Արդեն 5-րդ անգամ «Խաչվող ուղիներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, իսկ անցած տարվանից էլ վերջինիս ու «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության համատեղ աշխատանքի արդյունքում Վանաձորում անցկացվող «Բարին արա» ակցիան միտում ունի իր սահմանները ոչ միայն ընդլայնելու, այլեւ մեծացնելու այն կառույցների ու մարդկանց շրջանակը, ովքեր կցանկանան բարությամբ լցվել մյուսների հանդեպ:
«Այս տարի նամակներ ենք ուղարկել նաեւ Լոռու մարզպետին, Վանաձորի քաղաքապետին, ինչպես նաեւ ՏԻՄ-երի առանձին վարչություններ, ավագանու նորընտիր անդամներին, ԶԼՄ-ներին »,-տեղեկացնում է «Խաչվող ուղիներ» սոցիալական հասարակական կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Հասմիկ Հովսեփյանը:
Ծրագրի ավանդական մասնակիցների` դպրոցներ, բուհեր, քոլեջներ, անհատներ շարքում կազմակերպիչները ակնկալում են նաեւ տեսնել վերոնշյալ կառույցների ներգրավվածությունը:
Ծրագրի նպատակն է բարի գործերի շուրջ համախմբել քաղաքի ուժերը, միասնական դարձնել մարդկանց:
«Ամենակարեւորը բարության գաղափարի տարածումն է, եւ հուրախություն մեզ` տարեցտարի բարությունը վարակի պես տարածվում է մարդկանց շրջանում»,-ասում է Հասմիկ Հովսեփյանը:
Այցելություններ մանկատուն, ծերանոց, ծառատունկ, քաղաքի մաքրում, այցեր միայնակ ծերերի, նրանց նկատմամբ խնամք… յուրաքանչյուր վանաձորցի ինքն է որոշում` ինչպես օգտակար լինել մյուսներին:
«Լինում են դեպքեր, երբ այս կամ այն ընտանիք կամ տարեցի մեկ ամիս շարունակ այցելած անհատը ակցիայի ավարտից հետո էլ ցանկություն է հայտնում մշտական հովանավորության վերցնել նրանց, օգնել ողջ տարվա ընթացքում»,-տեղեկացնում է հանրային կապերի պատասխանատուն:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ