Լրահոս
Օրվա լրահոսը

Տ. Ուրիխանյանը Ֆարմանյանի ուղղած հարցերի մասին. «Ֆեյսբուքում սեփական էջում գրառումների վերաբերյալ ԲՀԿ-ն պիտի գրավոր պատասխա՞ն ուղարկի»

Հոկտեմբեր 31,2012 11:54

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ հարցեր է ուղղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նա հարց է բարձրացնում. «Այդ ո՞ր հարցերում է դրսևորվում ԲՀԿ-ի այլընտրանքայնությունը: Եթե դա իսկապես այդպես է, ապա պետք է որ առաջնային դրսևորումներ ստանա նաև մի ոլորտում, որի մասին այդքան շատ խոսվում է և քննարկվում, նաև՝ քննադատվում. խոսքը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մասին է: Որպեսզի գոնե այս մասով Բարգավաճ Հայաստանը փաստարկի իր քաղաքական այլընտրանքայնությունը, կուսակցությունը պարտավոր է վերջապես համակարգված ներկայացնել իր մոտեցումները մեր պետությանը հուզող արտաքին քաղաքական ու անվտանգային քաղաքականության հետևյալ առանցքային խնդիրների շուրջ»:

ՀՀԿ-ական պատգամավորը հետաքրքրված է ԲՀԿ-ի դիրքորոշումներով ԼՂՀ հիմնախնդրի, ՀՀ-ՌԴ, ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-Թուրքիա հարաբերությունների առումով, Հայաստանի ռազմաքաղաքական ու անվտանգային առաջնահերթությունների, տարածաշրջանային առկա կոնֆլիկտների,  հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:

Aravot.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից փորձեց ստանալ Ս. Ֆարմանյանի հնչեցրած հարցերի պատասխանները: Տիկին Զոհրաբյանն ասաց. «Հիմա ծանրաբեռնված ենք բյուջեի քննարկումներով, երբ ազատ ժամանակ ունենանք սիրով պատրաստ ենք Սամվել Ֆարմանյանին հրավիրել մեր խմբակցություն և մեկ բաժակ սուրճի կամ թեյի շուրջ մանրամասն պատասխանել իր առաջադրած բոլոր հարցերին»: Մեր հարցին՝ Ս. Ֆարմանյանը շա՞տ պետք է սպասի, տիկին Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Երբ որ մենք ժամանակ ունենանք»: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ տեղյակ չէր Ս. Ֆարմանյանի հարցադրումներից: Պարոն Ուրիխանյանը պատճառաբանեց, թե ինչո՞ւ ինքը պետք է կարդա Ֆեյսբուքում ուրիշի անձնական էջերը: Երբ ՀՀԿ-ական պատգամավորի բարձրացրած մի քանի հարցեր փոխանցեցինք, Տ. Ուրիխանյանը պատասխանեց. « Այդ հարցերի պատասխանները բազմիցս հնչել են: Անկեղծ ասած հարցերի իմաստը չեմ հասկանում, եթե կան հարցեր, որոնց վերաբերյալ ինքը տեղյակ չէ, այդ հարցերի պատասխանները բազմիցս տրվել են: Բազմաթիվ անգամներ ներկայացված կարծիքներ»:

Մեր այն հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն գրավոր, կամ ինչ-որ ձևով կպատասխանի՞ Ս. Ֆարմանյանին, Տ. Ուրիխանյանն այսպես պատասխանեց. «Ֆեյսբուքում սեփական էջում գրառումների վերաբերյալ ԲՀԿ-ն պիտի գրավոր պատասխա՞ն ուղարկի»:

Մեր մյուս հարցին՝ Տ. Ուրիխանյանն ի՞նչ է կարծում, ինչո՞ւ հանկարծ Ս. Ֆարմանյանին հետաքրքրեցին այս հարցերի պատասխանները, արդյոք նրա գրառման մեջ կա՞ ենթատեքստ, ԲՀԿ մամուլի խոսնակն արձագանքեց. «Ենթադրում եմ տեղեկացված չէ և հետաքրքրասիրությունից դրդված հետաքրքրվում է, քանի որ որևէ մութ պահ կամ ինտրիգ առաջացնող հանգամանք մեր դիրքորոշումներում չկա և չի կարող լինել այդ հարցերի շուրջ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031