Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչողական այցով Սյունիք են ժամանել հանրապետությունում գործող տուրիստական գործակալներ եւ լրագրողներ

Հոկտեմբեր 30,2012 22:53

Շիկահողի արգելոցը

Դեռեւս մի քանի ամիս առաջ իտալացի փորձագետ Նադիա Պասկուալը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) Ձեռնարկությունների զարգացում ու շուկայի մրցունակություն ծրագրի (EDMC) եւ Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի հյուրընկալության ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում որպես կարճաժամկետ խորհրդաատու Սյունիքում էր, ուսումնասիրում էր տեղանքը, բացահայտում տուրիզմի զարգացման հնարավորությունները՝ գնահատելով էկոտուրիզմի առկա ներուժը մարզի տարածքում:

Մեզ հետ ունեցած զրույցում իտալուհի փորձագետը նշել էր, որ Սյունիքի հարավը մեծ պոտենցիալ ունի էկոտուրիզմի զարգացման համար: «Շատ հետաքրքիր տարածաշրջան է, բայց, դժբախտաբար, լավ բացահայտված չէ, եւ դա այն պատճառով, որ Երեւանից հեռու է դիտվում՝ որպես տուրիստական երթուղի, սակայն այստեղ շատ բան կա առաջարկելու տուրիստներին: Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն իրենց պահպանվող վայրի բնությամբ ու գրավիչ տարածքներով էկոտուրիզմի զարգացման մեծ հեռանկարներ ունեն, որոնցից շատերի տեղը նույնիսկ հայ տուրիստները չգիտեն», -ասել էր Նադիա Պասկուալը: Սյունիքի հարավը պահպանվող տարածքների քանակով՝ արգելավայրերով, արգելոցներով ու ազգային պարկով, հանրապետությունում առաջինն է:

Նույն ծրագրի շրջանակներում  ճանաչողական այցով այսօր Սյունիք են ժամանել Հայաստանում գործող տուրիստական գործակալներ և լրագրողներ, ովքեր Սյունիքում կլինեն մինչեւ նոյեմբերի 1-ը:  Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը նրանք կծանոթանան տարածաշրջանի էկոտուրիզմի եւ  գյուղական տուրիզմի հնարավորություններին, առավելություններին եւ առանձնահատկություններին: Նրանց համար կազմակերպվելու են  էքսկուրսիաներ USAID/EDMC կարճաժամկետ խորհրդատու Նադիա Պասկուալի կողմից մշակված երթուղիներով: Մարզ ժամանած հյուրերը  կայցելեն  «Շիկահող» պետական արգելոց ու «Սոսիների պուրակ» արգելավայր, Շիկահողի պետական արգելոցի հարակից գյուղերի հյուրատներ, ինչպես նաև կլինեն հարավային Սյունիքում գտնվող պատմամշակութային հայտնի հուշարձաններում:

Ի սկզբանե նախատեսված է եղել կազմակերպել հանդիպումներ հատուկ պահպանվող տարածքների, թանգարանների, հյուրանոցային եւ սննդի ծառայությունների տնօրենների հետ: Այցի մասնակիցների համար հնարավորություններ են ստեղծվել տեղում ծանոթանալու առկա տուրիստական ծառայություններին, ավանդական խոհանոցին, հանդիպելու տուրիստական զբոսավարների հետ և այլն: Տուրիստական գործակալներից եւ լրագրողներից բաղկացած խումբն ասօր եղել է Կապանի երկրագիտական թանգարանում, որտեղ ծանոթացել է Կապանի պատմությանը, որից հետո Կապանի քաղաքապետարանում կազմակերպված հանդիպման ժամանակ ծանոթացել է տարածաշրջանում ծառայություններ մատուցող կառույցների ներկայացուցիչների հետ, ակտիվ քննարկումներ ու պայմանավորվածություններ ձեռք բերել` հիմք դնելով հետագա համագործակցության:

Քաղաքապետարանում տեղի ունեցավ նաեւ ծրագրի շրջանակներում վերջերս հրատարակված Սյունիքի մարզի տուրիստական ուղեցույցի շնորհանդեսը, որն իր մեջ  ներառում է նաև քարտեզներ եւ երթուղիների նկարագրություններ:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031