Այսօր Կարսի անկման օրն է: 90 տարի առաջ Հայոց մայրաքաղաքը առանց կռվի մեկընդմիշտ հանձնվեց Թուրքերին: Վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը «Առավոտ երիտասարդական»-ին ասաց, որ տարիներ առաջ եղել է Կարսում: Նա նշեց, որ Կարսը թուրքերի կողմից գրավված այն տարածքներից է, որտեղ, չնայած 90 տարիների ընթացքում փորձել են վերացնել, քերել հայկական հետքերը, բայց ամեն քարի տակ հայկական ինչ-որ բան կա, հայկականությունը շատ ուժեղ է զգացվում: Այսօր այդ տարածքը մահմեդականներով է բնակեցված: Ըստ վերլուծաբան՝ հայ-թուրքական հարաբերություններ չկան, ո՞ւր մնաց խոսենք Կարսի վերադրաձման մասին: Հակոբյանը ասում է, որ մինչ դրա մասին խոսելը, գոնե օրվա խորհուրդը պետք է հիշենք: Բացի դրանից՝ այն սերունդը, որը պետք է հետագայում զբաղվի դրանով, ոչինչ չգիտի Կարսի մասին:
«Առավոտ երիտասարդական»-ը հարցախույզ անցկացրեց երիտասարդների շրջանում, պարզելու համար, թե ինչ գիտեն նրանք պատմական Կարսի մասին: Վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի համոզմունքը ճիշտ էր. նրանք ոչնչից էլ տեղյակ չեն:
Հարցը տալուց մի քանիսը նույնիսկ զարմացան Կարս անունը լսելիս, շատ շատերն էլ ոչինչ չգիտեին: Պատահեց նաեւ, որ ստացանք հետեւյալ պատասխանը. «Էս ինչ անիմաստ հարցեր եք տալիս»:
Արամ Արարատյան