Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի գլխավորած իշխող կուսակցությունը պահպանել է մեծամասնությունը երկրի օրենսդրական մարմնում
ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը որպես «Ուկրաինայում ժողովրդավարության հետընթաց» է գնահատել երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունները:
Այս մասին արտգործնախարար Քլինթընը հայտարարել է՝ հանդես գալով լրագրողների առջև երեքշաբթի օրը Բոսնիայի և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում:
Խորհրդարանային ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի գլխավորած իշխող կուսակցությունը պահպանել է մեծամասնությունն օրենսդրական մարմնում: Ներկայիս տվյալների համաձայն, Յանուկովիչի գլխավորած «Տարածաշրջանների կուսակցությունը» 25-ից 31տոկոսով ավելի շատ ձայն է ստացել, քան բանտարկության մեջ գտնվող նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը:
Կարդացեք նաև
Արտգործնախարար Քլինթընը «քաղաքական դրդապատճառներ ունեցող» է անվանել Տիմոշենկոյի գործը և հորդորել Ուկրաինայի ղեկավարությունը «անմիջապես դադարեցնել քաղաքական ընդդիմախոսների կամայական հետապնդումն ու բանտարկությունը»:
«Կոչ ենք անում ղեկավարությունը դադարեցնել Ուկրաինայի դեպի հետ կատարվող հոսքը և կրկին ապրել՝ համապատասխանելով Ուկրաինայի ժողովրդի ձգտումներին», – ասել է արտգործնախարար Քլինթընը:
ԵԱՀԿ-ի դիտորդների համաձայն, Ուկրաինայի նախագահի կուսակցությունն օգտագործել է միջոցներ պետական բյուջեից՝ նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու նպատակով, ինչպես նաև ոչ պատշաճ եղանակով է վերահսկել տեղեկատվական հոսքերը:
Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը սակայն հերքել է երկրի խորհրդարանական ընտրությունների քննադատությունը՝ նշելով, թե դիտորդական մի քանի առաքելություն «դրական» են գնահատել ընտրությունների ընթացքը:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»