Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Աշոտ Մարկոսյան. ԱԳՆ շենքը բջջային հեռախոս չի, որ գնորդը դնի գրպանն ու տեղափոխի

Հոկտեմբեր 30,2012 17:42

Այսօր Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի ունեցավ Կառավարության թիվ 2 մասնաշենքի (Արտաքին գործերի նախարարության շենք) վաճառքի հարցի վերաբերյալ հանրային քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Քննարկումը կազմակերպել էին ՀՀ Հանրային խորհրդի երեք հանձնաժողովների համապատասխան ենթահանձնաժողովները (քաղաքաշինություն, մշակույթ, հուշարձանների պահպանություն): Հրավիրված էին նաեւ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները:

Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը կարեւորեց քննարկումը` խնդրի շուրջ ձեւավորված հասարակական բուռն արձագանքի տեսանկյունից. «Այստեղ ստեղծված հարթակը շահագրգիռ կողմերի համար հնարավորություն է ստեղծում տեսակետներ հայտնել, որոնք հետագայում կներկայացվեն կառավարությանը: Կարծիքներ կան, թե ինչ իմաստ ունի հանրային քննարկում անցկացնել, երբ շենքն արդեն վաճառվել է, սակայն յուրաքանչյուր քննարկում իր նշանակությունն ու արդյունավետությունն ունի եւ նպաստում է քաղաքացիական հասարակության կայացմանը»:

Քննարկման մեկնարկին ելույթի խոսք տրվեց ՀՀ կառավարությանն առնթեր Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանին: Վերջինս ներկայացրեց կառավարության թիվ 2 մասնաշենքի շուրջ կնքված գործարքի նպատակային լինելու խնդիրը. «Գործադիր մարմնի, այսինքն` կառավարության որոշումները միանշանակ խարսխվում են իրավական ակտերի վրա: 1998թ-ին կառավարության կողմից ընդունված «Հուշարձանների մասին» օրենքը կանոնակարգում է համապատասխան դաշտը եւ սահմանում օտարման ենթակա եւ ոչ ենթակա հուշարձանները, ինչպես նաեւ` սահմանում է հուշարձանի վաճառքի դեպքում գնորդի պարտավորությունները, մասնավորապես` պատմամշակութային արժեքի տեսքը պահպանելը: Կառավարության 2007թ-ի մարտի 15-ի 385 N որոշման համաձայն` կառավարության թիվ 2 մասնաշենքը ճանաչվել է օտարման կամ վաճառքի ենթական հուշարձան: Գնորդը պարտավորվում է մեծ ծավալի ներդրումներ կատարել եւ կառավարության թիվ 2 մասնաշենքն առանց արտաքին տեսքը փոփոխելու` դարձնել հինգ աստղանի հյուրանոց, իսկ Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցել ԱԳՆ նոր շենքը: Հետեւաբար, օտարման տեսանկյունից գործարքն օրինական է»:

Մարկոսյանը հավելեց, որ զուր են մտահոգություններն այն մասին, թե կառավարության թիվ 2 մասնաշենքը հետագայում հնարավոր է` երեսուն հարկանի շենք դառնա:

Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ շենքի գնահատումը կատարվել է շուկայական մեթոդով` անշարժ գույքի գնահատման օրենքի համաձայն. «Կարծիք կա, թե շենքը շուկայականից էժան գնով է վաճառվել, բայց կարող եմ վստահեցնել, որ սա վերջին տարիներին կառավարության կնքած ամենահաջող գործարքներից է»:

Պարոն Մարկոսյանը նաեւ անդրադարձավ կառավարության թիվ 2 մասնաշենքը հյուրանոցային համալիրի վերածելու նախագծին եւ հայտնեց, որ այն դեռեւս մշակման փուլում է եւ առաջիկայում ներկայացվելու է քաղաքապետարանին. «Ըստ էության, շենքը արտաքինից փոփոխություններ չի կրելու: Այն ատրիբուտները, որոնք շենքի արժեքն են գնահատում, ձեւափոխման չեն ենթարկվելու: Վերջիվերջո, շենքը բջջային հեռախոս չէ, որ գնորդը դնի գրպանն ու տեղափոխի»:

Շենքի գնորդի հասցեին հնչող տարբեր մեկնաբանությունների վերաբերյալ Մարկոսյանն ասաց, որ գնորդը վերջին տարիներին ծավալած իր գործունեությամբ ապացուցել է բարեխիղճ գնորդ եւ ներդրող լինելու հանգամանքը: Բացի այդ, հյուրանոցը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Ես հավատում եմ կառավարության որոշմանը, եւ եթե լինի այնպես, որ շենքը փոփոխությունների ենթարկվի, ես կմիանամ գործարքին դեմ հանդես եկողներին»:

Քաղաքապետարանի ներկայացուցիչ, Երեւանի գլխավոր ճարտարապետի խորհրդական Աշոտ Հակոբյանը հայտնեց, որ քաղաքապետարանը գործարքի հետ առնչություն չունի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031