Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցապնախարարը Արծվիկ Մինասյանին կբացատրի, թե ինչպես ազդել երիտասարդ ընտանիքների ամուսնական կառուցվածքի վրա

Հոկտեմբեր 30,2012 14:38

«Մի նախադասություն կարդամ պետբյուջեի նախագծից, կխնդրեմ, որ այդ նախադասությունը բացատրեիք՝ ինչ է սա: Ժողովրդագրական քաղաքականության բնագավառում 2013-ի տարեկան ծրագրի շրջանակներում կիրականացվեն ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, ինչը նպատակաուղղված է երիտասարդ ընտանիքների ձեւավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով բնակչության ամուսնական կառուցվածքի աստիճանական բարելավման», այսօր ԱԺ-ում 2013-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին այս հարցն ուղղեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա հետաքրքրվեց՝ բացատրեք ինչ է ասվում, միգուցե լավ բան է ասվում՝ ես չգիտեմ: Պատգամավորները, հասկանալով աբսուրդը, փռթկացին: Վաչե Գաբրիելյանն էլ պատասխանեց՝ քանի որ այստեղ է սոցապնախարարը, իր ելույթի ժամանակ ինքը այդ ոլորտի քաղաքականությունը կբացատրի: Բոլոր հնարավոր մեխանիզմները հետո պարոն Մինասյանը կարող է օգտագործել՝ երիտասարդ ընտանիքների վրա ազդելու համար:

Արծվիկ Մինասյանը նաեւ հարցրեց. «Փաթեթը քանի՞ հիմնարար նպատակ է հետապնդում, վարչապետն ասաց 4 նպատակ, բայց փաթեթում նշված է մեկը՝ մակրոտնտեսական կայունության ապահովում»:  Նախարարը պատասխանեց, որ վարչապետը եւ բյուջեի նախագիծը հակասող չեն, այլ՝ փոխլրացնող. «Կայունությունը հանդիսանում է այն ցուցանիշներից մեկը, որը պարոն վարչապետը նշեց: Ուղղությունները ամբողջովին նշված են բյուջեի նախագծում, ուղղակի՝ տարբեր տեղերում: Վարչապետը չէր հետեւում ուղերձին՝ տող առ տող: Այդտեղ հակասություն չկա: Մակրոտնտեսական կայունության համար անհրաժեշտ է տնտեսական աճի, գնաճի, ընթացիկ հաշվի եւ դեֆիցիտի, պարտքի մեծության հիմնական ցուցանիշերը եթե մենք ամփոփ նայենք, ապա դրանց այնպիսի մակարդակ է, որ հնարավորություն է տալիս տնտեսական կայունությանը եւ մակրոտնտեսական միջավայրում հնարավորություն է տալիս գործել կանխատեսելիության շրջանակներում»: Արծվիկ Մինասյանը չհամաձայնեց՝ «Ճգնաժամի ժամանակ էլ էիք ասում՝ մակրոտնտեսական կայունության փուլում եք, հետճգնաժամային փուլում էլ էիք ասում: Մենք գիտենք, որ գտնվում ենք կայուն անկայունության վիճակում»:

Արծվիկ Մինասյանը նաեւ հետաքրքրվեց, թե տնտեսական ի՞նչ կառուցվածք ենք ունենալու, որքա՞ն աշխատատեղ ենք ստեղծելու, որքան է միջին աշխատավարձը լինելու, բնակչության թվի աճը՝ եթե լինելու է կենսամակարդակի մի քանի ցուցանիշներ՝ աղքատության ցուցանիշ եւ այլն: Ունի՞ կառավարությունը պատկերացում, թե բացի այդ, հավելյալ աղբյուրներ բացահայտելո՞ւ է՝ հանքարդյունաբերության ոլորտում, խաղատների, վիճակախաղերի բիզնեսում: Որքան գիտեմ, կազինոներում շահումները պետք է հարկվեն: Արդյոք պլանավորվա՞ծ է՝ բյուջեում որքան աճ ենք ունենալու դրա արդյունքում: Վաչե Գաբրիելյանը նշեց, որ այս պահին նման ցուցանիշներ չի կարող բերել. «Շատ դժվար կլինի ասել ցուցանիշները: Կազինոների հարցը խոստանում եմ պարզել եւ ձեզ տեղյակ պահել»:

ՀՅԴ պատգամավորը նաեւ անդրադարձավ սոցիալական փաթեթի խնդիրներին՝ նշելով, որ 9 ամիսների ընթացքում սոցիալական փաթեթի բացասական դրսեւորումներ են եղել: Մասնավորապես, առողջապահական համալիրների փաթեթը բաժանվում է բացառապես 8 տուրիստական կազմակերպությունների միջոցով: Պետք է գնան տուրգործակալության մոտ, որ նա ուղղորդի, թե որ առողջապահական համալիրը գնան, իսկ դա բերում է միջնորդավճարի, հավելյալ ծախսերի: Վաչե Գաբրիելյանի խոսքերով՝ «Ինչ վերաբերում է սոցփաթեթին՝ ճիշտ եք, կան խնդիրներ, սակայն ես ձեր նշածը չէի նշի՝ որպես ամենակարեւորը: Հանգստի միջոցները ենթադրում են որոշակի միջոցառումների: Տուրօպերատորների ներգրավման միակ նպատակը  նպակաուղղված միջոցների կանխիկացման սահմանափակումն է»: Արծվիկ Մինասյանը դարձյալ չհամաձայնեց, որ տուրգործակալությունները նպաստում են գործընթացի օրինականացմանը, բազմաթիվ օրինակներ կան, որ քաղաքացինրը չեն գնում հանգստանալու, գումարը տուրգործակալության հետ, այսպես ասած, մեջ-մեջ են անում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031