Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Սուքիասյանի թրաֆիքինգի զոհերը

Հոկտեմբեր 31,2012 10:41

Գործարար, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկը, պարզվում է, «քցել է» ոչ միայն Փայլակ Հայրապետյանին, այլեւ մի ամբողջ խումբ մարդկանց, որոնց անցած տարի տարել է Աֆրիկայի Սիերա Լեոնե Հանրապետություն՝ իր հանքերում աշխատելու։ Աշոտ Սուքիասյանը նրանց խոստացել է ամսական 2 հազար ԱՍՆ դոլար աշխատավարձ եւ, իսկապես՝ սկզբում որոշ վճարումներ արել է, ապա դադարեցրել, եւ մինչ օրս նրանք Սուքիասյանից չեն կարողանում ստանալ իրենց փողերը։ Խոսքը բավական մեծ գումարների մասին է։ «Ճիշտ է, պայմանագիր չենք ստորագրել, բայց պայմանավորվածություն է եղել, որ ամսական 2 հազար դոլար աշխատավարձ պիտի տար։ Գնացել-աշխատել ենք, ընթացքում հազարը տվել ա, վերջինն ստացել ենք ապրիլի 5-ին, բայց 9 հագար դոլարի չափով պարտք ա ու ոչ միայն ինձ։ Գրիշային էլ ա պարտք, բժիշկ ունեինք՝ Հրանտ Մուրադյան, նրան էլ ա պարտք, Ղուկասին էլ ա պարտք, մի ուրիշ բժշկի, ու մի հոգի էլ մահացավ՝ նրանց էլ ա պարտք (թվարկում է բրիգադի անդամներին)»,- մեզ հետ զրույցում պատմեց Արա Հակոբյանը, ով Սիերա Լեոնե էր մեկնել որպես հորատողի օգնական։

Արա Հակոբյանի պատմելով, իրենց բրիգադն այնտեղ է մեկնել հանքերում հետազոտություններ, ուսումնասիրություններ անելու, փորձանմուշներ վերցնելու համար, որից հետո նոր միայն պետք է սկսվեր հանքերի շահագործումը։ Սիերա Լեոնե արտագնա աշխատանքի մեկնած անձանցից մի մասին 10 ամիս անց մի կերպ է հաջողվել հետ վերադառնալ Հայաստան։ Իսկ բրիգադի անդամներից մեկը՝ Արմեն Կարապետյանը, հանկարծամահ է եղել Աֆրիկայում, եւ մի քանի հոգի դիակը մի կերպ տեղափոխել են Հայաստան, իսկ 2-3 հոգի դեռ Աֆրիկայում են եւ, ընկերների պատմելով, գումար չունեն, որ վերադառնան։ «Հրանտի կինն ամեն օր զանգում-լացում ա, անչափահաս երեխա ունեն, ասում ա՝ թքած ամեն ինչի վրա, թող իմ ամուսնուն ուղարկեն գոնե»,- պատմեց Արա Հակոբյանը։ Նույնքան գումար Սուքիասյանը պարտք է նաեւ Գրիգոր Ջանոյանին, ով Սիերա Լեոնեում մասնակցել է երկրաբանահետախուզական աշխատանքներին։ «Մայիսից մինչ օրս սպասում ենք, որ մեր փողերը կտան, բայց ոչ մի նորություն։ Կոնկրետ ինձ 9 հազար դոլար ա պարտք, մեր մահացած ընկերոջը՝ 6-7 հազար, բժիշկներին՝ 19-20 հազար դոլար, իսկ բուրավիկին՝ 30 հազար։ Թե երբ ու ով պիտի տա էդ փողերը, չենք հասկանում։ Բայց մեր պահանջն էն ա, որ մեր փողերը տա, մենք էդ փողն աշխատել ենք, նվեր չենք ուզում»,- վրդովված ասում է խմբագրություն եկած Գրիգոր Ջանոյանը։

Նրանք այս տարվա հունիսին գործարար Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա (հիշեցնենք, որ գործարարը գրավ է դրել իր ողջ գույքը եւ «Ամերիա» բանկից 12 մլն դոլար վարկ ստանալով՝ Սուքիասյանին է տվել, որպեսզի վերջինս ներդնի ադամանդի մշակման գործում) հարուցված քրեական գործի շրջանակներում կանչվել են հարցաքննության, պատմել իրենց գլխին եկածը, սակայն դիմումներ դեռ չեն գրել ոստիկանությանը, չեն բողոքել։ «Գնացինք քննիչի մոտ, պատմեցինք ինչ եղել ա, բայց դիմում չենք գրել։ Քննիչներն ասեցին, որ կարաք բողոքեք, բայց որ ինքը ստեղ չի, ոչինչ չի ստւսցվի»,- ավելացրեց Ջանոյանը, միեւնույն ժամանակ վստահեցնելով, որ իրենց երկու ընկերների վերադարձից հետո իրենք պատրաստվում են միասին գնալ ոստիկանություն եւ բողոք ներկայացնել։ «Նրանք էլ կգան եւ մենք բոլորս միասին կբողոքենք»:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031