Լրահոս
Օրվա լրահոսը

Դերենիկ Դումանյանը գիտի ով` «ինչով է շնչում» , ոչ ոքից էլ չի վախենում

Հոկտեմբեր 30,2012 21:24

«Ես անկախ եմ ու անկաշկանդ, որեւէ մեկից ոչ քաշվում եմ, ոչ` վախենում, ոչ էլ որեւէ խնդիր ունեմ: Չկա որեւէ մեկն, որ ինձ ասի` սա` այսպես պիտի անես»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, պատասխանելով այն հարցին, թե մտավախություն չկա՞, որ ԱԺ որոշ պատգամավորներ, ունենալով կլինիկաներ, ապահովագրական ընկերություն, հնարավոր է լծակներ օգտագործեն` իրենց հիմնարկներում խախտումների վրա «աչք փակելու» համար եւ նախարարին  օրինակ բերեցինք, որ ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանին դե ֆակտո պատկանում է «Արաբկիր» բուժկենտրոնն ու «Գարանտ լիմենս» ապահովագրական ընկերությունը, իսկ Սամվել Ալեքսնյանին էլ պատկանում է «Մալաթիա» բուժկենտրոնը:

Նախարարին նաեւ հիշեցրինք, որ վերջերս Վրաստանի առողջապահության, աշխատանքի եւ սոցպահովության նախարարի թեկնածու Ամիրան Գամկրելիձեն հրաժարվեց իրեն առաջարկված պաշտոնից, ընդամենն այն պատճառով, որ իր որդին ապահովագրական  մասնավոր ընկերության ղեկավար է, եւ, ըստ նրա, դա բարոյական անհարմարություններ կստեղծեր իր համար: Արդյոք մեր նախարարի համար էլ բարոյական անհարմարություններ եւ շահերի բախում չե՞ն լինի, բայց Հայաստանի դեպքում` պաշտոնատար անձանց հետ, պարոն Դումանյանն ասաց. «Ես որեւէ շահագրգռվածություն չունեմ, ու ես ինձ իսկապես անկախ եմ զգում` բոլոր հարցերը օբյեկտիվ լուծելու համար: Իսկ եթե ԱԺ-ում որեւէ օրենք էլ քննարկվի, անպայման նախարարությունն իր կարծիքը կհայտնի, եւ որեւէ մեկը չի կարող իր լոբբինգն անել: Եթե այդ հիմնարկներում որեւէ խնդիր էլ լինի, ես կարող եմ միջամտել, մանշանակ, մի’ կասկածեք: Մինչեւ հիմա այս 4 ամսում, բոլոր կասկածները` բոլորի մոտ վերացել են: Ես երկար տարիներ այս համակարգում եմ, գիտեմ լավ եւ վատ կողմերը: Լավն այն է, որ համակարգը լավ գիտեմ, գիտեմ ով` ինչով է շնչում, ով` ինչով է առաջնորդվում: Իսկ վատն այն է, որ քո կոլեգաներն են ու երկար տարիների ընթացքում նաեւ ընկերներ են: Բոլորն իմ բնավարությունը գիտեն, ես բոլորին խնդրել եմ, ասել եմ` ընկերությունը` ընկերություն, բայց  պետք է բոլորս մեր ուժերը ներդնենք, որ կարգ ու կանոն սահամանենք համակարգում,  եթե նույնիսկ ի վնաս ձեզ` մասնավորի կամ չգիտեմ` անձնականի: Բոլորը ինձ խոստացել են, որ հենց այդպես էլ աշխատելու են»:

Պարոն Դումանյանի վստահեցմամբ` այն հիմնարկներում որտեղ պետպատվեր կա, եւ եթե որեւէ քաղաքացի դժգոհություն ներկայացնի կամ կաշառք վերցնելու դեպք արձանագրվի, պայմանագիրը կլուծարեն, պետպատվերն էլ այդ կլինիկայից կհանեն. «Հիմա խաղի կանոնները պետք է հստակ դնել, որ բոլորն իմանան` այսպես է լինելու, ու բոլորն էլ գիտեն`  ես երբեք իմ ասածից հետ չեմ կանգնում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031