Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ընտանեկան գերեզմանը` տատի ու պապի աճյունն էլ հետը վաճառել են

Հոկտեմբեր 30,2012 20:18

Մոսկվաբնակ գյումրեցի Գայանե Մուրադյանը, այսօր  Գյումրու ժուռնալիստների    «Ասպարեզ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, նեղվելով   Հայաստանում տիրող «ամենաթողության» վիճակից,  ՀՀ քաղաքացի համարվող, սակայն  Մոսկվայում  մահացած ու հենց այնտեղ  հուղարկավորված  հոր կենսաթոշակը  անհարկի ձևով իրեն չհատկացնելուց, վրդովվեց նաև Գյումրու գերեզմանոցներում տիրող պատկերից:

Ըստ նրա, «Շիրակ » գերեզմանատանը թաղված են եղել  իր տատն ու պապը, որոնք մահացել են 1988 և 1989 թվականներին: 2002 թվականին էլ մահացել է նրա մայրը` Ջուլիետա Մուրադյանը, որին հուղարկավորել են ծնողների կողքին` ընտանեկան գերեզմանոցում: Եվ երբ դուստրը` Գայանե Մուրադյանը, մեկնել է Մոսկվա, որոշ ժամանակ անց  նրան տեղեկացրել են գալ ու տեղափոխել մոր աճյունը, քանի որ սխալ տեղ է թաղված, այլապես սպառնացել են  «էքսկավատորով  փորել ու աճյունը տեղահանել»:

«Ես որոշ  ժամանակ անց իմացա, որ Սուսաննա ու Ռուզաննա անունով երկու կանայք մայրիկիս գերեզմանի վրա եղած մետաղյա հուշատախտակը ոչնչացրել են` պատճառաբանելով, թե այնտեղ Սուսաննայի ամուսինն է թաղված: Ես շատ լավ հիշում եմ, որ պապիկիս ու տատիկիս գերեզմանը բետոնյա լիցքից է, առաջարկել եմ  մասնագետներ հրավիրել ու պարզել բենտոնի հնությունը, ասենք մասնագիտորեն ուսումնասիրեին ու պարզեին, այն 88 թվի , թե՞ 97թվի  է, սակայն հրաժարվել են: Վստահ եմ, որ մեր պապական գերեզմանատեղին գերեզմանատան  աշխատողները վաճառել են, ես դիմել եմ  ոստիկանություն ու ՀՀ գլխավոր դատախազին,  սակայն իբր թե հանցակազմ չլինելու պատճառով բողոքս մերժել են»,- դժգոհեց տիկինը:Նրա ասելով, իրեն առաջարկում են տեղափոխել մորը աճյունը այլ տեղ, մինչդեռ  իրեն անհայտ է մնում, թե ինչո՞ւ նույն առաջարկը չեն անում գերեզմանոցի  նորահայտ տերերին: «Հետաքրքիր  է, ինչո՞ւ նրանց չեն առաջարկում, նրանց մեռելը մեկն է,  իսկ իմը `3-ը: Հենց այս առաջարկն էլ ապացուցում է այն, որ մեր ընտանեկան գերեզմանը վաճառել են, հանցավոր գործարքի մեջ են մտել, իմ տատն ու պապը այնքան արիստոկրատ մարդիկ են եղել, մի՞թե մի գերեզմանի իրավունք  չունեին իրենց հարազատ երկրում , կամ ինչո՞ւ երկու կոպեկի համար մարդկանց ոսկորները  հանգիստ չեն թողնում , մեռած մարդկանց վրա մեռել են թաղում,  հետո թուրքերի  ցեղասպանությունից են խոսում հա՞, փողը կուրացրել է , սա վանդալիզմ է:Աբսուրդն այն է, որ  տատիս ու պապիս  գերեզմանը ձեռքերիցս խլում են, բայց նախորդ ընտրություններին ես իմ աչքով եմ տեսել, թե ինչպես է այս մարդկանց անուն-ազգանունները Գոգոլի «Մեռած հոգիների» նման հայտնվել ընտրացուցակում»,-նեղսրտեց տիկինը` հավելելով, որ իրավապահներին դիմելուց հետո  նոր միայն իմացել է, որ գերեզմանատան  տնօրենը Վարդան  Ղուկասյանի բարեկամն է:

Տիկինը դժգոհեց, որ թե  ոստիկանությունը և  թե գլխավոր դատախազությունը բացարձակ անարձագանք են  թողել իր  բողոքը` առաջարկելով դիմել դատարան: «Հնար լինի հարազատներիս աճյունները կհանեմ  ու Մոսկվա կտանեմ, էս ի՞նչ է դարձել մեր հայրենիքը , գնացի գլխավոր դատախազի հետ հանդիպելու, ուղղակի փախավ հանդիպումից , ես զգում եմ, որ Հայաստանում  ոչ թե սով է, ինչպես դրսերում ներկայացնում են, այլ հոգու ու բարոյականության սով է սկսվել»,- ասաց Գայանե Մուրադյանը  : Aravot.am –ի այն հարցին էլ, թե ինչո՞ւ են հատկապես իրենց գերեզմանատեղին  վաճառել, տիկինն ասաց, որ  «Շիրակ»  գերեզմանատանը արդեն իսկ ասեղ գցելու տեղ չկա, և հանգուցյալներին հուղարկավորելու  համար  դեպի  սարերը գնացող    թեք տարածություններն են տրամադրում :Եվ քանի որ այնտեղ հասնելն  ուղղակի անհնար է,տանջանք է,  հետևաբար և իրենցը համարավետ տեղ է , դրել ու վաճառել են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031