Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հարցով լրատվամիջոցների հետ այսօր «Նոյյան տապան» ակումբում հանդիպեցին ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը:
«Սկայպով» հետեւելով հանդիպման ողջ ընթացքին, Էդմոնդ Խուդյանն ասաց, որ դիմել է ԱԺ բոլոր պատգամավորներին, իսկ այսօրվա հանդիպմանն ակնկալում էր ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Էդմոն Մարուքյանի, ՊԵԿ նախագահ Արմեն Ալավերդյանի եւ քրեական գործի հսկողությունն իրականացնող դատախազի մասնակցությունը:
Վերջինները, սակայն, ներկա չգտնվեցին:
Ինչ է տեղի ունեցել, եւ ինչ փոխանցեցին գործարարի ներկայացուցիչ փաստաբանները:
Կարդացեք նաև
Մաշտոցի պողոտայում 13 հարկանի շենք կառուցելու համար Էդմոնդ Խուդյանը միլիոնների ներդրումներ է կատարել: Վերջինին պատկանող՝ «Արին կապիտալ ներդրումների ընկերության» դեմ քրեական գործ է հարուցվել անցյալ տարվա մայիսից, կանխամտածված սնանկության հետեւանքով առանձնապես խոշոր չափի՝ 139 միլիոն դրամի վնաս պետությանը հասցնելու համար:
Նախաքննությունը 1,5 տարի շարունակվում է, եւ սակայն, ըստ փաստաբանների, սայլը տեղից չի շարժվում, վերահսկող դատախազը, չնայած գործի բազմադրվագությանը, անգործության է մատնվել, ՊԵԿ քննչական վարչությունն էլ գործարարին տուժող չի ճանաչում, իսկ մնացած վկաներն էլ «հյուրի» կարգավիճակով են կանչվում նախաքննության մարմին:
Ավելին, նախաքննության փուլում, Մաշտոցի 33/ա եւ 33/1 հասցեներում գտնվող շենքերում անհայտ բնակիչների քանակն ավելացել է, սա այն դեպքում, երբ ընկերությունը սնանկ է ճանաչվել:
Ի դեպ, երկու այլ սփյուռքահայ, որոնք բնակարաններ են ունեցել նշված շենքում, գալով Հայաստան, պարզել են, որ իրենց բնակարանները վաճառվել են այլ անձանց:
Ըստ ճանաչված փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի, սփյուռքահայ գործարարին «քցելը» հեղինակազրկում է պետությանը, որի դեմ միջազգային դատարանում իրենք պատրաստվում են դատական գործընթաց բացել:
Այն հարցին, թե ովքեր են «քցողները», փաստաբանը ներկայացրեց իր վստահորդի կարծիքը. ՀՀ նախագահի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի ընկերը՝ Վլադիսլավ Մանգասարյանը /շինարարություն իրականացնողը/ եւ ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը:
Մեր այն հարցին, թե ինչ մասնակցություն է ունեցել ՀՀ նախագահի եղբայրն այս շինարարության հետ կապված, փաստաբանը, ինչպես նաեւ Խուդյանը /սկայպով/ պատասխանեցին, որ շենքի աուդիտը կազմակերպվել է Լեւոն Սարգսյանի ներկայացրած մասնագետի կողմից, եւ որ նա մինչ օրս մասնակցություն է ունեցել շենքի շինարարությանը:
Ըստ Է.Խուդյանի, նա «այս գործով 3-րդ անձ է ճանաչվում»:
Այս ուշագրավ գործով մեղադրյալներ դեռ չկան, չկա տուժող, գործարարի ներկայացուցիչները մի բացահայտում էլ արեցին. իրենք պահանջել են, որպեսզի նախաքննության մարմինը կանչի Սեւակ Արծրունուն:
Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրենց վստահորդի 1708 քմ տարածքը, որը գնահատվել է 2,5 միլիոն դոլար, անհատույց տրվել է Սեւակին: Վերջինի հետ կպված նախաքննության մարմնին է դիմել «Նարեկացի» կենտրոնի տնօրեն Նարեկ Հարթունյանի եղբայրը՝ Սարոն:
Ուշագրավ մեկ այլ բացահայտում էլ եղավ. Վլադիսլավ Մանգասարյանը, որը սնանկ է ճանաչվել 2009թ.-ին, մեկ այլ գործով, վարկ է ստացել «Հայբիզնեսբանկից»:
Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանն ասաց, որ իրենք նախաքննության, հետաքննության փուլում հարցեր ծագելու դեպքում իրավաբանական օգնություն են ցույց տալիս իրենց դիմած մեր հայրենակիցներին, դատական գործընթացներին չեն միջամտում: Կոնկրետ որքանն են դիմել այս տարի, չհիշեց հանդիպմանը ներկա իրավաբանական վարչության պետը: Դ.Կարապետյանը հայտնեց, որ Է.Խուդյանի դիմումին էլ են պատասխանել /աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը/, սակայն նույն պահին այս պատասխանի դեմ առարկեց գործարարը, ասելով, թե որեւէ պատասխան ինքը չի ստացել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ