Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«15.000 դրամով ինչպե՞ս հասնեմ Վանաձոր՝ ընտրողների հետ հանդիպման»,-պատգամավորը բողոքում է աշխատավարձից

Հոկտեմբեր 31,2012 12:19

Այսօր ԱԺ-ում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց, որ նախագահի ապարատի պահպանման ծախսերը աճել են 20 մլն  դրամով, բայց շատ խիստ խնայողական մոտեցում են այստեղ ցուցաբերել. «Բոլոր ծախսերի գծով կրճատումներ են նկատվել: 164 մլն-ով ավելացել է միայն աշխատավարձը, բայց ավելացումը ընդհանուր կազմել է 20 մլն: Սա նշանակում է, որ մնացած ծախսերն են պակասել: ԱԺ-ի ծախսերը 197 մլն դրամով ավելի են, քան 2012-ին: Մոտեցում ենք ցուցաբերել ԱԺ-ի պահպանման ծախսերը կրճատել»:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցրեց. «էս բյուջեն, փաստորեն, պակասել է՝ 2012-ի բյուջեից: Եթե եկամուտներից հանում ենք գնաճը, տնտեսական աճը եւ այն հսկայական գումարը, որ ստանում եք եկամտահարկի մասով, փաստորեն այս բյուջեն պակաս է ստացվում: Ես ուզում եմ հասկանալ՝ եթե աճ կա, ո՞ւր է մնում աճը: Արտաքուստ բյուջեում կա 150 մլրդ դրամի աճ: Ո՞ւր է այդ 150 մլրդ-ը: Որ ասում եք՝ բնականոն աշխատավարձ…կա երկու աշխատավարձ՝ իրական եւ անբնական աշխատավարձ: Երբ ասում եք բնականոն աճ, դա նույն կառավարման ոլորտում թեկուզ մի դրամի իրական աշխատավարձի աճ կա՞, թե՞ չէ»:

Պավել Սաֆարյանը պատասխանեց. «Առիթ ընձեռնեցիք այսօրվա թեմայից դուրս ներկայացնել պետբյուջեի լրացուցիչ ծախսերը: Բնականոն աճին պատասխանեմ՝ դա մեր աշխատավաձի մասին օրենքից բխող հասկացություն է: Քաղծառայողների աշխատավարձը բաղկացած է 2 կոմպոնենտից, մեկը՝ որ պետք է նախատեսվի բազային աշխատավարձը՝ դա այսօր 40 հազար դրամ է, երկրորդը՝ կրտսեր քաղծառայողերի, միջին քաղծառայողների համար է:  Նոր աշխատողը որ ընդունվում է, դեռ ստաժ չունի, 40 հազարը բազմապատկում ենք գործակցով: Դա բնականոն աշխատավարձի ավելացում է, երբ անցնում է երկրորդ կատեգորիա: Առաջինը պայմանավորվախծ է բազային աշխավարձի փոփոխությունով, երկրորդը՝ գործակցով է պայմանավորված: Դա իրավական տերմին է, անունը դուրեկան է թե դուրեկան չի՝ դա ուրիշ հարց է: Ակնհայտ է, որ գումարները ավելացել են բյուջեի, եթե 2012-ի բյուջեի ծախսերը եղել է 1 մլն 44 հազար, այս տարվա բյուջեի ծախսերն են 1 մլն 151 մլրդ, այսինքն՝ ավելացել են 107 մլրդ-ով: Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է եղել այդ գումարը՝ օրինակ, 364 մլն դրամով ավելացել է մետրոպոլիտենի համար, 6.7 մլրդ դրամ՝ կրթության, ավելացել է նաեւ սպորտի, երիտասարդության հարցերին, 571 մլն ավելացել է առողջապահությունը, 141 մլն՝ սոցապահովությունը, 1 մլրդ ավելացել է գիտության ծախսերը, 5 մլրդ՝ ոստիկանության, 27 մլրդ՝ ազգային անվտանգությունը, 1.7 մլրդ՝ գանձապետարանինը եւ այլն եւ այլն»: Նա խոստացավ տեղեկանքը տրամադրել բոլոր ցանկացող պատգամավորներին:

Հրանտ Բագրատյանն արձագանքեց՝ «Փաստորեն շանս չի մնացել, չնայած ձեր ասելով տնտեսությունն աճում է, բայց 5 տոկոս ավելի վատ ենք ապրելու: Մենք տնտեսության ստրուկտուրայի սխալ չունե՞նք ձեր կարծիքով»:

Ի պատասխան՝ Պավել Սաֆարյանն ասաց. «Պարոն Բագրատյան, շատ հաճելի է այսպես ձեր հարցերը լսել»: Հրանտ Բագրատյանի մի շարք նման «հաճելօ հարցերը» լսելուց հետո Պավել Սաֆարյանն ըստ էության պատասխան չտվեց:

Անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը Պավել Սաֆարյանից հետաքրքրվեց, թե նախագահն էլ կոչ է անում պատգամավորներին, որ դուրս գան կաբինետներրից, գնան հանդիպեն իրենց ընտրողների հետ, բայց որպես պատգամավորի ծախս՝ ամսական հատկացնում են 15 հազար դրամ. «Ես փորձում եմ գնալ Վանաձոր, 15 հազար դրամ ծախս է նախատեսվում՝ ամսական: Դա աբսուրդային գումար է: Պետությունը խրախուսում է, որ միայն միլիոնատերե՞րը գան Ազգային ժողով, այս աշխատավարձով ինչպե՞ս հանդիպեն ընտրողների հետ»: Ֆինանսների փոխնախարարն էլ պատասխանեց. «Կառավարությունը ներկայացրել է ծախսերի բաշխման սցենար: Դուք ներկայացրեք ձեր առաջարկը, եթե կգտնեն, որ կարեւոր է, կվերանայվի: Եթե պարզվի, որ շատ լավ հարց եք բարձրացնում, բայց կան ավելի կարեւոր տեղեր՝ այդ գումարները բաշխելու, չենք հանի ու տանք դրան»:

Սա բարկացրեց Էդմոն Մարուքյանին: Նրա դիտարկմամբ՝ երեկ ԿԲ-ի ծախսերը քննարկելիս բոլորն ապշել են, թե ինչպես է այնտեղ այդքան բարձր աշխատավարձի հետ մեկտեղ այդքան խոշոր գումար էլ ավելացվում, «Ուղղակի զարմացած եմ: Այստեղ հստակ անհամաչափ պետական մոտեցում կա՝ պետական ծառայողների նկատմամբ: Ամսական ես 800 մարդ եմ ընդունում: Ընդ որում այդ գումարից հարկվում էլ է, բայց դա հարկվող գումար չպիտի լինի, դա եկամուտ չի պատգամավորի համար»:

Պավել Սաֆարյանի դիտակմամբ՝ «ԿԲ-ի աշխատավարձերը օրենքով են նախատեսված: Հիմա էլ եք դուք ձեր պատգամավորական գործունեությունն իրականացնում, ոնց որ թե 15 հազարի շրջանակներում լավ էլ իրականացնում եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031