Ինչպես հայտնել էինք, Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում այսօր տեղի ունեցավ Կառավարության թիվ 2 մասնաշենքի (Արտաքին գործերի նախարարության շենք) վաճառքի հարցի վերաբերյալ հանրային քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
ՀՀ կառավարությանն առնթեր Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը հիմնավորեց Կառավարության որոշումը` գործարքը համարելով օրինական եւ վերջին տարիներին ամենահաջողվածը:
Հանրային քննարկմանը ներկա տարբեր հասարակական կազմակերպությունների եւ կառույցների ներկայացուցիչները Կառավարության ներկայացուցչի ելույթը լսելուց հետո դեմ արտահայտվեցին որոշմանը:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի կարծիքով` գործարքը միայն նյութական շահ է հետապնդում. «Դրանում բացակայում է բարոյական բաղադրիչը, հետեւաբար` գործարքն իրականացնողները ունեն ոչ թե պետական, այլ ֆինանսական մտածելակերպ: Առհասարակ, բարոյականությունը եւ պետականությունը անբաժան են. եթե պետությունը բարոյական չէ, ժողովուրդը հեռանկար չունի: Եթե պետությունը չի շարժվում իր օրենքներով, ուրեմն անբարոյական տարրեր է ցուցադրում»: Ճարտարապետը վստահ է, որ գործարքն իրականացնելու որոշումն ընդունվել է օրակարգից դուրս եւ անգամ չի քննարկվել. «Պետական գույքը համաժողովրդական արժեք է, եւ երբ այն օտարում են, վերանում է նրա իմաստը: Այդ մենք պետք է որոշեինք` կարելի էր շենքին ձեռք տալ, թե ոչ: Շենքը Հանրապետության Հրապարակի մի մասն է կազմում, իսկ Հրապարակը մեր ազգային դիմագիծն է»:
Կարդացեք նաև
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով` ժողովուրդը կորցրել է վստահությունը Կառավարության հանդեպ. «Հանրապետության Հրապարակը միջազգային կարգի հուշարձան է, եւ չի կարելի դրա հետ այդպես վարվել: Այն սիմվոլ է համայն հայության համար, ինչպես Գերբը եւ Եռագույնը: Տպավորություն է ստեղծվում, թե Կառավարության 2-րդ մասնաշենքը մեր վերջին ռեսուրսն էր, դրա համար էլ վաճառքի ենք հանել: Կառավարությունը պետք է քաջություն ունենա ետ վերցնել որոշումը»:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը կողմ արտահատվեց Կառավարության որոշմանը. «Ժողովուրդն իսկապես մտահոգված է, որ հյուրանոցի վերածվելիք հինգհարկանի շենքը կարող է դառնալ յոթհարկանի եւ այդպես շարունակ: Անձամբ կողմ եմ գործարքին. Հրապարակի պատմամշակութային ամբողջությունը պահպանելով հանդերձ` ողջ Կառավարությունը պետք է Հրապարակից դուրս գա եւ թեթեւացնի կենտրոնը, որովհետեւ քաղաքացիները հոգնել են քաղաքի կենտրոնում սեւ մեքենաներ, «ախռաննիկներ» եւ փակ ճանապարհներ տեսնել: Քանիցս մեզ խաբել են, եւ մենք հույս չունենք, որ շենքը չի փոփոխվի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ