Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Չի լինի՞ ԿԲ-ի մի քանի շինարարությունը մի քիչ կանգնեցնեք, երկու անգամ թոշակն ավելանա»

Հոկտեմբեր 30,2012 15:13

Այսօր ԱԺ-ում 2013-ի պետբյուջեի նախագծի քնարկման ժամանակ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մի ուշագրավ թիվ հրապարակեց: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նրանից հետաքրքրվեց, թե ստվերն այսօր որքա՞ն է կազմում: Վաչե Գաբրիելյանն էլ ասաց՝ 30-35 տոկոս: Սա, ըստ Ռուբեն Հակոբյանի, շատ համարձակ քայլ էր, որովհետեւ մինչ այս նման գնահատական դեռ չի հնչել իշխանության ներկայացուցչի կողմից:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը մի շարք հարցեր ուղղեց նախարարին: Նրա խոսքերով՝ «Տնտեսությունն աճեցնում ենք 6 տոկոս, եկամուտները՝ ես համաձայն չեմ այսքան քիչ, բայց 13 տոկոս, ինչի՞ է այդպես ստացվում, որ թոշակը մի դրամ ավելացնենք կամ աշխատավարձը: Մենք այսօր հայտարարում ենք, որ այս բյուջեն, համենայնդեպս, բյուջետային ոլորտի աշխատողները կամ թոշակառուները, քանի որ նրանց մոտ որեւէ բարձրացում չի նախատեսվում, կապրեն առնվազն 4 տոկոս վատ: Ի՞նչ ենք դնում, անընդհատ ասում եք՝ ընդդիմությունը չի ուզում լավը տեսնի: Մենք գնանք ի՞նչ ասենք, որ 4 տոկոս վա՞տ եք ապրելու, որ այս տարի 110 հազար մարդ է գնացել, մյուս տարի կգնա 130 հազար: Ես փորձում եմ նայել, թե ինչ է լինում էդ աճը, որ դուք աճեցնում եք 10 տոկոս: Ես տեսնում եմ պաշտպանության աճ մի քիչ: Չի լինի՞ ԿԲ-ի մի քանի շինարարությունը մի քիչ կանգնեցնեք, երկու անգամ թոշակն ավելանա:

Մենք մի կողմից տեսնում ենք ծայրահեղ աղքատություն, իսկ աղքատությունն ավելանալու է, բնականաբար, մյուս կողմից տեսնում ենք ցոփություն՝ որոշ հիմնարկների ծախսերում: Չէ՞ որ աղքատությունը հարաբերական է: Հիմնականը այն չի, որ ես 100 դոլար եմ ստանում, թե 200 դոլար: Հիմնականը նա է, որ ես միջինից 5 անգամ պակաս եմ ստանում: Ինձ ասեք, համախառն ներդրումներ եւ բյուջետային ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունն ինչպիսին է լինելու: Ինչպիսին է 2012-ին, ինչպիսին է լինելու 2013-ին: Մենակ չասեք կնայենք, կուսումնասիրենք ձեզ կպատասխանենք, որովհետեւ եթե այդպես եք ասում, ուրեմն ոչ նայելու եք, ոչ ուսումնասիրելու եք, ոչ էլ պատասխանելու եք»: Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Ցավոք, ճիշտ գուշակեցիք իմ պատասխանը, ես այդ թիվը ձեզ չեմ կարող ասել»:

Հրանտ Բագրատյանը նաեւ հետաքրքրվեց. «ԿԲ-ի պարտքը կազմում է 530 մլն դոլար, էդ ի՞նչ պարտքեր է վերցնում, ո՞վ է թույլ տալիս, ինչո՞ւ եք թույլ տալիս՝ որպես ֆինանսների նախարար»: Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ ԿԲ-ին տրվող պարտքը տրվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից. «ԱՄՀ-ն որպես կանոն տրամադրում է մակրոտնտեսական կայունության համար վարկեր ոչ միայն ՀՀ ԿԲ-ին, այլեւ՝ ամբողջ աշխարհում: Առաջին անգամ նման վարկ վերցրել է ԿԲ-ն 1994-ի դեկտեմբերին»: Հրանտ Բագրատյանը հակադարձեց՝ ոչ, դա կառավարությունն է ստորագրել, իսկ Վաչե Գաբրիելյանը բացատրեց, որ հիմա էլ ցանկացած վարկ, որ վերցնում է ԿԲ-ն, ներկայացվում է Սահմանադրական դատարան, այնուհետեւ՝ ԱԺ»:

Հրանտ Բագրատյանը պատասխաններից դժգոհ մնաց. «Դուք իմ ոչ մի հարցի չպատասխանեցիք: Եկամուտներ-ՀՆԱ հարաբերությունը 22.74 է, նախկինում՝ 22.77 էր, դուք պատասխանում եք հարկեր-ՀՆԱ հարաբերությունը: Ես դա չհարցրեցի՝ քաջ գիտակցելով, որ հարկը կարող է տրանսֆորմացվի տուրքի եւ հակառակը: Վերջնական իտոգը նա է, որ ստվերայնությունը 22.74 -ի դեպքում անպայման ավել է, քան թե 22.77-ի դեպքում՝ այլ: Ես կխնդրեի շատ զգույշ ասել, երբ որ ասում եք՝ Բագրատյանը էս թիվը սենց է ասում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031