«Ես կարծում եմ, որ հայ ոսկերիչները ազգի ընտրյալներն են, քանի որ նրանց տրված է աստվածային շնորհք, տաղանդ, խելք, ամենագլխավորը` համեստություն, ոսկին նախեւառաջ համեստություն է սիրում»,- այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ոսկերիչներին այսպիսի մեծարանքի խոսքեր նվիրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը`ոսկերչական ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպված համաժողովի ժամանակ:
Տիկին Հակոբյանը ոսկու բիզնեսով զբաղվող սփյուռքի գործարարներին համոզելու համար, որ հայկական ոսկին արտահանեն, վստահեցրեց, որ հայ ոսկերիչները ավանդականն ու ժամանակակիցն այնպես են զուգորդում, որ օտարերկրացին էլ է ցանկանում դա կրել:
Ի տարբերություն նախարարի, «Իվ քոնսալթինգ» ընկերության ներկայացուցիչ Սեւակ Հովհաննիսյանը կարծում էր, որ հայ ոսկերիչներին պակասում է ուրույն դիզայնը եւ սեփական բրենդը, որոնք էլ խոչընդոտում են, թե’ ներքին շուկայում նրանց աշխատանքների սպառմանը եւ թե’ արտահանմանը. «Գերակշռողը ձեռագործ աշխատանքներն են, հիմնականում դիզայնը կրկնօրինակում են հանրահայտ ընկերությունների աշխատանքներից»:
Սփյուռքահայ գործարար Վահան Զաքյանը, որը Ռուսաստանում «Ադամանդ» ոսկու գործարանի սեփականատերն է, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում բիզնես ծավալելու ցանկություն առայժմ չունի, քանի որ մեր ներդրումային դաշտին լավ ծանոթ չէ.«Եթե ազատ տնտեսական գոտին ստեղծվի, հնարավոր է ցանկություն առաջանա ինձ մոտ: Բայց ձեր շուկան դատարկ է, ճիշտ է մեր արտադրանքն այստեղ լավ կվաճառվի, բայց Հայաստանում օրինական ոչ մի բան չկա, կոպիտ ասած` այստեղ զիբիլ է վաճառվում: Լավ աշխատանքներ քիչ կա, դրանք հայ վարպետների ձեռքի գործերն են, մնացածը Թուրքիայից բերած գործեր են, գնորդը ձգտում է թեթեւ գեղեցիկ եւ էժան իր գնել»:
Ըստ Սեւակ Հովհաննիսյանի, ճգնաժամով պայմանավորված, ոսկու բիզնեսի ծավալները 4 անգամ նվազել են: Այսօր ոսկերչության ոլորտում ներգրավված են 10 հազար ոսկերիչ, շուկայում գործում են 20 ընկերություն, որոնց թվում կան նաեւ սփյուռքահայերի ներդրումներով ընկերություններ: Պարոն Հովհաննիսյանի տվյալներով, Հայաստանը դասվում է փոքր արտահանում ունեցող երկրների շարքին. «Թուրքիան 90-ականներին արտահանել է ճիշտ այնքան, որքան այսօր Հայաստանը»:
Պարոն Հովհաննիսյանը համոզված է, որ արտահանումը կավելանա, եթե զբոսաշրջությունը զարգանա. «Միաժամանակ, եթե ոսկերչությունը զարգացնենք, ապա տուրիզմին կխթանենք, զբոսաշրջիկը Հայաստան կայցելի ոսկի գնելու նպատակով»:
Հայկական ոսկին կարտահանվի Ռուսաստան, Թուրքմենստան, Ղազախստան, Ուկրաինա:
Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը սփյուռքահայ գործարարներին վստահեցրեց, որ ոսկերչության ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում եւ ներդրումների համար բարենպաստ օրենսդրություն ունենք: Ոլորտը գրավիչ դարձնելու համար հարկային ու մաքսային արտոնություններ են սահմանել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև