«Վերադարձի դասական երաժշտության 6-րդ փառատոնի ընթացքում ներկայացված համերգների ժամանակ դահլիճը լեփ-լեցուն է եղել, իսկ հանդիսատեսի ջերմ ընդունելությունը վկայում է այն մասին, որ փառատոնը կայացել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի համահիմնադիր Մարիամ Շահինյանը:
Սեպտեմբերի 24-ին սկսված փառատոնն այսօր փակվում է: «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը` նվիրված Ամալյա Բայբուրթյանի ծննդյան 85-ամյակին:
Ծրագրում են Լ.վան Բեթհովեն, Ս.Ռախմանինով, Ֆ.Շոպեն, Ֆ.Լիստ, Վ.Ա. Մոցարտ, Մ.Ռավել, Չ.Կորեա: Համերգի ընթացքում ելույթ կունենան Իսրայելում բնակվող աշխարհահռչակ դաշնակահարներ Վահագն Պապյանը և Բորիս Գիլտբուրգը` Գևորգ Հարությունյանի նվագակցությամբ (հարվածային գործիքներ):
Պապյանը նշեց, որ բավականին յուրօրինակ համերգային ծրագիր է պատրաստվել. «Առաջին բաժնում ամեն մեկս ելույթ կունենանք որպես դաշնակահար, իսկ երկրորդում դուետով հանդես կգանք, ինչպես նաև կատարվելու է ջազային համերգ` «Ֆանտազիա» Չ.Կորեայի թեմայով, որը պրեմիերա է»:
Բորիս Գիլտբուրգն էլ ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում և շատ է ուզում դուր գալ հայ հանդիսատեսին:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ