Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապահ համակարգն ինքնամաքրվելու կամք պետք է դրսեւորի

Հոկտեմբեր 31,2012 11:03

Իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ նախօրեին հրավիրած խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչ խոսք, խիստ գնահատականներ հնչեցրեց։
Իհարկե, նախագահի հայտարարություններն ու գնահատականները տարբեր քաղաքական ուժեր, գործիչներ ու նրանց շարքերում հայտնվել երազող տարբեր լրագրողներ կփորձեն կամ արդեն փորձել են մեկնաբանել յուրաքանչյուրն իր քաղաքականացված «զանգակատնից»։
Եվ բազմազան մեկնությունների (մեկնությունների, այլ ոչ թե մեկնաբանությունների) պարագան նկատի առնելով, երեւի թե զարմանալի ոչինչ չկա, որ մի մասը տեղի ունեցածն արդեն անգիր արած ներկայացնում է որպես իմիտացիա, մյուսները շեշտը դնում են առաջիկա ընտրությունների հանգամանքի վրա, դրանով պայմանավորում գրեթե ամեն ինչ, երրորդները արդեն կադրային ինչ-որ տեղաշարժերի ու փոփոխությունների ամբողջական սխեմաներ են գծում եւ այդպես շարունակ։
Կոնկրետ ընտրություններին կամ նախընտրական գործոնին նման մի առիթով արդեն անդրադարձել ենք, ուստի այստեղ արժե ուղղակի հակիրճ նկատել. կաղ ձիով ճանապարհ չեն ելնում։ Այսինքն՝ հնարավոր է, որ այդ գործոնը նույնպես որոշակի ազդեցություն ունի, բայց դա ավելի շուտ դրական պահ է, քան բացասական։
Սակայն դառնանք հիմնականին, այսինքն՝ բուն խորհրդակցության ընթացքում նախագահի այն հայտարարություններին, որոնք ներկայացվեցին հանրությանը։ «Ես պահանջում եմ բոլորից սկզբունքայնություն: Յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն ունենա, եւ այդ պատասխանատվությունը պետք է ֆիքսված լինի»,- իրավապահ համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչներին դիմելով՝ ասել է պետության ղեկավարը։
Իսկ որո՞նք են իրավապահների սկզբունքները, եթե ոչ օրենքը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, օրինականությունն ու արդարությունը։ Մինչդեռ, ինչպես փաստվեց խորհրդակցության ընթացքում եւ ինչպես հուշում էին ներկայացված փաստերը, իրավապահ համակարգում, «որոշ մարդիկ հղփացել են»: Եվ հղփացել են այն աստիճան, որ սկսել են հենց իրենք թքած ունենալ օրենքի վրա, գործեր «սարքել» անմեղ մարդկանց գլխներին եւ այդպես շարունակ։ Նրանք երեւի մտածել են, թե իրենք, իրենց զբաղեցրած պաշտոնի ուժով, ուղղակի անխոցելի են, անպատժելի։
Փաստորեն նույն իրավապահ համակարգի մեկ այլ` արդեն նախկին բարձրաստիճան ներկայացուցչի՝ Հովհաննես Թամամյանի օրինակը մյուսների համար դաս ու խրատ չեղավ։ Այնինչ այնքան ակնհայտ էին թամամյանական օրինակի խրատները։
Նախեւառաջ, թող որեւէ մեկը սին պատրանքներ չունենա, որ, ասենք, մարզային կամ այդ կարգի այլ դատախազական կամ ոստիկանական պաշտոն ունենալով՝ արդեն իսկ անխոցելի է, ինչ ուզի՝ կանի, իսկ իրեն կամ իր հովանավորյալներին ոչ ոք չի ասի՝ «աչքի վերեւը հոնք կա», առավել եւս չի համարձակվի տեղը դնել նմանների «աչքը», «հոնքը» եւ «պորտը»։
Ավելին, ոմանք գուցե կարծում են, թե կարող են իրենց ծանոթ-հարազատին, «մոտիկին» կամ պարզապես «ձեռք յուղողին» ազատել պատասխանատվությունից, իսկ փոխարեն այլ՝ անմեղ մարդկանց կրակը գցել, մի խոսքով, զանազան անօրինականություններ կատարել եւ այդ ամենը ծածուկ կմնա, աղմուկ չի լինի։
Հնարավոր է, որ ոմանք անգամ մտածել են, թե իրենց «սխրանքների» մասին երկրի ղեկավարին չեն զեկուցի կամ տեղեկատվության այլ աղբյուրներից նա այդ ամենի մասին չի իմանա։ Խորհրդակցության ժամանակ նախագահի թվարկած ուղղակի խայտառակ փաստերը վկայում են, որ օրինախախտ-իրավապահները այդ հարցում էլ են սխալ «մտածել»։ Նրանց արարքները, լինի փողոցում հրահրած ծեծկռտուք կամ աշխատասենյակում ոստիկանի ծեծ, ոչ միայն հրապարակային արձագանք են ստանում, այլեւ անխուսափելիորեն ներկայացվում են պետության ղեկավարին։
Ու այդքանով արդեն, թվում է, պետք է ընդհանրապես հարց չծագեր անթույլատրելի, ավելին՝ հանցավոր արարք կատարած այս կամ այն իրավապահ պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Սակայն, պարզվում է, հարց կա, անգամ անհրաժեշտություն կա, որ պետության առաջին դեմքն անդրադառնա այդ հարցին։
Սա նշված խորհրդակցության ընթացքում արծարծված եւս մեկ կարեւոր շեշտադրում է։ Հատկանշական է, որ նշված դեպքերից մեկի մասին խոսելիս նախագահը մասնավորապես նկատել է. «Եվ անպայման ես պետք է միջամտեմ, որպեսզի այդ մարդը ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկվի, այլ ուղղակի նրան ազատեն դատախազության համակարգից»:
Այստեղ, իհարկե, հարց է ծագում՝ ինչո՞ւ, օրինակ, տվյալ պաշտոնյան, որի մասին խոսվում է, չի ենթարկվել քրեական պատասխանատվության։ Այսինքն՝ «յուրայինին չհանձնելու» տարբերա՞կն է գործել, թե՞ «մունդիրի պատիվը պահելու»։ Բայց, մյուս կողմից, ինչպե՞ս կարող է կարգազանցը «յուրային» դիտվել իրավապահի համար, կամ նման իրավախախտումների պարագայում էլ ի՞նչ «մունդիր»։
Պարզ ասած՝ իրավապահ համակարգի ղեկավար-ներկայացուցիչները պետք է լուրջ հետեւություն անեն այս ամենից։ Իսկ այդ հետեւությունների շարքում թերեւս հիմնականն այն պետք է լինի, որ մեր երկրի իրավապահ կառույցները պետք է ինքնամաքրվեն ամենից առաջ։ Այսինքն՝ ինքնամաքրման բավարար կամք պետք է դրսեւորվի։

Տ. ՄԻՐԶՈՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031