Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում կրկին կիրակնօրյա դպրոց կգործի

Հոկտեմբեր 30,2012 15:45

Այսօր Կապանում վերաբացվեց եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցը, որը փակվել էր դեռեւս 2 տարի առաջ` գործունեության համար անհրաժեշտ ֆինանսավորման բացակայության պատճառով: Կապանում երբեւէ կիրակնօրյա դպրոց չէր եղել, 4 տարի առաջ Կապանի ՍԲ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ Գալուստ Վարդապետ Դարբինյանը նախաձեռնեց Կապանում կիրակնօրյա դպրոց հիմնելու ծրագիրը, որն իրականություն դարձավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Սյունիքի մարզում ծրագրերի իրականացման եւ «Վորլդ Վիժն»-ի Կապանի տարածքային զարգացման գրասենյակների աջակցությամբ: Կիրակնօրյա դպրոցին օժանդակել էր նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Սակայն դպրոցը գործեց ընդամենը 2 տարի, ֆինանսավորում չկար, հովանավորներ էլ այդպես էլ չգտնվեցին: Գալուստ վարդապետ Դարբինյանի խոսքով` շատերն էին խոստացել աջակցել, ֆինանսապես օգնել, հովանավորել, բայց բոլոր խոստումներն այդպես էլ օդում են մնացել, նույնիսկ դժվարությունների էր հանդիպում դպրոցի գոյությունը պահելու ժամանակ: Ստիպված էր մուրացկանություն անել, տարբեր տեղեր դիմել ուսուցիչների աշխատավարձը հայթայթելու համար:

Երկու տարվա դադարից հետո վերջապես հովանավոր գտնվեց եւ հոկտեմբերի 29-ից կրկին բացվեցին կիրակնօրյա դպրոցի դռները Կապանի երեխաների համար, որտեղ նրանք հոգեւոր դասեր կառնեն, ասեղնագործություն, հելունագործություն եւ այլ ձեռագործ աշխատանքներ ու նկարչություն կսովորեն: Այս պահին դպրոց հաճախում է մոտ 50 երեխա:

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն հովանավորեց եւ 2 մլն 400 հազար դրամ գումար տրամադրեց կիրակնօրյա դպրոցի մեկ տարվա գործունեության համար: Ըստ ընկերության վարչական գծով տնօրեն Հրաչ Ջաբրայանի` կիրակնօրյա դպրոցի հաջող գործունեության դեպքում եկող տարի էլ կհովանավորեն: «Փոքր տարիքում մայրս մեզ կիրակնօրյա դպրոց ուղարկեց Կանադա, որպեսզի քրիստոնեական Աստվածաշնչի ուսուցումը մեր մեջ դրոշմվի: Այստեղ տեղափոխվելով հասկացա, որ այստեղ եկեղեցական կրոնի պակասը, թերահավատությունը կա մեր ժողովրդի մեջ, դրա առաջն առնելու համար պետք է մեր երեխաներին քրիստոնեություն դաստիարակենք, կարծում եմ, կիրակնօրյա դպրոց ուենալն է այդ ձեւը», -հավելեց պարոն Ջաբրայանը:

Կիրակնօրյա դպրոցի սաները, բացի տեղում հոգեւոր դասեր առնելուց եւ մյուս պարապմունքներին հաճախելուց, կմասնակցեն իրենց համար կազմակերպվելիք էքսկուրսիաներ դեպի վանքեր, եկեղեցիներ եւ մարզի այլ վայրերում գտնվող աղոթատեղիներ:

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանը դպրոցի վերաբացման հանդիսության ժամանակ նշեց, որ սյունեցիներն իրավունք չունեն եկեղեցուց հեռու լինել եւ իր առջեւ մեծ նպատակ է դրել, որ թեմի բոլոր քաղաքներում կամ գյուղերում լինեն նմանատիպ կառույցներ, որոնց գործունեությունը հայ ժողովրդի զավակներին էլ ավելի կմոտեցնի դեպի իրենց արմատները:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031