Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելը Վարդան Ղուկասյանից չի հրաժարվի, իսկ Սամվել Բալասանյանի` ԵԿՄ-ական դառնալու հարցը դեռ կքննարկի

Հոկտեմբեր 30,2012 17:38

 

2008 թվականի նախագահական ընտրություններից անմիջապես հետո ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը սկսեց իշխանափոխություն իրականացնել ԵԿՄ մարզային կառույցներում: Գեներալը, այսպես ասած, պաշտոնաթող արեց Լևոն Տեր-Պետրոսյանին սատարած, ընդդիմադիր հայացքներ ունեցող ԵԿՄ-ականներին` նրանց փոխարինելով այլ ազատամարտիկներով: Օրինակ` Շիրակի մարզի ԵԿՄ կառույցը գլխավորում էր նախկին քաղբանտարկյալ, Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանը, որից սակայն ԵԿՄ ղեկը վերցրեցին ու հանձնեցին Յուրա Ալեքսանյանին:

Սա գեներալի կատարած միակ փոփոխությունը չէր: Որպեսզի կարողանա նյութական կամ այլ կարգի օգնություն ցուցաբերել ազատամարտիկներին, Մանվել Գրիգորյանը ԵԿՄ խորհրդում ընդգրկեց նաև քիչ թե շատ աչքի ընկնող քաղաքապետերի ու գյուղապետերի: Մեկը մյուսի հետևից ԵԿՄ-ական դարձան Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը:

Այսօր Aravot.am-ը ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե պատրաստվո՞ւմ են արդյոք պաշտոնաթող եղած ու չընտրված քաղաքապետերի փոխարեն ԵԿՄ մարզային ու քաղաքային խորհուրդների կազմում ընդգրկել նոր քաղաքապետերի:

Նշենք, որ Վարդան Ղուկասյանից զատ, շուտով իր պաշտոնը կլքի նաև Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, որը պարտվեց իր կուսակից ընկերոջը` ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանին:

Ի վերջո Վարդան Ղուկասյանին կփոխե՞ն Սամվել Բալասանյանով` նրան ևս երկրապահ դարձնելով: «Ոչ ,մենք Վարդան Ղուկասյանից չենք հրաժարվի, որովհետև նրա արածները անուրանալի են երկրապահների համար: Անկախ նրանից, թե ինչ միջոցներով է նա այդքան օգնություն ցուցաբերում ազատամարտիկներին, ասեմ, որ նա ամեն վայրկյան կողքներիս կանգնած է: Վարդանը պանթեոն կառուցեց զոհված տղաների համար: Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչքան գումար ծախսեց, բայց կարողացավ գերեզմանոցը խելքը գլուխը բերել: Հիշո՞ւմ եք Շիրակի մարզպետարանի նախկին պաշտոնյաներից մեկը` Արտաշես Սարգսյանը, մեզ դուրս արեց իր տարածքից` չթողնելով, որ ԵԿՄ-ն մի կտոր տեղ զբաղեցնի իր սեփականաշնորհած կառույցում: Այստեղ էլ Վարդանը մեզ օգնեց, ԵԿՄ-ին շենք տրամադրեց: 5 աշխատող ունենք, 2-ի աշխատավարձը ինքն էր տալիս: 40 հատ խանութ-կրպակ նվիրեց զոհված ազատամարտիկների ընտանիքներին, այդ թվում նաև 1, 2 կարգի հաշմանդամ, խեղճ ու կրակ ազատամարտիկներին: Գյուղի ազատամարտիկներին էլ կով նվիրեց, էլ ավտոմեքենա: Այսքանից հետո նրան ուրանա՞նք: Նա միշտ էլ տեր է եղել ազատամարտիկներին, նույնիսկ այն ժամանակ, երբ ԵԿՄ-ի խորհրդի կազմում չէր: Բացի դրանից, Վարդան Ղուկասյանը ջերմ ու շատ մոտ հարաբերությունների մեջ է գեներալ Մանվել Գրիգորյանի հետ», -պարզաբանեց Յուրա Ալեքսանյանը:

Իսկ Սամվել Բալասանյանին պատրաստվո՞ւմ են ընդգրկել ԵԿՄ կազմում, չէ՞ որ ընդունված է գործող քաղաքապետերին ԵԿՄ-ական դարձնել, մեր այս հարցին Յուրա Ալեքսանյանը հետևյալ պատասխանը տվեց. «Դա կախված է նրանից, թե ի՞նչ վերաբերմունք ցույց կտա ազատամարտիկներին նոր քաղաքապետը»:

ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավարից ճշտեցինք` մի՞թե նեղացած է Սամվել Բալասանյանից, որը, նրան համարելով «վարդանիկական» կադր, քաղաքապետարան ոտք դնելուն պես ազատեց տրանսպորտի բաժնի պետի պաշտոնից: Հիշեցենք, որ Վարդան Ղուկասյանը հեռանալուց առաջ Յուրա Ալեքսանյանին նշանակել էր տրանսպորտի բաժնի պետ, որպեսզի վերջինս էլ իր հերթին գործի դնի 30 հաշմանդամ ազատամարտիկների: «Բնական է, որ պիտի նեղանայի, ես 45 տարեկան եմ, երբևէ պետական պաշտոն չեմ զբաղեցրել, և դրա կարիքը չունեմ, բայց էստեղ ազատամարտիկներին օգնելու հարցն էր: Վստահ եմ, որ ժողովրդի ցանկացած շերտ դեմ չէր լինի, եթե ես մնայի տրանսպորտի բաժնի պետ ու 30 ազատամարտիկների դիսպետչերի աշխատանքում տեղավորեի: Էդ կարգի տղաներին գործի տեղավորելը խեր կլիներ, թող օրական իրենց 2000-3000 դրամը վաստակեին, ի՞նչ կլիներ որ: Իսկ էսօր ի՞նչ է փոխվել Գյումրու տրանսպորտի ոլորտում. որպես դիսպետչերներ էլի նույն հղփացածներ են աշխատում, իսկ ազատամարտիկներից շատերը էլի սովից մեռնում են: Էսօր կան ազատամարտիկներ, որոնք 50 տարեկան են դարձել, բայց չեն կարողանում ամուսնանալ, փող չունեն, բա սա մեր քաղաքին ամոթ չէ՞»,- ասաց Յուրա Ալեքսանյանը` ակնարկելով, որ թեև գեներալ Մանվելը ՏԻՄ ընտրություններին սատարեց Սամվել Բալասանյանին, սակայն վերջինս չփոխհատուցեց:

Իսկ ահա Արթիկի հեռացող քաղաքապետ Խաչատուր Վարագյանին ԵԿՄ Շիրակի մարզային կառույցը հաստատ կփոխարինի նորընտիր քաղաքապետով: «Վարագյանը ոչ մի բան չարեց երկրապահների համար, իսկ նորը կարգին տղա է, միշտ ունևոր է եղել, ու միշտ քյասիբի կողքին կանգնել է . նա երկրապահի ծոցից դուրս եկած է, նրան հաստատ, առանց վարանելու կմտցնենք ԵԿՄ խորհրդի կազմում»,- ասաց ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի նախագահը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031