Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հոգնած էլիտաները և համանախագահների հերթական հայտարարությունը

Հոկտեմբեր 31,2012 10:22

Հետաքրքիր օրինաչափություն կարելի է նկատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին տարիների հայտարարություններում: Որոշակի առաջընթացի հույս արտահայտող հայտարարություններին գալիս են կողմերին զսպման կոչերը: Դա կապված է մե՛կ դիպուկահարային պատերազմի, մե՛կ Սաֆարովի դեպքի կամ էլ Ադրբեջանի մեկ այլ ապակառուցողական քայլի հետ: Որպես կանոն, հերթական հանդիպման ժամանակ համանախագահները բոլոր կողմերին կոչ են անում զսպվածության, իսկ արդեն հաջորդ հանդիպման ժամանակ «կարևորում են կողմերի միջև լարվածության թուլացումը, ինչպես նաև ներկայացնում խաղաղ գործընթացը առաջ մղելուն ուղղված իրենց գաղափարները»:

Կարելի է փաստել, որ Ադրբեջանն իր քայլերով և կամակորություններով ղեկավարում և ուղղորդում է Մինսկի խմբին՝ ղարաբաղյան բանակցությունների ամբողջ գործընթացը պահելով սեփական քմահաճույքի իշխանության ներքո:

Որպես կանոն, վերջին տարիներին հայկական դիվանագիտությունը համրորեն հետևում է այս իրողություններին, ավելին, ամբողջովին դառնում է Ադրբեջանի թելադրած խաղի մասնակիցը:

Նման վարքը ես կբացատրեի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կարծրատիպերով, ինչպես նաև գործընթացից հոգնածությամբ: Հայաստանյան իշխանությունները մինչ այժմ զլանում են Արցախի միջազգային ճանաչման գործընթաց սկսելը, Արցախը ճանաչելը կամ գոնե Արցախի հետ ռազմավարական պայմանագիր ստորագրելը (ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս նման պայմանագրեր ստորագրել նաև չճանաչված երկրների հետ): Տարբեր երկրների վարչատարածքային միավորների կողմից Արցախի ճանաչումը ՀՀ քաղաքականության արդյունք չէ, դրանք հիմնականում հայկական լոբբիստական կազմակերպությունների աշխատանքի պտուղն են, որոնք շատ հաճախ ՀՀ-ի հետ չեն համաձայնեցվում: Հայաստանի Հանրապետությունը նաև ջանքեր չի գործադրում Արցախին բանակցային գործընթացում կարևոր դերակատար դարձնելու համար: Ավելորդ «բեռ» չստանձնելու, «նոր գլխացավանք» չունենալու համար ՀՀ իշխանություններն ուղղակի տրվում են Ադրբեջանի կողմից ուղղորդվող բանակցային տրամաբանությանը՝ անկարող լինելով նոր մոտեցումներ առաջ քաշել:

Այս ամենի պատճառով ղարաբաղյան հակամարտության գլխավոր դերակատարը դարձել է Ադրբեջանը: Պաշտոնական Ստեփանակերտը առանց Երևանի համաձայնության քայլեր չի ձեռնարկում: 15 ամիս ԱԳ նախարարի պաշտոնը թափուր պահելուց հետո նոր նախարարի նշանակումը նույնպես մեծ փոփոխություններ չի կարող առաջացնել այս ամենի մեջ: ՀՀ նախագահականին սպասարկող վերլուծական կենտրոնը ոչ թե տարբեր խնդիրների վերաբերյալ առաջարկներ ներկայացնող մարմին է, այլ լավագույն դեպքում ՀՀ-ում վարվող քաղաքականության արդարացնողն ու այն քննադատողներին պատասխանողը:

Նման իրավիճակում ելքը միայն Երևանում և Ստեփանակերտում նոր կոմպետենտ քաղաքական թիմերի առաջացումն է, թիմեր, որոնք ի վիճակի կլինեն առաջ քաշել նոր գաղափարներ, լոբբինգ անել դրանք ու տարբեր մեթոդներով առաջ մղել, իրենց հետևից տանել մարդկանց: Ժամանակն է հրաժարվել հոգնած էլիտաներից և նոր ելքեր փնտրել կյանքի տարբեր ոլորտների ճգնաժամերից դուրս գալու համար:

CIVILNET

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031