Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հոկտեմբերի 30-ի նիստում որպես վկա հարցաքննվեց զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սեյրան Ղազարյանը: Նրան հարցեր տրվեցին «Ղոզլու» մարտական հենակետի զինծառայողներին կարգապահական տույժի, կալանքի ենթարկելու վերաբերյալ նրա հրամանների, այդ առթիվ ծառայողական քննության եւ այլնի հետ կապված:
Դատավարության կողմերը, բացի մեղադրողներից, համոզված են, որ նման հրամաններ չեն եղել, որ Նազարյանի մահվան դեպքից հետո բոլոր զինծառայողները ապօրինի տարվել են ռազմական ոստիկանություն, ուր կալանքի տակ պահվել են եւ ճնշման ներքո նրանցից կեղծ ցուցմունքներ են կորզվել: Տուժողի իրավահաջորդի, վերջինիս ներկայացուցիչների եւ ամբաստանյալների պաշտպանների վկայությամբ, որպեսզի նախաքննության ընթացքում կալանքի տակ, հոգեբանական ճնշման ներքո գտնված զինծառայողների ցուցմունքները դատարանի կողմից անթույլատրելի ապացույց չհամարվեն, մեղադրող կողմը հայտարարել է, որ հենակետի զինծառայողները ռազմական ոստիկանություն են տարվել ոչ թե Նազարյանի մահվան դեպքի կապակցությամբ, այլ՝ ներքին ծառայության կանոնագրքի կանոնների խախտման համար, զորամասի հրամանատարի հրամանով: Կոնկրետ ի՞նչ խախտումներ են թույլ տվել զինծառայողները: Այդ հարցին ի պատասխան գնդապետ Ղազարյանն ասաց,որ չի հիշում, արդեն երկու տարի է անցել, ինքն այն ժամանակ նորանշանակ հրամանատար լինելով, զինվորներին դեմքով չէր ճանաչում:
Զորամասից դատարան ներկայացված փաստաթղթերի մեջ չկան կարգապահական տույժի հետ կապված ծառայողական քննության նյութեր, դրանք ընդհանրապես գոյություն չունեն: Այս առթիվ գնդապետ Ղազարյանն ասաց,որ ինքը ծառայողական քննությունը բանավոր է կատարել: Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը նրան հարցրեց, թե իրավունք ունեի՞ն դեռեւս զինվորական երդում չտված անձնավորությանը կարգապահական տույժի ենթարկելու: Գնդապետ Ղազարյանն ասաց՝ ոչ: Հ. Գեւորգյանն ասաց, որ դեռեւս զինվորական երդում չտված Վարդան Մկրտչյանին 7 օր զինվորական ոստիկանությունում կալանքի տակ են պահել, ինչն արտառոց երեւույթ է:
Հենակետի զինվորները ռազմական ոստիկանություն են տարվել հուլիսի 27-ին՝ Նազարյանի մահվան օրը, իսկ Ղազարյանի հրամանները թվագրված են հաջորդ օրը: Ս. Ղազարյանն ասաց, որ լինում էին դեպքեր, երբ ինքը հրամանը տալիս էր բանավոր, այն հրամանների գրքում գրառվում էր հաջորդ օրը: Պաշտպան Հ. Գեւորգյանը դատարանին միջնորդեց անցկացնել Արտակ Նազարյանի հետմահու կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն: Պաշտպանը նախկինում նման միջնորդություն էր ներկայացրել,որը դատավոր Ս. Մարդանյանը մերժել էր:
Կարդացեք նաև
Հ. Գեւորգյանն ասաց,որ ինքը միջնորդություն է ներկայացնում նոր հիմքերով: Գեւորգյանը միջնորդության մեջ նշեց, որ հոգեբան փորձագետ Էլդա Գրինը, որպես ելակետային տվյալներ, վերցրել է նախաքննության ընթացքում կալանքի տակ գտնված զինվորներից կորզված, ոչ ճիշտ ցուցմունքները, իբր Նազարյանը եղել է թույլ սպա,զինվորները նրան արհամարհել են, նա եղել է հոգեճնշված վիճակում, չի ցանկացել ծառայել: Սակայն այդ զինվորները դատարանում հակառակն են ասել,որ Նազարյանը ֆիզիկապես թույլ չէր, կարողանում էր պաշտպանել իրեն, նրա հրամանները կատարվում էին: Ըստ պաշտպանի՝ փորձագետը տեղեկություններ չի ունեցել Նազարյանի կյանքի վերջին 6 ժամերի ընթացքում նրա ստացած վնասվածքների պատճառի մասին, Նազարյանը մահից մեկ-մեկուկես ժամ առաջ եղել է միջին խմածություն վիճակում, որ գոյություն չունի միջին խմածության վիճակում գտնված անձի հետմահու դատահոգեբանական փորձաքննության պրակտիկա: Պաշտպան Գեւորգյանի միջնորդության միացան բոլոր՝ 5 ամբաստանյալները, նրանց պաշտպանները, տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ վերջինիս ներկայացուցիչները: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, պաշտպան Մուշեղ Շուշանյանն ասաց,որ իրենք միջնորդությանը կողմ լինելով հանդերձ, առարկում են դրա մեջ ներկայացված, փորձագետին ուղղվելիք հարցերին: Դրանք վերաբերում են Նազարյանի ինքնասպանության հնարավոր պատճառներին,մինչդեռ տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչները համոզված են ,որ Նազարյանն ինքնասպան չի եղել, նրան սպանել են:
Դատական հաջորդ նիստին,որը կկայանա նոյեմբերի 7-ին, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները կներկայացնեն այդ առթիվ իրենց գրավոր առարկությունները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ