«Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է միայն հեղափոխական ճանապարհով, բայց այդ կամքը մեր երկրում բացակայում է: Չկա այն խումբը, որ պատրաստ է ու կարող է հասունացնել եւ անել: Մինչեւ մեր իշխանությունները ռեալ ու շատ հստակ մրցակից չտեսնեն, մեր երկրում ոչինչ տեղից չի շարժվելու »,- այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ըստ նրա, Հայաստանում չկա այլախոհություն. «Եթե չհաշվենք Խաչատուր Սուքիասյանի միակ դեպքը, որի ավարտը տեսանք՝ ինչ եղավ: Ապրիլից այս կողմ, մամուլը, կյանքը, զարգացումները Գագիկ Ծառուկյանին մղում են այլախոհության, բայց մարդը չի գնում ու չի գնալու, որովհետեւ ակնհայտ է, թե անձամբ իր հետ ինչ կարող է լինել: Առաջիկայում դժվար էլ քաղաքական այլախոհություն լինի»:
Ասուլիսի մյուս մասնակիցը՝ վերլուծաբան Արծրուն Պեպանյանն էլ կարծիք հայտնեց. «Որեւէ մի օլիգարխ Հայաստանում չի կարող երկու օրից ավելի իշխանական համակարգի դեմ դուրս գալ: Եթե ինքը բավական երկար ժամանակ դիմադրում է , նշանակում է իր հետեւում ուժեր կան ՝տեղական կամ արտաքին»:
Կարդացեք նաև
Պարոն Պեպանյանի համար, քաղաքական դաշտը վախճանվել է 1996-ի աշնանը, երբ, իր խոսքերով, Վազգեն Մանուկյանը արդարություն գրությամբ դրոշը բարձրացրեց. «Եկանք, հասանք մի իրականության, երբ միջին հայը ոչ ընդդիմության, ոչ իշխանության հետ է հույս կապում: Ինչ-որ մի ժամանակ սխալ ճանապարհով եկել հասել ենք այստեղ, երբ 3 նախագահած անձանց թիմեր են իրար դեմ դուրս եկել: Մեկը մյուսին մեղադրում են ձեր շրջանի վատ կառավարման համար: Երեք նախագահների օրոք էլ Հայաստանն ունեցել է անկում, ու դա շարունակվում է: Ստացվում է ՝ վատ նախագահած նախագահները հավաքվել ու վիճարկում են՝ ով պետք է նախագահի: Ես ասում եմ՝ նրանցից ով էլ լինի՝ վատ է լինելու »:
Տիկին Խառատյանն էլ անդրադարձավ դատախազությունում ՀՀ նախագահի անցկացրած վերջին խորհրդակցությանը. «Նախագահի մեկ տարվա բարձրաձայնած ձեւակերպումները ցույց են տալիս, որ լավ տեղեկացված է իրավիճակին: Տարօրինակ է , որ բարձրաձայնումները զուգադիպում են նախընտրական շրջանին եւ տարօրինակ է, որ այդ բարձրաձայնումներից հետո կատարվող գործողությունները ոչ մի խնդիր չեն լուծում: Սա վկայում է այն մասին, , որ սկզբունքորեն ոչինչ փոխելու մտադրություն չկա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ