Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհրդի առաջարկը նախագահին. «Անվավեր ճանաչել Կառավարության թիվ 2 մասնաշենքի օտարման մասին որոշումը»

Հոկտեմբեր 30,2012 21:38

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի ունեցավ Կառավարության թիվ 2 մասնաշենքի (Արտաքին գործերի նախարարության շենք) վաճառքի հարցի վերաբերյալ հանրային քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Քննարկման ավարտից հետո ՀՀ հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելիության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանն ընթերցեց ենթահանձնաժողովի կայացրած որոշումը. «Հանրապետության հրապարակի, այդ թվում` Կառավարության թիվ 2 տան` պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում գրանցված լինելու հանգամանքը հիմք է ընդունում, որ ցանկացած հուշարձան գնահատվում է իր առկա ամբողջականության մեջ, այն է ` հատակագիծ, կտրվածքներ, ճակատներ եւ այլն: Օտարման եւ վաճառքի դեպքում հաշվի չառնել ամբողջականության պայմանը` արդեն իսկ խախտում է: Ներկա գործընթացի մեջ տեսնում ենք ազգային արժեքների եւ խորհրդանիշերի ոչնչացման ակնհայտ միտում: Վաճառքի այս գործընթացը սկսվել  «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության  եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի կոպիտ խախտումներով: Հանրապետության Հրապարակը`  իր ամբողջականության մեջ  եւ իր բոլոր կառույցներով, պետության եւ ժողովրդի կողմից ընդունված ու հաստատված ներդաշնակ համալիր է, որը խորհրդանշում է Հայաստանի պետականությունը: Կառավարական թիվ 2 տունը  նախատեսվել, կառուցվել եւ հաստատվել է որպես վարչական շենք եւ կարող է  օգտագործվել միայն այդ նպատակով: Կառավարական թիվ 2 տունը հայ ճարտարապետության պատմության զարգացման կարեւորագույն օղակներից է, որի ոչնչացման կամ խաթարման դեպքում  խաթարվում է նաեւ պատմության շղթան: Ի վերջո, քաղաքական աշխարհին ներկայանալիս ՀՀ-ն հանդես է գալիս այս կառույցի տեսքով»:

Ելնելով վերոնշյալից` պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելիության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը որոշեց ՀՀ նախագահին ներկայացնել առաջարկությունների հետեւյալ փաթեթ:

«1. Անվավեր ճանաչել եւ չվավերացնել Կառավարական թիվ  2 տան վերաբերյալ 2012թ-ի հոկտեմբերի  4-ի ՀՀ Կառավարության որոշումը, իսկ կառույցը համարել անձենմխելի` օրենքի սահմանման համապատասխան: Նշված շենի օտարման գործարքի հարցի քննության արդյունքում պատասխանատվության ենթարկել անօրինականություններ կատարած յուրաքանչյուր անռձի:

 

2. Հանրապետության Հրապարակն ընդգրկված է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, եւ նրա մասը կազմող շենքը անձեռնմխելի է, ենթակա չէ ձեւափոխման:

 

3. Հավանություն տալով մայրաքաղաքում հյուրանոցների կառուցման ձեռնարկումներին,  ճարտարապետաշինարարականեւ քաղաքաշինության զարգացման չափանիշներին համապատասխան` նման օբյեկտների համար տրամադրել բացառապես ազատ կամ իրացման ենթակա տարածքներ` ոչ միայն քաղաքի կենտրոնում, այլեւ մյուս թաղամասերում:

4. Դադարեցնել հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների ու կառույցների օտարումը կամ վաճառքը:

5. Նկատի ունենալով, որ Կառավարության թիվ 2 տան տարածքում գործում են մի քանի նախարարություններ եւ այլ կազմակերպություններ, անընդունելի համարել շինությունը որպես միայն ԱԳ նախարարության շենք անվանելու միտումնավոր ու հեռագնա նպատակներ հետապնդող ձեւը: Բացի այդ, միջոցներ ձեռնարկել` բացառելու հակաազգային եւ հակասահմանադրական որոշումների կայացումը եւ ազգային արժեքների հետ կապված որոշումների կայացումը` առանց հանրային կարծիքն իմանալու»,-հայտարարեց Ասրյանը:

Որոշումը հանրային խորհրդի կողմից խմբագրվելուց հետո` նոյեմբերի 3-ին, հանրային խորհրդի եւ ՀՀ նախագահի հերթական հանդիպման ժամանակ կներկայացվի նախագահին:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031