում եւ ամեն անգամ նոր հետազոտություններ են իրականացվում: Արդյունքում Հովիկ Կախյանի առողջական վիճակի հետազոտությունները եւ դրանց վրա հիմնված բուժումները անարդյունավետ են: Հետեւաբար, Հովիկ Կախյանը ի վիճակի չէ շարունակել ծառայությունը ՀՀ զինված ուժերում:

Գտնում ենք, որ նման վերաբերմունքը զինծառայողի առողջական խնդիրների նկատմամբ կարող է առաջացնել զինծառայողի առողջական վիճակի վատթարացում եւ բացասական հետեւանքներ զինծառայողի կյանքի համար, որի ողջ պատասխանատվությունը կկրի ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պաշտպանական գերատեսչությունից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել Հովիկ Կախյանի առողջական վիճակի պարզաբանման եւ զինվորական ծառայությունից նրան վաղաժամ զորացրելու համար:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031