Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի խաղադաշտում կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ 2012» ավանդական՝ 4-րդ մրցաշարի նախավերջին խաղը, որում երրորդ տեղի համար հանդիպեցին ՀՀ ոստիկանության եւ ՀՀ դատախազության թիմերը: Ինչպես միշտ, այս անգամ էլ ուժային կառույցներն աչքի ընկան ֆիզիկական լավ պատրաստվածությամբ՝ հաղթանակի համար պայքարելով մինչեւ վերջ: Հանդիպումը գոլառատ ստացվեց եւ ավարտվեց 4:3 հաշվով՝ հօգուտ ոստիկանների, որոնք նոյեմբերի 2-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալիք եզրափակիչ խաղից հետո հաղթողի եւ երկրորդ մրցանակակրի հետ միասին կստանան իրենց՝ բրոնզե մեդալակրի համար սահմանված պարգեւները՝ գավաթ, մեդալներ, դիպլոմներ, մարզահագուստ եւ 200 հազար դրամական մրցանակ:
Ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարն անցկացվում է 2009 թվականից, որին մասնակցում են բացառապես պետական կառավարման մարմինների աշխատակիցներից կազմված թիմերը: Մրցաշարը նպատակ ունի պետական կառավարման մարմիններում անընդհատ ակտիվացնել մասսայական սպարտը եւ առողջ ապրելակերպը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ