Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյանը պատասխանել է Իլհամ Ալիեւին

Հոկտեմբեր 30,2012 15:42

Հոկտեմբերի 21-26-ը ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Կարեն Ճշմարիտյան եւ Հեղինե Բիշարյան, մասնակցել է Քվեբեկում (Կանադա) կայացած միջխորհրդարանական միության 127-րդ վեհաժողովին: Վեհաժողովի ընթացքում քննարկվել են «Քաղաքացիություն, ինքնությունը եւ լեզվական ու մշակութային բազմազանությունը գլոբալացված աշխարհում», «Գենդերային գործոնը հաշվի առնող խորհրդարանները» թեմաները: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեցին պատվիրակության անդամները:

Սույն վեհաժողովում մեր պատվիրակության ղեկավար Կարեն Ճշմարիտյանը ընտրվել է գործադիր կոմիտեի անդամ եւ փոխնախագահ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դիմել էր վեհաժողովի գործադիր կոմիտեին, որպեսզի 2014թ. Միջխորհրդարանական միության վեհաժողովն անցկացվի իրենց երկրում: Գործադիր կոմիտեի հոկտեմբերի 23-ի նիստում Ադրբեջանի նախագահի առաջարկը մերժվել է: Հաջորդ վեհաժողովը կանցկացվի հավանաբար Մոնղոլիայում:

Իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած հատուկ քննարկման ժամանակ, որը նվիրված է եղել գլոբալացված աշխարհում քաղաքացիության, ինքնության, լեզվական ու մշակութային բազմազանությանը, ելույթ է ունեցել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւը (ոչ նախագահ), որն իր խոսքում ջանք չի խնայել գովաբանելու Ադրբեջանի վարած քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ, ապա հայտարարել է, որ Ադրբեջանում ապրում են 30 հազար հայեր եւ իրենց երկրի 20% տարածքները գրավվել են հայկական ուժերի կողմից:

Հոկտեմբերի 25-ին, նույն խնդիրներին նվիրված նիստում, ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հեղինե Բիշարյանը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի ելույթին, վեհաժողովի մասնակիցներին տեղեկացնելով Ադրբեջանի վարած քաղաքականության, մարդասպան Սաֆարովի եւ Լեռնային Ղարաբաղի, Սփյուռքի եւ մեր հայրենակիցների մասին: Ելույթից հետո տիկին Բիշարյանին է մոտեցել Հունգարիայի պատվիրակության ընդդիմադիր անդամ պատգամավորը եւ ներողություն է խնդրել Սաֆարովին արտահանձնելու իր երկրի քայլի համար: Այնուհետեւ տիկին Բիշարյանին է մոտեցել նաեւ Հունգարիայի պատվիրակության ղեկավարը եւ չափազանց հուզված հայտնել, որ իրենք ափսոսում են կատարվածի համար, հայերի ցավը իրենց ցավն են համարում եւ ցանկանում են վերականգնել Հայաստանի հետ հարաբերությունները, կարծում են, որ հայերն ու հունգարները ընդհանուր պատմություն ունեն, նաեւ գործարար հետաքրքրություններ ու ճիշտ են համարում, որպեսզի պատգամավորական փոխայցելությունների մակարդակով վերականգնվեն երկու երկրների փոխհարաբերությունները:

Ի դեպ, տիկին Բիշարյանի ելույթի ժամանակ ադրբեջանցի պատվիրակները դահլիճում չեն եղել: Պարոն Ճշմարիտյանն ու տիկին Բիշարյանը պատմում էին, որ ադրբեջանական պատվիրակության անդամները, ովքեր նստած են եղել հայկական պատվիրակության հետեւի շարքում, երկու օր շարունակ երգում էին: «Հավանաբար վատ էին զգում, որ մեր ետեւում են նստած»,- հումոր արեց Կարեն Ճշմարիտյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031