Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի հրավիրած խորհրդակցության մասին. «Հերթական բլեֆներից մեկը, որը մեծ հաջողություն չի ունենա »

Հոկտեմբեր 30,2012 16:56

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ, որը հրավիրվել էր քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ, անդրադարձել է կոնկրետ խնդիրների, որոնք գոյություն ունեն դատախազական համակարգում: Նախագահը խորհրդակցության ընթացում որոշ փաստեր է ներկայացրել, որոնք վկայում են նշված համակարգում գոյություն ունեցող թերությունների մասին: Այնուհետև հայտարարել է. «Եվ սրանք արձանագրված դեպքերից միայն մի քանիսն են: Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ընդհանրապես, իրավապահ մարմնում ինչպե՞ս կարող է այսպիսի մթնոլորտ լինել: Այսինքն, դա նշանակում է, որ որոշ մարդիկ հղփացել են: Եթե մարզի դատախազի տեղակալը մտածում է, որ ինքը կարող է այդպիսի արարք թույլ տալ, ես ուրիշ կերպ մտածել չեմ կարող»:

Aravot.am-ը մի շարք իրավապաշտպանների հետ զրույցում փորձեց պարզել՝ նախագահի՝ այդ խորհրդակցության ընթացքում կոնկրետ մտադրվածություն նկատվե՞ց՝ խնդիրների լուծման առումով, թե՞ դա արվեց ընտրություններին ընդառաջ: «Իրավունքի եւ ազատության» կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանը նկատեց. «Սա նախագահական ընտրություններին ընդառաջ քայլ է: Սերժ Սարգսյանը մենակ՝ Դոն Կիխոտի կարգավիճակում փորձում է տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ում մեն-մենակ պայքարում է անօրինականությունների, կոռուպցիայի, իշխանազանցության դեմ: Սրան իհարկե հավատալ չի կարելի: Կարևոր էին նաև նրա հնչեցրած գնահատականները:Վերջին հաշվով նա զբաղեցնում է ՀՀ նախագահի աթոռը, և նրա տված գնահատականները դատախազական համակարգին կարևոր են: Նրա իշխանության գալու համար դատախազությանը տրվել էր քարտ բլանշ: Ամբողջ իրավական համակարգը, ուժային կառույցները ամեն ինչի իրավունք ունեին, միայն թե ծառայեին Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրմանն ու հաստատմանը: Հիշենք քաղաքական դատավարությունները, մարդկանց նկատմամբ կիրառվող հալածանքները, գործարարների նկատմամբ հալածանքները, որ կատարվում էին դատախազական մարմինների և ուժային կառույցների ձեռքերով: Հիմա իր ցանած բերքն է հնձում: Նա է թույլ տվել, որ իշխանազանցությամբ, անօրինականությամբ զբաղվեն, նա էլ գալիս փորձում է տպավորություն ստեղծել, թե ինչ- որ բան ուղղվում է: Ընդամենը կարելի է հերթական բլեֆներից մեկը անվանել, որը մեծ հաջողություն չի ունենա: Կարող է ամենաանպաշտաններից մեկ-երկուսին աշխատանքից ազատեն, դատեն, բայց համակարգում կոռուպցիան չի վերանա, համակարգը չի փոխվի, քանի որ այդ ամենը գլխավորում է ՀՀ նախագահը»:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ այսպիսի գնահատական տվեց. «Այն խնդիրները, որոնց մասին խոսվեց, իրականում գոյություն ունեցող խնդիրների փոքր հատվածն են: Դրանց մասին 20 տարի, կամ գոնե վերջին տասնամյակում քրեական գործերով զբաղվող փաստաբանները և տուժողի իրավահաջորդները ամեն գործով աղաղակում են: Եվ, ոչինչ… շատ ավելի լուրջ, հիմնավոր և կոնկրետ փաստեր են ներկայացվել: Ես այդ խորհրդակցության ժամանակ բարձրացված հարցերն ընդունում եմ, որ կան, բայց և շատ կուզեմ, որ դա հետևանք ունենա և ինչ-որ բան փոխվի: Բայց այդ խորհրդակցության հերոսը իրավունքը խախտած մարդը չէր: Շատ էր վերացական: Եթե դատարանը ինձ չի համոզել, կարող է չհամոզել նաև նախագահին, քանի որ նա էլ է կողմնակի դիտորդ: Այնինչ դատարանի կարևորագույն գործառույթներից մեկն այն է, որ դատական ակտը համոզիչ լինի»:

Կրկին անդրադառնալով ՀՀ նախագահի անցկացրած խորհրդակցությանը, պարոն Զեյնալյանը նկատեց. «Չկար մարտի 1-ի զոհը, չկար Վահան Խալաֆյանը, Ղուլյանը, չկային մարդիկ, ում իրավունքները կոնկրետ խախտվել են: Ուզում եմ հավատալ, որ այդ խորհրդակցությունը ինչ-որ հետևանքներ կունենա: Բայց համենայնդեպս այդտեղ ես չտեսա իրավունքները խախտված զոհի շահը, ի՞նչ է արվում դա վերականգնելու համար: Չերևաց այն, որ Վարդան Օսկանյանի գործով չկա հանցադեպը և այդ հանցագործության չորս հատկանիշներից մեկը չկա, հետևաբար այդ հանցագործությունը չկա»:

Եզրափակելով՝ Ա. Զեյնալյանը նշեց. «Խորհրդակցությունը գուցե կարելի է համարել բարի ցանկությունների դրսևորում, նախընտրական ինչ-որ քայլ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031