Նոյեմբերի 6-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կլսվի ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի դատական հայցը: Ազգագրագետը պարոն Հայրապետյանից պահանջում է ներողություն խնդրել իր արժանապատվությունն ու գործարար համբավը ոտնահարելու համար:
«Շատ կուզենայի, որ մարդը գար ու դատարանում ապացուցեր, որ ես, իր ասելով, քաղաքական շահերի գործին գերի եմ, փողով, ֆինանսական նկատառումներով հասարակական գործընթաց եմ սկսել իր դեմ եւ այլն, այսինքն այն ամենը, ինչը բացարձակ սուտ է, բայց Հայրապետյանը բարձրաձայն հնչեցրել է»,- ասաց տիկին Խառատյանը:
Տիկին Խառատյանը հույս չունի, թե իր ներկայացրած հայցը դատարանում պատշաճ կքննվի. «Տարակուսում եմ, որ Հայրապետյանի հետ կապված որեւէ իրավական խնդիր պատշաճ քննության ենթարկվի կամ դատարանը պատշաճ պատասխան տա: Մեծ բան չէ, կարող է պարոն Հայրապետյանը գերադասի ներողությունը դատական քաշքշուկներից կամ կարող է դատարանը պահանջի ես ներողություն խնդրեմ, որ վիրավորվել եմ, որ Հայրապետյանն իմ հանդեպ սուտ, կեղծ հայտարարություններ է արել»:
Կարդացեք նաև
Ազգագրագետից հետաքրքրվեցինք, կիսո՞ւմ է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի «168 ժամ»-ին տված հարցազրույցում հայտնած տեսակետը, թե Ռուբեն Հայրապետյանը դե յուրե կապ չի ունեցել «Հարսնաքարի» ողբերգության հետ ու նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել: Հրանուշ Խառատյանն ասաց. «Չափազանց զարմացրեց: Ես չգիտեմ, Ռուբեն Հայրապետյանը քաղաքական հայացք ունի՞, թե՞՝չունի: Նա պետք է մի հայացք ունենա, որի հանդեպ քաղաքական հետապնդում լինի: Պարզվում է՝ պարոն Աշոտյանը արդեն գիտի՝ ով ինչ իրավական կապ ունի, պարոն Աշոտյանը դատավոր է, քննել է: Մեղքս գալիս էլ է, խեղճ պարոն Հայրապետյանը, նրան ոչ մի քննության չեն ենթարկում ու իր շուրջը բազմաթիվ խոսակցություններ: Թող կանչեն դատարան, պարզեն, որ կապ չունի, բոլորս իմանանք, իսկ պարոն Աշոտյանը որտեղի՞ց գիտի, որ կապ չունի»:
Aravot.am-ը ավելի ուշ Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվեց, թե հիմնավոր համարո՞ւմ է տիկին Խառատյանի հայցը եւ արդյոք պատրա՞ստ է ներողություն խնդրել, եթե դատարանը բավարարի հայցը: «Դատարանը կարող է որոշում է, որ տիկին Խառատյանը սխալ հայց է տվել: Մինչ այդ հարցերի չեմ ցանկանում պատասխանել»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ